Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ցավալի է, քանի որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանն ավելի շուտ է քայլեր ձեռնարկում եւ մեզ ուղղակի փաստի առաջ կանգնեցնում։
«Ադրբեջանի վարքը կանխատեսելի էր։ Պարզապես, ցավոք, ինչպես լինում է հաճախ, Ադրբեջանը մեկ քայլ ավելի առաջ է գործում,քան ՀՀ իշխանությունները»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին՝ արդյոք կանխատեսելի՞ էր, որ Ադրբեջանը նման վարքագիծ կդրսեւորի՝ մի քանի ուղղություններով առաջանալով ՀՀ ինքնիշխան տարածքում։
Հիշեցնենք, խախտելով երկկողմ պայմանավորվածությունը, մարտի 29-ի գիշերվանից ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում: Ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ պայմանավորվածության՝ այս տարվա ապրիլի 1-ին Տեղ եւ Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր եւ ինժեներական աշխատանքներ սկսել։
Այս առիթով Արմեն Վարդանյանը նշեց, որ, ցավոք, մեր իշխանությունները չեն կարողացել կանխատեսել ադրբեջանական այս քայլը եւ հասցնել ավելի հարմար դիրքերում տեղակայվել. «Իրենց պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 1-ից պետք է նոր երթուղին գործեր, բայց երկու օր առաջ նրանք եկել, հարմար դիրքերում դիրքավորվել են։ Ցավոք, էլի մեր իշխանությունը չի կարողացել կանխատեսել Ադրբեջանի այս քայլը, որ ավելի հարմար դիրքում տեղավորվեին։ Սա ցավալի է, քանի որ արդեն որերորդ անգամ Ադրբեջանն ավելի շուտ է քայլեր ձեռնարկում եւ մեզ ուղղակի փաստի առաջ կանգնեցնում։ ՀՀ իշխանությունը պետք է արդեն վաղուց դիրքավորված լիներ, մեր ռազմական պաշտպանության գերատեսչությունն արդեն պետք է համապատասխան տեղերում դիրքեր դրած լիներ, որ ավելի բարվոք վիճակում լինեինք, քան ադրբեջանական դիրքերը»։
Կարդացեք նաև
Քաղաքագետին հիշեցրինք ՀԱՊԿ քարտուղարության՝ կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խոհրդակցության արդյունքում ընդունված հայտարարությունը, որում ամրագրված է՝ հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂ գոտում իրավիճակը հղի է լուրջ անկայունությամբ: Միաժամանակ, հանդիպմանն ընդգծվել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս հայտարարությունը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հայտարարությունն արդեն ուշացած է։ ՀԱՊԿ-ը պետք է նախ քաղաքական հայտարարություն անի, ընդունի, որ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա է իրականացվել, ընդունի, որ ՀՀ տարածքների բռնազավթում է տեղի ունեցել, եւ այդ քաղաքական գնահատականից հետո տեղակայվեն այդ դիտորդները»։
Մեր դիտարկմանը՝ մեղմ ասած՝ գոհացնող եւ հուսադրող չէ նաեւ Արեւմուտքի արձագանքը, քանի որ օրեր առաջ տեղի ունեցած Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի հայտարարության մեջ որեւէ խոսք չկա Լաչինի միջանցքի շրջափակման, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման եւ Ադրբեջանին դատապարտելու մասին, Արմեն Վարդանյանն այսպես արձագանքեց. «Իրականում զարմանալի չէր, նաեւ պետք է ասեմ, որ հավանաբար այստեղ մեր դիվանագիտության բացթողումն է։ Մեր դիվանագիտությունը լավ չի աշխատել։ Պետք է ավելի լավ աշխատեինք, որ գոնե ինչ-որ կերպ հիշատակում լիներ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ՝ չնայած պետք է նաեւ հասկանալ, որ այդ գագաթնաժողովի հիմնական ուշադրությունն ավելի շատ Ուկրաինային, քան այլ երկրների է ուղղված»։
Շարունակելով Արեւմուտքի վարած քաղաքականության թեման՝ Արմեն Վարդանյանն արձանագրեց. «Նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ագրեսիան կանգնեցնելու գործում մեծ է եղել Արեւմուտքի գործոնը։ Բլինկենի զանգից հետո Ադրբեջանը կանգնեցրեց հարձակումը։ Բայց այս գագաթնաժողովի թեման ավելի շատ Ուկրաինային էր ուղղված, եւ միգուցե ՀՀ-ի մասով սպասելիքները մի քիչ ավելի շատ էին, քան իրականում կար։ Մենք պետք է աշխատենք բոլոր նման հարթակներում նաեւ ՀՀ-ի մասով միջազգային ուշադրությունը կենտրոնացնել, եւ այս ուղղությամբ մեր դիվանագիտությունը պետք է աշխատանք տանի։ Չգիտեմ՝ աշխատանք տարե՞լ է, թե՝ ոչ, ամեն դեպքում ցանկալի է, որ նման միջոցառումներին նաեւ ՀՀ-ի մասով լինեն հայտարարություններ, թեկուզ մի քանի տողով տեքստ լինի»։
Հարցին՝ կապ տեսնո՞ւմ եք մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից Վլադիմիր Պուտինին եւ երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տալու, մեկ շաբաթ անց ՀՀ ՍԴ-ի կողմից Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող ճանաչելու եւ հաջորդ օրը Լիսագոր-Ստեփանակերտ ճանապարհի փակման միջեւ, Արմեն Վարդանյանը պատասխանեց՝ ոչ։
Փաստեցինք՝ այս առիթով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ ենթադրում ենք, որ այս սյուժեն կկարգավորվի դաշնակցային եւ փոխադարձաբար ընդունելի տարբերակով եւ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ակնարկում ՌԴ-ն, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ռուսաստանն ակնարկում է, որ ՀՀ ԱԺ-ն չվավերացնի Հռոմի ստատուտը։ Այն ՀՀ-ի կողմից կվավերացվի միայն, եթե ՀՀ ԱԺ-ն այն վավերացնի։ Հենց ՀՀ իշխանությանն այս ուղերձն էր ուղղված»։
Հարցին՝ իսկ այդ հարցը կհասնի՞ ՀՀ ԱԺ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Առայժմ չի հասնի խորհրդարան։ ՀՀ իշխանությունն էլ չի գնա իրավիճակի ավելի սրման, մանավանդ գիտենք՝ հայ-ռուսական հարաբերություններն այժմ ճգնաժամային են, եւ ՀՀ-ի համար հավելյալ անվտանգային եւ այլ ռիսկեր չի բերի ՀՀ իշխանությունը։ Կարծում եմ՝ առաջիկայում կսպասեն, մինչեւ տեսնեն՝ ինչպես են զարգանում իրադարձությունները»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.04.2023