Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս տարի ապրիլի 2-ին Ծաղկազարդի տոնն է նշվում և մանուկների օրհնության օրը, որոնք Հայ եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության տոնից մեկ շաբաթ առաջ: Հենց այսօրվանից սկսած՝ Զատկի տոնական շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ 12 500 երեխաներ նվերներ կստանան, որոնք նրանց համար պատրաստել էր «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը՝ «Նվերներ՝ Արցախի երեխաներին» ծրագրի շրջանակում:
Աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր նվիրատուները հատուկ այս նպատակի համար գումարներ էին փոխանցել, ու մենք նախատեսում էինք նվերները երեխաներին փոխանցել Ամանորի նախաշեմին, բայց դեկտեմբերի 12-ից սկսած շրջափակումը հնարավորություն չտվեց նախանշված ժամկետներում այն իրականություն դարձնել: Այդուամենայնիվ, մենք կարողացանք այն իրականացնել մի փոքր ուշացումով:
Ես շնորհակալ եմ մեր բոլոր նվիրատուներին Արցախի նկատմամբ անտարբեր չլինելու և արցախցի երեխաներին փոքրիկ ուրախություն պարգևելու համար: