Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք թողնում ենք՝ այս ամենաթողության պայմաններում խուլիգանությունն ավելի մեծ թափ ստանա. Աստղիկ Ավետիսյան

Ապրիլ 03,2023 14:16

Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդու վրա հարձակման ու մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքով  նախաձեռնված վարույթի շրջանակներում մինչ այս պահը ոչինչ բացահայտված չէ:

«Վարույթը չի կարճվել, բայց ընթացքի հետ կապված որեւէ տեղաշարժ չկա: Իմ տպավորությամբ ՝ ոստիկանությունն իր տեղում դոփում է, քննչական կոմիտեն իր տեղում է դոփում, իրար ներսում ընդհանուր համագործակցություն ես չեմ տեսնում: Մեկին մի բան ես հարցնում, ասում է՝ էն մյուսն է դրանով զբաղվում, էն մյուսին ես հարցնում, ասում է՝ էն մյուսն է զբաղվում: Այսինքն, ընդհանուր առմամբ գործը տեղից չի շարժվում»,- Aravot.am-ին ասաց Աստղիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով, երբ ֆիզիկական վնաս է հասցվում մարդուն, գոնե հիվանդանոցում կամ այնտեղ գտնվելու ժամանակահատվածում պետք է մոտենան ու արձանագրեն՝ ինչ խնդիրներ են ծագել: Բայց մարդը ամբողջությամբ առողջանում է, հետո նոր քննչականը սկսում է հարցաքննություն իրականացնել, դրանից հետո նոր ուղարկում են դատաբժշկական փորձաքննության: Իսկ այդ ժամանակահատվածը կարող է մեկ ամիս տեւել, ինչը նշանակում է, որ մինչեւ գնում, հասնում ես դատաբժշկին, արդեն առողջացած են լինում վնասված հատվածները:

Աստղիկ Ավետիսյանը նկատեց, որ իր տղայի գործով ամեն ինչ այնքան ուշ է արվել, որ որոշակի բացահայտումներ այլեւս հնարավոր չեն. «Օրինակ՝ մինչեւ հիմա չհասկացանք՝ մե՞կ հոգին է խփել, թե՞՝ երկու հոգի, գլորման պահին գլուխը որտեղ է խփել կամ ինչ է եղել: Լիքը հարցադրումների պատասխան չտեսանք: Ընդամենը տեսանք տեխնիկական աշխատանք, որը իրականացվում է, ու ընդ որում՝ այդքան բան էլ արվեց իմ բարձրաձայնելուց հետո: Եթե այդ բարձրաձայնումն էլ չլիներ,միանգամից հանցագործության մասին հաղորդումն էլ չէին ընդունի, այս գործը կփակեին, կգնային: Բայց սա նշանակում է, որ մենք թողնում ենք, որ այս ամենաթողության պայմաններում խուլիգանությունն ավելի մեծ թափ ստանա, ու այն մարդիկ, որոնք խուլիգանություն են անում, նրանց ձեռքերն ավելի ազատ դառնան: Ամեն մեկը կարող է դուրս գալ փողոց ու ինչ-որ մեկին խփել, հայհոյել, անցնել առաջ»:

Մեր զրուցակցին մասնավոր զրույցների ժամանակ հայտնել են, որ հանցագործության վայրին հարակից տեղերում տեղադրված ոչ մի տեսախցիկ չի արձանագրել կատարվածը. «Մենք մի քանի տեղերում արձանագրել ենք, որ տեսախցիկներ կան, հետո պարզվում է, որ այդ տեսախցիկներից մեկն անջատված է, մյուսը ցույց չի տալիս: Բայց չեմ կարծում, որ այդ մարդաշատ այգում կարելի է թույլ տալ, որ այդ իրավիճակը լինի ու ոչինչ չարձանագրվի: Դրան զուգահեռ ամեն անգամ նույն ճնշումները, թե կարո՞ղ է ճանաչում ես, չես ասում՝ ովքեր են: Ընդհանրապես անծանոթ մարդիկ են եղել, առանց որեւէ խնդրի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930