Տաթեւի վանական համալիրում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին ու նրա ղեկավարած պատվիրակությանը մեկ առ մեկ ծանոթացնում է մարզի 7 համայնքների՝ Կապանի, Գորիսի, Քաջարանի, Սիսիանի, Մեղրիի, Տեղի եւ Տաթեւի ղեկավարների հետ։ Ծանոթությունից հետո Լորան Վոքիեն հետաքրքրվում է համայնքներում առկա իրավիճակով՝ խոստանում առանձին-առանձին քննարկումներ ունենալ համայնքապետերի հետ։
Հիշեցնենք, մարտի 29-ին՝ Տաթեւի վանական համալիրում Սյունիքի մարզի եւ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։
Ռոբերտ Ղուկասյանը համոզված է, որ կնքված համաձայնագիրը կմնա Սյունիքի պատմության մեջ։ «Ինձ համար էական էր Տաթեւի վանական համալիրում տեսնել Ձեզ ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ղեկավար անձնակազմին մեզ հետ միասին՝ մեր դժվար պահին»,-Սյունիքի մարզպետարանում կայացած հանդիպմանը նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Կարդացեք նաև
Պատասխան խոսքում Լորան Վոքիեն նույնպես կարեւորեց սյունիքյան այցը։ «Իսկապես մեզ համար կարեւոր էր ֆիզիկապես գտնվել այստեղ, գալ նաեւ Կապան, որովհետեւ բարեկամական կապեր հաստատելու համար պետք է հասկանալ իրար, տեսնել այստեղի լեռները, աշխարհագրության կարեւորությունն ու ընկալել, թե այս իրավիճակում ինչպես կարող ենք օգտակար լինել։ Ամենաառաջին բանը, որ կանենք, մեր քաղաքական կշիռն օգտագործելն է՝ Ֆրանսիային, Եվրոպային իրազեկելու ու ձեր ձայնը լսելի դարձնելու համար, որովհետեւ այստեղ կատարվողը ոտնձգություն է երկրի ինքնիշխանության հանդեպ»,-մասնավորապես ասաց նա։
Լորան Վոքիեի խոսքով՝ երկուստեք պետք է ձգտել, որ մեկ տարվա ընթացքում Սյունիքի բոլոր 7 համայնքներն իրենց շրջանում ունենան քույր-քաղաքներ ու այդ համատեքստում արդեն իսկ կնքած համաձայնագրեր։
Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը տեղեկացրեց, որ Կապանն արդեն իսկ հարաբերություններ է սկսել Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Լուար դեպարտամենտի Սենտ-Էտյեն քաղաքի հետ, ու սկիզբ է դրվել քույր-քաղաքներ դառնալու գործընթացին։
Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահը անվանական հուշամեդալներ ու նվերներ էր պատրաստել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզպետի տեղակալներ Նարե Ղազարյանի եւ Հայկ Հարությունյանի, մարզի 7 համայնքների ղեկավարների համար։ Նվերները Լորան Վոքիեն հանձնեց Գորիսի «Խորեայի ձորում»՝ պաշտոնական ընթրիքի ժամանակ։
Նկատելով Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ պարոն Վոքիեն խոստովանեց, որ չէր պատկերացնում, որ օրենսդիր մարմնի անդամներն այստեղ կլինեին։ «Տեղյակ չէի՝ որ այստեղ կլինեք, դրա համար չեմ նախապատրաստվել, բայց անպայման ձեզ համար անվանական մեդալներ կպատրաստենք»,-ասաց ֆրանսիացի պաշտոնյան։ Նշենք, որ համաձայնագրի ստորագրմանը հրավիրված էին նաեւ ծննդով սյունեցի բոլոր պատգամավորները, սակայն միայն 3 հոգի՝ կառավարող ուժի ներկայացուցիչներ՝ Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանն ու Արմեն Խաչատրյանն էին ներկա։
Սյունիքի մարզպետը Լորան Վոքիեին անվանական ժամացույց ու «Արարատ․ Շառլ Ազնավուր» կոնյակ նվիրեց, իսկ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ Վահանավանքի վանական համալիրը պատկերող գեղանկար։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ