Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ գնահատում արտահայտության որակը, բայց ԱԺ նախագահին հարիր չէ դրան պատասխանելը բռնությամբ և թքելով». Զառա Հովհաննիսյան

Ապրիլ 03,2023 14:20

«Ցանկացած բռնություն՝ այդ թվում նաև ֆիզիկական, դատապարտելի է»,- «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ծեծկռտուք՝ խորհրդարանում. ի՞նչ հարցեր են լուծում ժողովրդի ընտրյալները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ Զառա Հովհաննիսյանի՝ պետք է նայել այս իրավիճակի արմատներին, թե ինչու մեր հասարակության, քաղաքական ուժերի, հանրության տարբեր հատվածների միջև չի ստացվում կառուցողական երկխոսությունը կամ բովանդակային բանավեճը: Նա նշեց. «Դա էլ է ընդունելի, որ կարող է լինել բանավեճ, լինեն տարբեր կարծիքներ, բայց դա պիտի լինի քաղաքակիրթ հարթակում»:

Իրավապաշտպանը հիշեցրեց 2018-ին հնչեցված խոստումները, որոնցից մեկը ներազգային բախումներ, թշնամանք թույլ չտալն էր, բովանդակային խոսակցություն բացելն էր համազգային խնդիրների շուրջ և միասին լուծումներ գտնելն էր: Այնուհետև նշեց. «Այդ կոչը չիրագործվեց, քանի որ հագուրդ տրվեց միմյանց հանդեպ թշնամանք սերմանելուն, բոլոր հարցերի վերաբերյալ ասֆալտին փռելով, ուժ գործադրելով, տարբեր շանտաժներով այդ հարցերը լուծելուն: Դա գայթակղիչ ճանապարհ է, ցանկացած իշխանություն այդ ճանապարհով գնացել է մեր երկրում: Որևէ իշխանություն չի փորձել ոչ երկխոսություն սկսել ընդդիմադիր ուժերի հետ, ոչ բավարար խոսակցություն վարել հասարակության հետ, բացել այն բոլոր խնդիրները և բաց ձևով հասարակության հետ խոսել առանց պոպուլիզմի»:

Զառա Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ ԱԺ-ում պետք է փոխվեին պրակտիկաները, ինչը ևս չեղավ. «Խորհրդարանում մշտապես եղել են էթիկական կոպտագույն խախտումներ: Դա այն հարթակն է, որը վարք է թելադրում հասարակությանը, այն մոդելները, որոնցով կարող է շարժվել: Օրինակ՝ բովանդակային քննարկումների և բանավեճերի փոխարեն ձեռքերով շարժումներ, հայհոյանքներ, բռնություն: Տեսնում ենք՝ այդ պրակտիկաները չեն փոխվում, դարձյալ նույն վարքը թելադրում են հասարակությանը: Մյուս կողմից այն փոխզսպման մեխանիզմները, որոնք առկա են օրենսդրության մեջ՝ մասնավորապես տարբեր տիպի ներքին կանոնակարգերը, կանոնակարգ օրենքում ամրագրված էթիկական հանձնաժողովները, որոնք պիտի ձևավորվեին ցանկացած տիպի խախտման պարագայում՝ այդ թվում խոսքային, վերբալ բռնության կիրառման պարագայում, տեսնում ենք՝ այդ մեխանիզմները որևէ կերպ չեն գործում, և դրանով չեմպիոն են 7-րդ և 8-րդ գումարման ԱԺ-ները, որոնց ընթացքում անկախ բոլոր իրավապաշտպանների պահանջի՝ որևէ էթիկական հանձնաժողով չձևավորվեց, և թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների բացարձակ էթիկական խախտումներով վարքը որևէ կերպ գնահատականի չարժանացավ: Դա անպատժելիության մթնոլորտն է, որը ստեղծում է շարունակական բռնության և էթիկական խախտումների իրավիճակ՝ այդ թվում նաև Ալեն Սիմոնյանի վերջին դրսևորումը քաղաքացու նկատմամբ, որն ուղղակի արտահայտություն էր թողել: Չեմ գնահատում արտահայտության որակը, բայց ԱԺ նախագահին հարիր չէ դրան պատասխանելը բռնությամբ և թքելով, կներեք արտահայտությանս համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930