Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը խոստովանել է, որ մեր երեխաներին սպանել են. մենք ոչ միայն մեր, այլեւ բոլոր որդիների համար ենք պայքարում»

Ապրիլ 03,2023 14:00

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»,-2022թ.-ի ապրիլի 13-ին Ազգային ժողովի ամբիոնից ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Թերեւս կարիք կա իր փոխարեն հավելել՝ առանց հազարավոր զոհերի, առանց տասնյակ հազարավոր մարդկային ճակատագրեր խեղելու, առանց հայրենիքի ազատագրված տարածքների կորստի, առանց ենթակառուցվածքները թշնամուն հանձնելու, առանց անվտանգային անդառնալի կորուստներ տալու… Այս հայտարարության հետքերով ՊԲ հրետանային դիվիզիոնի («Ցորի» զորամասի հրետանային դիվիզիոն) զոհված զինծառայողների ծնողները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, որը, սակայն, «լղոզված» ճակատագիր ունեցավ։ «Առավոտ»-ի զրուցակիցը՝ 44-օրյա պատերազմում անմահացած հրետանավոր Հայկ Մելիքյանի մորաքույր Անահիտ Մանասյանը, նախ նշում է, որ իրենց հաղորդումն այս ընթացքում միացվեց մի քանի այլ գործերի, ծնողների մի մասին հարցաքննեցին հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն մի տարի անցավ. ընթացքն իրենց չի բավարարում։

– Տիկին Մանասյան, ասացեք խնդրեմ, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության հետքերով ի՞նչ ճանապարհ անցան այս ընթացքում ծնողները։

-Դատախազությունը հիմա անգործություն է դրսեւորում՝ չցանկանալով առանձնացնել մեր գործը եւ առանձին քննություն իրականացնել։ Մինչդեռ այդ հայտարարությամբ փաստվեց, որ մեր երեխաներին միտումնավոր սպանել են։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունում հանցանք պարունակող տարրեր կային։ Փաստացի, կարող էին կանխել պատերազմը, եւ մեր երեխաները չէին զոհվի, եւ այսօր այս իրավիճակը չէինք ունենա։ Չեն արել… եւ մեզ այսօր դժբախտացրել են։ Մենք այդ հայտարարությունը համարում ենք Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը եւ պնդում, որ նա պետք է պատժվի։ Բնականաբար, պետք է իրականացվի նախաքննություն, բայց ոչ այլ գործին միացված վիճակում, այլապես շիլաշփոթ է դառնալու։ Մենք այդպես չենք ուզում, հանգամանալից քննություն ենք ակնկալում։

-Ո՞ր խնդիրներն են մինչեւ հիմա ծնողները համարում չլուծված։

-Նախեւառաջ, ուշացած արդարադատությունն արդեն իսկ մեզ համար մեծ խնդիրներ է ստեղծել։ Փաստացի, մենք հիմա բոլորս ապրում ենք հանուն այդ արդարադատության։ Էլ կորցնելու ոչինչ չունենք։ Ամենասիրելիներին ու հայրենիքն արդեն կորցրել ենք, մեր պետականությունը վտանգված է։ Եթե մենք ինքներս հիմա անգործություն ցուցաբերենք, այս ճակատագրին այլ ծնողներ ու որդիներ են արժանանալու։ Անպատժելիության մթնոլորտը լուրջ խնդիրներ է ստեղծում հետագայի համար։ Արդեն իսկ խեղված ճակատագրերով հանդերձ՝ ուզում ենք այս «մսաղացի» գլուխը կտրել, որպեսզի սա էլ չկրկնվի։ Հոգեբանական ծանր վիճակում ենք. ծնողներից մեկը մահացավ, մյուսը հաշմանդամություն է ձեռք բերել, մյուսները սրտային խնդիրներ ունեն, վիրահատվել են։ Մայրերն այնպիսի առողջական խնդիրների առաջ են կանգնել, որ մեր կյանքն ավելի տառապալից է դարձել, բայց քանի ապրում ենք, ինչ-որ բան պիտի անենք՝ հանուն ողջ երեխաների։

– Տիկին Մանասյան, ի՞նչ ասելիք ունեք այն ծնողներին, որոնք այս ընթացքում ինչ-ինչ պատճառներով ձեր կողքին չեն կանգնել փողոցում եւ դատարաններում, չեն ցանկացել երեւալ կամ քննադատվել, բայց գուցե ձեր համախոհն են։

-Մենք որեւէ ծնողից նեղացած չենք։ Իրականում այս ամբողջ պայքարը ծնողի համար չէ։ Բոլորս պետք է համախմբվենք ծնողների շուրջ եւ օգնենք դուրս գալ այս իրավիճակից։ Այն ծնողները, որոնք հիմա մեր կողքին չեն, հանավաբար շատ խորքային խնդիրներ ունեն։ Նրանց չի կարելի մեղադրել եւ վատաբանել։ Մենք մեր մեջ ուժ ենք գտել ու պայքարում ենք։ Կարեւորը՝ նրանք էլ լինեն իրազեկված, իմանան, որ մենք չենք տարանջատել մեր ու իրենց երեխաներին։ Բոլորը մեր որդիներն են, բոլորի համար ենք անում հնարավորը։

-Մի կողմից հիմնավոր ակնկալում եք, որ հատկապես այս գործերով արդարադատությունը մեր երկրում իր բարձունքում լինի, մյուս կողմից փորձը ցույց է տալիս, որ մարդկանց հույսերը չեն արդարացվում։ Այսօրվա արդարադատությունից ի՞նչ եք սպասում։

-Առաջնահերթ, պետք չէ հուսահատվել։ Երկրորդ, կանխակալ մոտեցում պետք չէ ունենալ արդարադատության հանդեպ։ Չեմ ուզում որեւէ մեկին կեղծ լավատեսություն կամ շինծու հույսեր ներշնչել, բայց եկեք ընդունենք, որ ոչինչ հավերժ չէ։ Այս իշխանությունն էլ հավերժ չէ։ Մենք այսօր ենք սկսում այս գործընթացը, որպեսզի հետագայում վաղեմության ժամկետի լրանալու խնդիր չունենանք։ Վաղը կլինի ուրիշ իշխանություն, չպետք է հուսահատվենք որեւէ պարագայում։ Պետությունը հիմա ծանր վիճակում է։ Որքան քիչ մեղադրենք իրար ու սիրենք իրար, ուժ տանք, այնքան ավելի մոտ կլինենք մեր հաղթանակին։

Հակակոռուպցիոն դատարանում օրերս սկսվել է դատախազության անգործության դեմ բողոքի քննությունը։ Փաշինյանի հայտարարությունից հետո հարուցված քրեական գործն ավելի վաղ կցել էին ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործին, այդ պատճառով ծնողների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը դատախազության անգործության հիմքով բողոք էր ներկայացրել։ «Եթե գործը սովորական քաղաքացու վերաբերեր, քրեական գործ կհարուցեին, իսկ այսպես սառեցնում են։ Պարտավոր էին կամ հարուցել, կամ մերժել հարուցումը։ Մնացած պատճառաբանությունները նիստերի ընթացքում կներկայացնեմ»,-օրերս լրագրողներին ասել է Լիպարիտ Սիմոնյանը։

«Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողների սեփական հետաքննությունների ու հետեւողականության արդյունքում մեկ այլ քրեական գործ էլ է հարուցվել։ Դրվագներից մեկը վերաբերում է «Ցորի» զորամասի հրետանավորների զոհվելուն. 20 զինծառայողներ զոհվել են, մեկն անհետ կորած է։ Մեղադրյալի աթոռին նրանց հրամանատար Գեւորգ Գեւորգյանն է։ Մյուս դրվագով մեղադրյալ են Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն ու եւս երկու բարձրաստիճան զինվորականներ. ըստ մեղադրանքի՝ նրանք պատշաճ չեն վերլուծել տեղեկատվությունը եւ ստորադասներին հայտնել են, թե մոտեցողը «յուրային» է։ Մինչդեռ հարձակվողը եղել է ադրբեջանական ստորաբաժանում։ «20 զինվորի զոհվելու եւ 1 զինվորի անհետ կորելու պատճառը ոչ թե Գեւորգյանի ենթադրյալ անգործությունն է, այլ ՊԲ բարձր հրամանատարական կազմի, այդ թվում՝ Ջալալ Հարությունյանի, Հայկ Թովմասյանի անփույթ վերաբերմունքը բանակի, հայրենիքի եւ զինվորի հանդեպ»,-օրերս դատարանում հայտարարել է հրամանատարի պաշտպան Գոռ Գեւորգյանը։

Ժամկետային զինծառայող Հայկ Մելիքյանը «Ցորի» զորամասի «Դ-20» հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի հրետանավոր էր. 14 ամիս էր, ինչ ծառայում էր։ Մեր զրուցակից Անահիտ Մանասյանն ասում է. «Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 12-ին, դիվերսիոն գործողությունների ժամանակ եւ հրամանատարական կազմի անփութության պատճառով Հայկը զոհվել է ծառայակիցների հետ միասին։ Սպաների՝ փախուստի դիմելու ժամանակ նրանք վրաերթի են ենթարկել մեր տղային եւ անօգնական վիճակում թողել խրամատում։ Քրեական գործը կա, Հայկի զոհվելու դրվագն առանձին քննվում է։ Դավիթ Ազատյանինը՝ եւս։ Հենց «Ցորի» գործի շրջանակում։ Դատարանում դեռ չենք հասել այդ դրվագներին, բայց երեխաները նախաքննության ընթացքում սուտ ցուցմունքներ են տվել։ Մենք պարզել ենք՝ ումից է դուրս եկել կեղծ տեղեկատվությունը։ Վրաերթի ողջ պատասխանատվությունը բարդում էին Սամվել Ղազարյանի վրա։ Նա էլ է զոհվել։ Եղել է հրենատավորի վարորդներից մեկը։ Մեր տվյալներով՝ Սամվելը չի եղել մեղավորը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930