Սուրբ Հարության տոնին ընդառաջ` «Վերածնունդ» մշակութային եւ ինտելեկտուալ հիմնադրամը ներկայացնում է ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը՝ նկարահանված Սուրբ Գրիգոր Նարեկացու տաղերի հիման վրա: Սցենարի համահեղինակն ու տաղերի մենակատարը Վահե Բեգոյանն է: Ֆիլմում նկարահանվել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Մարջան Ավետիսյանը, Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան և Սամվել Թոփալյանը:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը Արթուր Ջանիբեկյանի հիմնադրամն է, որը նաեւ Ազգային ձայնադարանը հիմնեց, որտեղ տարիներ առաջ ձայնագրվեցին եւ տեղադրվեցին հայ երգարվեստի բացառիկ նմուշները, այդ թվում նաեւ՝ այս տաղերը, որոնք ես կատարում եմ, եւ ներառված են ֆիլմում»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց սցենարի համահեղինակ ու մենակատար Վահե Բեգոյանը: Հավելեց, որ այդ ամենը հանրահռչակելու համար էլ ստեղծվել է ֆիլմը, որի մտահղացման հեղինակն Արտակ Ալեքսանյանն է:
«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմի ռեժիսոր Վահե Յանի խոսքով, առհասարակ մեր օրերում շատ քիչ գործեր են ստեղծվում, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում մարդու հոգեւոր աշխարհի վրա՝ դրական իմաստով. «Հիմնականում հակառակն է լինում՝ ավելի պոպուլյար եւ պահանջված են այն գործերը, որոնք քանդում են մարդու հոգին: Զարմանքս մեծ էր, երբ իմացա, որ Արթուր Ջանիբեկյանը եւ «Վերածնունդ» հիմնադրամը նման բուժող նախագծի գաղափար ունեն, ինչի համար շնորհակալ եմ»:
Վահե Բեգոյանը հավելեց, որ նախագիծն, անշուշտ, բացառիկ է. «Նման ծավալի նախագիծ, որում ներառված են այսօրվա հայ բեմի եւ հայ կինոյի լավագույն դերակատարները, բայց ֆիլմը կոմերցիոն նպատակ չի հետապնդում, չկա: Այն բացառապես հոգեւոր եւ հիմնադրամի անվանը համապատասխան՝ մեր հոգեւոր վերածննդին կոչված քարերից մեկն է, որ դրվեց: Բացի Նարեկացու 5 տաղերից՝ ներառված եւ եւս 2 միջնադարյան տաղ՝ «Տիրամայրը հանդեպ Խաչի» եւ «Մարիամ Մագդաղենին», որոնց հեղինակներն անհայտ են: Դրանք գրի են առնվել Կոմիտաս վարդապետի կողմից»:
Վահե Յանը նշեց, որ ֆիլմը կցուցադրվի ապրիլի 5-ին, 6-ին եւ 7-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում, մուտքն էլ ազատ է, ֆիլմը ժանրը ըստ նրա՝ հոգեւոր երաժշտական է: Ֆիլմի տեւողությունը մոտ 50 րոպե է: Նրա խոսքով՝ «Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը հիմնված է 7 տաղերի հիման վրա, որոնք կատարում է մենակատար Վահե Բեգոյանը, եւ այդ 7 տաղերը կատարվում են գրաբարով, ապա տրվում է աշխարհաբար մեկնությունը: Այդ 7 տաղերի համար ընտրվել են մեր բեմի եւ արվեստի լավագույնները՝ 7 դերասաններ, որոնք իրենց խաղով հանդիսատեսին են հասցնում տաղերի իմաստն ու բովանդակությունը»:
Վահե Բեգոյանը նշեց, որ թեեւ ֆիլմի ժանրը կարծես հոգեւոր երաժշտական է, բայց միեւնույն ժամանակ այն դժվար է բնորոշել. «Դա մյուզիքլ չէ, բնականաբար, գեղարվեստական ֆիլմ չէ, որովհետեւ դերասանները կերպարներ չեն մարմնավորում, նրանց ընտրությունը ոչ թե պայմանավորված էր մեր նախասիրություններով, այլ թելադրվել է տաղերով, որովհետեւ դա մեր միջնադարյան պոեզիայի բարձրակետն է:
Գիտենք, որ Նարեկացին նաեւ միստիկ պոետ է, եւ նրանով սկսվել է վերածնունդը հայ արվեստում ու հենց այս տաղերով, օրինակ «Աչքն ծով ի ծով»-ով: Դրանք ներկայացնելու համար պետք էին իսկապես խոսքի վարպետներ՝ մեծ փորձառությամբ եւ տաղանդով, հմտություններով: Դերասանների ընտրությունը պայմանավորված էր առաջին հերթին տաղերն ըստ արժանվույն ներկայացնելու, ընթերցելու նպատակով»:
Վահե Յանն ընդգծեց. «Հավանաբար ֆիլմը ժանրերի միքս է, բայց այն վավերագրական չէ, ֆիլմը չունի գեղարվեստական սյուժե, որն ունի սկիզբ, զարգացում, հանգուցալուծում, ավարտ, սակայն ամբողջ իր էությամբ եւ մատուցմամբ է գեղարվեստական»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ