Ամենամյա կազմակերպվող ցուցահանդեսին յուրաքանչյուր տարի մասնակցում են UWC Դիլիջանն ավարտող ուսանողները։ Այս տարի նրանք ներկայացնում են հետևյալ երկրները` Հայաստան, Ռուսաստան, Պորտուգալիա, ԱՄՆ, Կուրակաո, Նեպալ, Իտալիա, Քենիա, Սլովակիա, Էստոնիան, Բանգլադեշ, Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Բելգիա, Եթովպիա, Գերմանիա, Ֆիլիպիններ, Թայվան, Նիդերլանդներ, Բելառուս և Բութան: Առաջին անգամ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև UWC Dilijan-ի ուսուցիչների գործերը:
UWC Դիլիջանի արվեստի ֆակուլտետի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին Aravot.am-ի հետ զրույցում բարձր գնահատեց ուսանողների ներկայացրած աշխատանքները։ Նա նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է խրախուսել երկխոսությունը և բացահայտել արվեստի տեղն այսօրվա փխրուն աշխարհում: «Ես արդեն 7 տարի է աշխատում եմ այս դպրոցում և պետք է նշեմ, յուրաքանչյուր տարի դրանք տարբերվում են իրենց առանձնահատկությամբ: Չնայած որ բոլոր ուսանողների աշխատանքները չեն, որ ուղղակիորեն կապված են Հայաստանի կամ Դիլիջանի հետ՝ հաճելի է գիտակցել, որ հենց այստեղ են նրանք ոգեշնչվել և ստեղծագործել:
Կարդացեք նաև
Հետևաբար, Դիլիջանն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի մեր երիտասարդ արվեստագետների սրտում: Երբ քննարկում էինք ցուցահանդեսի անվանումը, «Հուսով եմ, այս գիշեր»-ը սկզբում հնչեց որպես հումորային մեկնաբանություն առաջադրանքների ներկայացման ուշացման վերաբերյալ: Սակայն քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրահանգմանը, որ այն իսկապես ամփոփում է ավելի լավ ապագա և աշխարհ ունենալու մեր միասնական ցանկությունը՝ հույս ունենալով, որ այն իրականություն կդառնա շուտով` մինչ երեկո»,- հավելեց Զաբավսկին:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ