Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ին մետրոյի գծերի վրա եղած քարաթափմանը, ինչի հետևանքով մետրոպոլիտենը որոշ ժամանակ աշխատում էր արտակարգ ռեժիմով։
Նա տեղի ունեցածն անվանեց շատ արտառոց և վտանգավոր դեպք և դիմեց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանին՝ իրավիճակի մասին զեկուցելու համար:
«Պրն Ավինյան, ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին, երկրորդ գծով Զորավար Անդրանիկ կայարանից դեպի Սասունցի Դավիթ կայարան ընթացող թիվ 4 գնացքի մեքենավար Արմեն Հովսեփյանը նկատում է երթևեկությանը խանգարող փոշու ամպ և վթարված հենապատ, ինչի մասին անմիջապես տեղեկացնում է գնացքի կարգավարին։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացնում են դեպքի վայր առաջին գծով մոտեցող մեքենավարին։ Մետրոն արդեն ապրիլի 2-ին աշխատել է բնականոն հունով, վերականգնողական աշխատանքները մինչև այս պահը շարունակվում են, բայց դա չի խանգարում գործունեությանը»,- զեկուցեց Սեդրակյանը։
«Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել։ Կարծում եմ, որ այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Մեր շատ և շատ շինարարներ կամ առհասարակ տարբեր ոլորտի մասնագետներ, եթե նրանց կարելի է մասնագետ կոչել, իրենց աշխատանքին շատ իմիջիայլոց են վերաբերվում, և այդ վերաբերմունքի հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Դիմացից եկող վարորդը պատահաբար տեսել է, ահազանգել է, և մի գիծը կանգնել է։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։ Ոստիկանության մեր գործընկերներին, կարծում եմ, կարիք չի լինելու ասել, որ այստեղ կարիք կա քննության, որովհետև իսկապես վտանգավոր դեպք է տեղի ունեցել»,- ասաց Ավինյանը։
Կարդացեք նաև
Նրա խոսքով, այս տեսակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ «Բոլոր ոլորտներում ունենք այս խնդիրը, ես ուզում եմ, որ մենք չհանդուրժենք նման վերաբերմունք, ես կարծում եմ, որ սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- եզրակացրեց Ավինյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ