«ԱՐԻ» գրական գործակալության կայքից (www.ariliterary.com) օրերս տեղեկացանք Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» եւ Արամ Պաչյանի «P/F» վեպերի գերմաներեն հրատարակությունների մասին։
«Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը, թե՝ հիշյալ ստեղծագործությունները գերմաներենով ներկայացնելը հավանաբար միտված է գերմանալեզու շուկան հայ գրականությամբ համալրելուն, «ԱՐԻ»-ի հիմնադիր եւ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը պատասխանեց. «Գերմանալեզու շուկան ընդհանրապես ամենագլխավորներից է համաշխարհային հրատարակչական ոլորտում։ Պատճառները մի քանիսն են. նախ՝ Գերմանիան ավելի քան 75 տարի հյուրընկալում է միջազգային գրքի ամենամյա, գլխավոր եւ ամենամեծ տոնավաճառը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը, բացի դրանից, այդ երկրում մոտեցումը գրքին ու գրականությանը ամուր հիմքերի վրա է դրված, էլ չասենք, որ կան մի քանի գերմանախոս երկրներ՝ Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա»։
Իսկ վերոնշյալ գրքերը կհետաքրքրե՞ն ընթերցողներին: Այս հարցի առնչությամբ էլ մասնագետը հավաստիացրեց, որ գերմանական Mauke եւ շվեյցարական Kolchis հրատարակչություններն իրենք են ընտրել այդ գրքերը, մանրամասնելով, թե հիանալի ծանոթ են իրենց ընթերցողին եւ վստահ են, որ գրքերը մեծ պահանջարկ կունենան։ Նշեց նաեւ, որ նման պահանջարկ ունենալու համար այդ հրատարակչությունները պատրաստվում են այս տարի գրքերը ներկայացնել Լայպցիգի եւ Ֆրանկֆուրտի ցուցահանդեսներում՝ հրավիրելով մեր հեղինակներին ու վերջիններիս հետ փոքր «գրական» շրջայց կատարել գերմանախոս այլ քաղաքներում նույնպես՝ Մյունխեն, Ցյուրիխ եւ այլն։
Իսկ թե ո՞ւմն է ստեղծագործությունների ընտրությունը, մեր զրուցակիցը պարզաբանեց, որ իրենք ներկայացրել են շուրջ հինգ հեղինակների գործեր, ընտրությունը կատարել է գերմանական կողմը, ընդ որում, մի հեղինակից ներկայացրել էին մի քանի ստեղծագործություն։ Հավելեց նաեւ, որ գերմանալեզու հիշյալ հրատարակչություններին հետաքրքրել են նաեւ մեր այլ գրողների երկեր։ Ինչպե՞ս է կատարվել թարգմանիչների ընտրությունը, քանի որ, մեծ հաշվով, դրանից է կախված վեպերի հաջողությունը, այս մասին էլ Արեւիկ Աշխարոյանը հայտնեց. «Մենք ունենք թարգմանիչների ցանկ, որն առաջարկում ենք հրատարակիչներին, իրենք կատարում են ընտրությունը։ Կուզեի բարձրաձայնել, որ ունենք հայերենից գերմաներեն մի քանի իսկապես բարձրակարգ թարգմանիչ՝ Անահիտ Ավագյան եւ Վիբկե Ցոլման զույգը, որոնք արդեն մի քանի գրքեր են թարգմանել, եւ Սյուզաննա Եղոյանը, ում առաջին աշխատանքը հիանալի արդյունք տվեց»։
Զրույցի ընթացքում գրականագետը հակիրճ ներկայացրեց վեպերի բովանդակությունը. Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» վեպի դեպքերը ծավալվում են 1915-60-ականներին, լեռնային մի գյուղում, որը հիմնադրել են համիդյան ջարդերից մազապուրծ մի ծերունի ու նրա փրկած նորածին մանուկը։ Գյուղը աստիճանաբար համալրվում է բնակիչներով, որոնք փրկվել են ցեղասպանությունից կամ խնդիրներ ունեցել Խորհրդային Հայաստանում՝ օրենքի, ընտանիքի եւ իրականության հետ։ Վեպը մարդկային էության երկակիության, չարի ու բարու մասին է, եւ այդ ամենը ներկայացվում է գյուղի միստիկ պատկերի ֆոնին։ Այս վեպն արդեն լույս է տեսել անգլերեն, արաբերեն, սերբերեն, պատրաստվում է նաեւ ֆրանսերեն տարբերակը։
Իսկ Արամ Պաչյանի «P/F» հատվածային վեպում հանդիպում են հին ու նոր Երեւանը, Գետառը, անհետացած տրամվայը եւ «մենակ» տեսակի մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում եւ ապագայի երազանքներում։ Հավելենք, որ 2021-ին վեպն արժանացել է ԵՄ գրական մրցանակին, շուտով լույս կտեսնի նաեւ անգլերեն, բուլղարերեն, հունարեն, վրացերեն, պարսկերեն եւ թամիլերեն՝ Հնդկաստանում։
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում՝ Արեւիկ Աշխարոյանը (ձախից) ավստրիական հրատարակչության ներկայացուցիչների հետ (Լոնդոն, 2022թ.)
«Առավոտ» օրաթերթ
01.04.2023