Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ». ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

Ապրիլ 03,2023 18:05

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(փետրվարմարտ, 2023թ)

Պայմանավորված Արցախին պարտադրված ադրբեջանական շրջափակմամբ՝ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության հիմնական ուղղությունները վերոնշյալ ժամանակահատվածում վերաբերել են Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման ապահովմանը և Արցախում ստեղծված իրավիճակի հանրահռչակմանը։ Այդ առումով կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնցից հիմնականները ներկայացնում ենք ստորև։

Հայ դատի Արցախի գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակն անցնող երկամսյակի ընթացքում առցանց հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք անդամների հետ և ներկայացրել տեղում իրավիճակը, ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքները և հորդորել Ադրբեջանի նկատմամբ կիրառել գործուն ճնշումներ՝ այդ թվում հասնել Ադրբեջանին տրամադրվող ադրբեջանական ռազմական օժանդակության վերացմանը։ Մասնավորապես՝ հանդիպումներ են տեղի ունեցել Ֆրենք Փալոնի, Ադամ Շիֆի, Քեյթ Փորթերի, Բարբարա Լիի և այլոց հետ։ Հանդիպումներ են տեղի ունեցել նաև կոնգրեսականների գրասենյակների աշխատակազմերի հետ։ Հատուկ աշխատանք է տարվել միջազգային մեդիա-հարթությունում, որոնք ներառել են տեղեկատվական հոլովակների տարածում և հարցազրույցներ։

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի հատուկ խորհրդական Գև Իսկաջյանը, որն Արցախ էր տեղափոխվել անցյալ տարի ԱՄՆ Մոնտեբելո քաղաքից, փետրվարի սկզբին առցանց քննարկում է ունեցել իր շրջանից ընտրված կոնգրեսական Լինդա Սանչեսի հետ և ներկայացրել շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը։ Քննարկմանը մասնակցել են նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի և տիկին Սանչեսի աշխատակազմի ներկայացուցիչներ։ 

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախումբը փետրվարի 1-2-ն ԱՄՆ Կոնգրեսում իրականացրել է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված լոբբիստական երկօրյա գործողություններ։ Հայ դատի կամավորներին էին միացել նաև համայնքային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ «Ամերիկա-հունական առաջնորդության խորհրդից», «Գործողության պահանջ» և «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպություններից։ Ձեռնարկին միացել էին նաև ցեղասպանություն հանցագործության հետազոտողներ ԱՄՆ Արևելյան ափից։

Փետրվարի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում երկկուսակցական խումբը՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գլխավորությամբ, Արցախի շրջափակման դեմ բանաձևի նախագիծ է ներկայացրել։ Բանաձևի ընդունվելու դեպքում Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ վարչակազմին հինգ գործնական քայլ կառաջարկի՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վատթարացումը կանխելու համար:

Հաղորդագրության համաձայն, առաջարկվող քայլերն են

  • դիմել միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու համար,
  • համագործակցել միջազգային գործընկերների, ներառյալ Արցախի իշխանությունների հետ, Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայումն ապահովման համար,
  • անհապաղ դադարեցնել ԱՄՆ ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին,
  • կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ,
  • մշակել ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայերի համար ամերիկյան կայուն մարդասիրական օգնության և զարգացման աջակցության երկարաժամկետ ծրագիր:

Փետրվարի 14-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ֆեդերալ և շրջանային պատասխանատուները հանդիպել են Բեվերլի Հիլսի քաղաքապետի և ոստիկանապետի հետ՝ քննարկելու շաբաթներ առաջ Հայ երիտասարդաց միության բողոքի ցույցի երթուղու վրա տեղ գտած հակահայ թռուցիկների տարածման հետաքննության հարցը։ Հայ համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են հայ համայնքի նկատմամբ ատելության խոսքի դրսևորումներն ադրբեջանական շրջանակների, այդ թվում և Լոս Անջելեսում հավատարմագրված ադրբեջանական հյուպատոսության կողմից։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի մշակման հանձնաժողովին կոչ է արել ընդլայնել Արցախին հատկացվող աջակցությունը՝ այն հասցնելով 75 միլիոն դոլարի, հաշվի առնելով շրջափակումը, ինչպես նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի՝ կառավարության հետ հարաբերությունների պատասխանատու Թերեզա Երեմյանը հայտարարել է, որ Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիայի Արցախի շարունակական հումանիտար շրջափակման կապակցությամբ ենթահանձնաժողովը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևի ռեժիմին՝ դադարեցնելով ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը Ադրբեջանի զինված ուժերին և օգնի բավարարել Արցախում հրատապ մարդասիրական կարիքները՝ օգնության հուսալի փաթեթով։

Մարտի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների չի կիրառի Բաքվի նկատմամբ՝ Արցախը շրջափակված պահելու համար։ Այս հայտարարությանն արձագանքել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը․ «Լուիս Բոնոն իր առաջին հրապարակային ելույթում, քննարկումներից հանելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների քննարկման հարցը, ազդարարում է ԱՄՆ-ի թուլության մասին՝ Իլհամ Ալիևի համար հաստատելով, որ Բայդենի վարչակազմը իր հայտարարությունները չի գործնականացնի»։ Լուիս Բոնոյի հայտարարությունը դատապարտել է նաև կոնգրեսական Ադամ Շիֆը։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կատարած աշխատանքների արդյունքում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 69 անդամներ՝ երկու կուսակցություններից, հանդես են եկել Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և Արցախին ու Հայաստանին 150 միլիոն դոլարի օգնություն ուղարկելու կոչով: Նախաձեռնությունն առաջնորդում է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը: Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել պետական արտաքին գործառնությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս Բալարտին և ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որոնք արդեն սկսել են 2024 ֆինանսական տարվա արտաքին օգնության մասին օրինագծի՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տարբերակի մշակումը:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Կալիֆորնիայի տեղական հանձնախմբի աշխատանքների արդյունքում մարտի 31-ին Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը միաձայնությամբ ընդունել է Արցախի ադրբեջանական շրջափակումը դատապարտող բանաձև։

Մեծածավալ լոբբիստական աշխատանքին զուգահեռ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մարտի վերջին իրականացրել է իր «Ծագող առաջնորդներ» կրթական ծրագրի հերթական փուլը։ Այս ծրագրի նպատակն է ամերիկահայ երիտասարդությանը ծանոթացնել հայության շահերի պաշտպանությանը, Հայ դատի աշխատանքները՝ նրանց փոխանցելով ինչպես տեսական գիտելիքներ, այնպես էլ գործնական հմտություններ։

Հայ դատի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, Ադամ Շիֆի առաջնորդությամբ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու խմբակցությունների թվով 35 կոնգրեսականներ, համատեղ նամակով դիմել են Բայդենի վարչակազմին` կոչ անելով օգտագործել վերջինիս տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, այդ թվում՝ կրճատել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը և պատժամիջոցներ կիրառել դրա նկատմամբ։

Եվրոպա

Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը փետրվարի 9-ին ընդունել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը, որում կարևոր անդրադարձներ կան ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցն անդրադառնում է նաև Արցախի հակամարտությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Զեկույցում կոչ է արվում երկու կողմերին, հատկապես Ադրբեջանի իշխանություններին՝ զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրող:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում փետրվարի 21-24-ը փաստահավաք առաքելությամբ Հայաստան էին այցելել Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին։ Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցել էին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

Փետրվարի 21-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև առանձին հանդիպում է տեղի ունեցել ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ։ Փետրվարի 22-ին պատվիրակության մեկնել է Սյունիք, որտեղ հանդիպել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել են ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում ունեցել քաղաքացիական բնակչության հետ։ Փաստահավաք առաքելության այցն ամփոփվել է մամուլի ասուլիսով։

Մարտի 6-ին Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին, գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանին և ՀՅԴ Հայ դատի Բելգիայի հանձնախմբի նախագահ Կարո Կարապետին: Հանդիպման ընթացքում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները մանրամասնել են Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը և Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու այն։

Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստը մարտի 15-ին ընդունել է ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների 2021-2022թթ. զեկույցները, որոնք անդրադառնում են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների առանցքային կետերին, Արցախի հակամարտությանը և տարածաշրջանում Եվրամիության դերին՝ կայունության ու խաղաղության հաստատման գործում: Երկու զեկույցները վերահաստատում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համապարփակ պայմանագիրը պետք է երաշխավորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Արցախում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս չկատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, մեկնաբանելով զեկույցները, նշել է. «Զեկույցները հստակորեն դատապարտում են ադրբեջանական ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ և Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե նա չկատարի Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Կարևոր է՝ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում ընդգծվում է, որ Արցախի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի միջազգային իրավունքին, մասնավորապես 3 հիմնարար սկզբունքներին»։ Ըստ Կարապետյանի՝ «Եվրախորհրդարանի դիրքորոշումը կարևոր է հայկական կողմի համար, այնուամենայնիվ, ԵՄ գործադիր իշխանությունն է, որ պետք է կոնկրետ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի դեմ՝ հիմք ընդունելով Եվրախորհրդարանի դիրքորոշումը։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը կշարունակի եռանդուն կերպով աշխատել այս ուղղությամբ»:

Կանադա

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Արցախի շրջափակման, դրա արդյունքում տեղում ստեղծված իրավիճակը և առհասարակ ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը բարձր մակարդակով քննարկման նյութ է եղել Կանադայի պետական, հասարակական-քաղաքական շրջանակներում։

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով փետրվարի 14-ին Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացված միջնորդությունն ընդունվել է միաձայն: Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամներին այս կարևոր հարցում ցուցաբերած աջակցության համար:

Վերջին երկու ամիսների ընթացքում Կանադայի քաղաքական ասպարեզից շուրջ մեկ տասնյակի հասնող խորհրդարանականներ դատապարտել են Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիան։ Մարտի 10-ին Հայ դատի Կանադայի հանձնախումբը սոցցանցային արշավ է սկսել՝ փորձելով համախմբել կանադահայ համայնքին, որպեսզի հասարակական ավելի լայն ընդգրկմամբ հնարավոր լինի հասնել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի կողմից Ադրբեջանին հասցեական դատապարտմանը։ Մարտի 27-ին, ի պատասխան Ժան Յիփի հարցմանը, ԱԳ նախարարը Ադրբեջանին կոչ է արել բացելի Լաչինի միջանցքը։

Ազատական կուսակցության անդամ Ժան Յիփը հարցման մեջ նշել էր, որ իր ընտրատարածքի հայ համայնքը խորապես մտահոգ է Արցախի հակամարտության լարվածության սրման առնչությամբ և հիշեցրել, որ արդեն ավելի քան հարյուր օր Արցախի շրջափակումը շարունակվում է, առկա է մարդասիրական խորացող ճգնաժամ, իսկ Արցախի ժողովուրդը մտավախություն ունի, թե իրավիճակը շուտով կարող է վերստին սրվել։ Խորհրդարանականը հարցրել է, արդյո՞ք Կանադայի արտաքին գործերի նախարարը կարող պարզաբանել թե կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել այս հարցի ուղղությամբ։ Պատասխանելով հարցին՝ Ջոլին մասնավորապես հայտնել է՝ Կանադան շարունակում է կոչ ուղղել Ադրբեջանի իշխանություններին բացելու Լաչինի միջանցքը և ազատ արձակելու հայ ռազմագերիներին։ Նախարարը նաև շեշտել է, որ մարդասիրական ճգնաժամի ավելի վատթարացումը պետք է կանխվի։ Նա միաժամանակ նաև ավելացրել է, որ Կանադան իր զորակցությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության գործունեությանը։

Ավստրալիա

Ի պատասխան Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի հարցման՝ Ավստրալիայի ընդդիմության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու, սենատոր Սայմոն Բիրմինգհեմը փետրվարի սկզբին Ադրբեջանից պահանջել է բացել Լաչինի միջանցքը։ Նա նաև նշել է, որ լիբերալ և ազգային կոալիցիան շարունակում է աջակցություն հայտնել տարածաշրջանում հակամարտությունը սրող բոլոր գործողությունների դադարեցմանը:

Փետրվարի 14-ին սենատոր Պոլ Ֆլետչերն խորհրդարանում քննադատել է Ադրբեջանի անօրինական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ։ Սենատորը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել աջակցել Հայաստանի և Արցախին Բաքվի ագրեսիայի դեմ պայքարում։ Ադրբեջանին ուղղված քննադատությամբ մարտի 28-ին հանդես է եկել նախ դաշնային խորհրդարանական Սոֆի Սքեմփսը։

Մարտի 23-ին հայտնի դարձավ, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է հատկացրել ավստրալահայ համայնքին՝ աջակցելու հայ-ավստրալական արխիվային նախագծի ստեղծմանը, որն առաջարկվել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից Գալստուն քոլեջի հետ համագործակցությամբ:

Առհասարակ, պայմանավորված Նոր Հարավային Ուելսում մարտի 25-ին կայացած ընտրություններով, դրան նախորդող ընթացքում Հայ դատի հանձնախումբը քաղաքական բնույթի բավական լայնածավալ աշխատանք է իրականացրել թեկնածուների հետ՝ հետագայում Հայ դատի աշխատանքների հետապնդման համար նպաստավոր իրավիճակ ունենալու նպատակադրմամբ։

Մարտի երկրորդ կեսին Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը այցելել է Վիկտորիա նահանգի նահանգային խորհրդարան, որտեղ մարտի 20-ից իրականացրել է հայության շահերի պաշտպանությանն ուղղված մեկշաբաթյա աշխատանքներ։

Լիբանան

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը փետրվարի 25-ին Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի առիթով նամակներ է ուղարկել Լիբանանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի դեսպաններին և Եվրոպական միության ներկայացուցչին։ Նամակների մեջ նշված է, որ արցախահայությունը երբեք չի կարող մաս կազմել մի պետության, որի նպատակն է նրանց բնաջնջումը։

Հայ դատի մարմինը մարտի 5-ին նամակ է հղել Լիբանանում Գերմանիայի դեսպան Անդրեաս Քինտլին՝ անդրադառնալով կանցլեր Օլաֆ Շոլցի՝ մարտի 2-ին կատարած հայտարարությանը, որում մասնավորապես նշվում է․ «Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հնարավոր չէ խաղաղություն առանց Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման նկատմամբ հարգանքի, պետք է ընդամենը տեսնել Նախիջևանի բնիկ հայ ժողովրդի ճակատագիրը՝ հասկանալու համար այդ հիմնարար սկզբունքի հարգման կարևորությունը ու հրատապությունը։

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի հանձնախումբը մարտի 12-ին ևս մեկ նամակ է ուղարկել Լիբանանում հավատարմագրված նիդերլանդական դեսպանատուն՝ գոհունակություն հայտնելով վերջին շրջանում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության օբյեկտիվ դիրքորոշումների կապակցությամբ, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքի՝ ադրբեջանական հանցավոր շրջափակմանը։

Իրան

Հայ Դատի Թեհրանի հանձնախումբը՝ «Հայկական հարցերի Ուսումնասիրութեան կենտրոնը» (ՀՈՒՍԿ) մարտի 2-ին կազմակերպել էր «Հայ Դատն այսօր» 14-րդ խորհրդաժողովը՝ «Հայաստանը, Արցախը և հարափոփոխ տարածաշրջանը» խորագրով: Խորհրդաժողովի ժամանակ ելույթներով հանդես են եկել ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ՀՀ-ից ժամանած վերլուծաբաններ և փորձագետներ։ Խորհրդաժողովի օրակարգում էր Հայաստանի, Արցախի և միջազգային քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակի քննությունը, տարբեր մարտահրավերների գնահատումը, հայության զարգացման տեսլականի և այլ հարցերի մասին քննարկումներ:

Իսրայել

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի տևական և գործուն ջանքերի արդյունքում Իսրայելի Հայֆա քաղաքում մարտի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը՝ չնայած Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան կողմից գործադրված ճնշմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Քալիշ-Ռոտեմը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբը, Իսրայելի հայկական համայնքի անդամներ, ինչպես նաև Հայֆայի տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

Հարավային Ամերիկա

ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի հրավերով և Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մարտի 19-25-ը եղել են Բուենոս Այրեսում։ «Մարդու իրավունքների համաշխարհային ֆորում» անունը կրող միջոցառումներից առաջինն անցկացվել է 2013թ. Բրազիլիայում՝ 74 երկրների և շուրջ 700 կազմակերպությունների մոտ 5000 պատվիրակների մասնակցությամբ։ Երկրորդ ֆորումն անցկացվել է հաջորդ տարի Մարոկկոյում՝ Մարաքեշում, որտեղ մասնակիցներ էին ժամանել աշխարհի 95 երկրից և շուրջ 750 կազմակերպությունից։

Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Խաղաղության գործընթացներ աշխարհում և Լատինական Ամերիկայում» պանելային քննարկման ժամանակ պարոն Արթուր Խաչատրյանը մանրամասն ներկայացրել է Արցախյան հակամարտության ծագման պատմությունը, ընթացքը և հակամարտության կարգավորման ուղիները։ Պատգամավորը հատկապես շեշտել է ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա հակամարտության կարգավորումը: Խաչատրյանը նաև ներկայացրել է Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի մասին տեղեկություններ։

Ֆորումի շրջանակներում կազմակերպված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկման ընթացքում Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է 2020 թվականի աշնանն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում և դրանից հետո իրականացված ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Պաշտպանը մանրամասն փաստեր է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողական կերպով իրականացվող էթնիկ ատելության հանցավոր քաղաքականության վերաբերյալ, որի անհերքելի վերջնանպատակն Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու ցեղասպանությունն է։

Արգենտինայում Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումի աշխատանքների ավարտից հետո Հայ դատի Արգենտինայի և Ուրուգվայի հանձնախմբերի պատասխանատուների ուղեկցությամբ Արթուր Խաչատրյանն ու Գեղամ Ստեփանյանը բարձր մակարդակի քաղաքական հանդիպումներ են անցկացրել հարավամերիկյան երկու երկրներում։ Մասնավորապես հանդիպումներ են տեղի ունեցել Արգենտինայի Սոցիալիստական կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Մոնիկա Ֆայնի և «Արմատական քաղաքացիական միություն» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Խուան Մարտին Մուսակիոյի, Արգենտինայի արտաքին գործերի նախարարության միջխորհրդարանական կապերի տնօրինության դիվանագետ Նիկոլաս Վարզիլիոյի և Արգենտինայի ազգային հարցերի (շրջանների հետ հարաբերությունների) տնօրինության տնօրեն Նիկոլաս Դարիո Սաբունկույանի, Ուրուգվայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Անդուխարի, Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների, Ուրուգվայի Սենատի անդամ, տուրիզմի նախկին նախարար Լիլիան Քեշիշյանի։ Հանդիպումների ցանկը եզրափակվել է Ուրուգվայում Արցախի հետ բարեկամության խմբի անդամների հետ հանդիպմամբ։

Կիպրոս

Կիպրոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը մարտի 15-ին Կիպրոսի համալսարաններին և խոշոր գրադարաններին է նվիրել «Սողոմոն Թեհլերյան, հուշեր – Թալեաթ փաշայի սպանությունը» գիրքը։

 ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930