Լրահոս
Օրվա լրահոսը

Որ մթերքներից է պետք խուսափել, եթե դեղորայք եք ընդունում

Ապրիլ 03,2023 09:30

Որոշ սննդամթերքների, ըմպելիքների ու դեղամիջոցների փոխազդեցությունը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։ Այդ մթերքները կարող են ազդել օրգանիզմի կողմից դեղամիջոցների յուրացման, դրանց ազդեցության ուժեղացման կամ չեզոքացման վրա։ Ընդ որում, այդպիսի փոխազդեցություն կարող է առաջանալ ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ու սննդանյութերի հավելումների դեպքում։ Ահա թե ինչու է կարևոր բժշկից ճշտելը, թե որ մթերքներից ու ըմպելիքներից է պետք խուսափել որևէ դեղամիջոց ընդունելու շրջանում։

Մենք առանձնացրել ենք մի քանի մթերք, որոնք փոխազդեցության մեջ են մտնում դեղորայքի հետ

1․Թուրինջ

Ցիտրուսային այս միրգն ազդում է օրգանիզմի կողմից որոշ դեղամիջոցների յուրացման վրա։ Հայտնի է, որ այն ավելացնում է ստատինների ներծծումն արյան մեջ, և դրանք, կուտակվելով, կարող են գերազանցել դեղորայքի թույլատրելի խտությունն արյան մեջ՝ ունենալով մի շարք կողմնակի ազդեցություններ, ընդհուպ մինչև լյարդի ու մկանների վնասվածքներ։ 

Թուրինջ օգտագործել խորհուրդ չի տրվում, եթե մարդն ընդունում է զարկերակային բարձր ճնշման, խոլեսթերինի բարձր մակարդակի դեմ պայքարող դեղամիջոցներ, ինչպես նաև դեղորայք է ստանում վահանաձև գեղձի հիվանդությունների, հազի և այրոցի դեմ։

2․Կաթնամթերք

Կաթնամթերքը, օրինակ՝ կաթը, յոգուրտը կամ պանիրը կարող են փոխել հակաբիոտիկների արդյունավետությունը։ Կաթնամթերքը հարուստ է  կալցիումով, որը խոչընդոտում է որոշ հակաբիոտիկների ազդեցությանը, իսկ երկաթը բացասաբար է ազդում դրանց ներծծման արդյունավետության վրա։

3․ Կանաչ տերևավոր բանջարեղեն

Կանաչ տերևավոր բանջարեղենի օգտակարությունը չվիճարկելով՝ կարող ենք նշել, որ հնարավոր է ստիպված լինեք սահմանափակել բանջարեղենի այդ տեսակների օգտագործումը, եթե արյունը ջրիկացնող դեղամիջոցներ եք ընդունում։ Կանաչ տերևավոր բանջարեղենի կազմում պարունակվող մեծաքանակ վիտամին K-ն կարող է նվազեցնել դեղամիջոցի՝ թրոմբների ձևավորումը կանխարգելող ազդեցությունը։ 

4․ Ալկոհոլ

Թերևս բոլորին է հայտնի, որ չի կարելի դեղամիջոցներ ընդունելիս ոգելից խմիչքներ օգտագործել, քանի որ դրանց փոխազդեցությունը կարող է բավականին վնաս պատճառել անգամ մի քանի ժամվա միջակայքում օգտագործելու դեպքում։ Ալկոհոլի ու դեղամիջոցների համադրությունը կարող է ուժեղացնել երկուսի ազդեցությունն էլ՝  առաջացնելով ներքին արյունահոսություն, սրտի հետ կապված խնդիրներ, դժվարաշնչություն և այլ բացասական հետևանքներ։ 

5․ Թիրամինով հարուստ մթերքներ

Մոնոամինօքսիդազայի ինհիբիտորները, որոնք բուժում են դեպրեսիան ու Պարկինսոնի հիվանդության ախտանշանները, ինչպես նաև այլ դեղամիջոցներ կարող են խոչընդոտել օրգանիզմում թիրամին ամինաթթվի ճեղքմանը, իսկ արյան մեջ թիրամինի բարձր մակարդակը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը։ Թիրամինով հարուստ են շոկոլադը, վերամշակված միսը, հասունացած պանիրն ու սոյայից ստացված մթերքները։ 

6․ Բանան ու կալիումով հարուստ այլ մթերքներ

Եթե մարդն ընդունում է զարկերակային ճնշումը նվազեցնող ԱՓՖ արգելակիչներ, միաժամանակ օգտագործելով կալիումով հարուստ մթերքներ՝ բանան, ավոկադո, ծիրանաչիր, լոլիկ և այլն, դա կարող է օրգանիզմում բարձրացնել կալիումի մակարդակը՝ հանգեցնել սրտի առիթմիայի։ Ահա թե ինչու է խորհուրդ տրվում որոշ ինհիբիտորներ ընդունել ուտելուց մեկ ժամ առաջ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ 1, 2, 3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930