Այսօր Սարդարապատում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Սարդարապատում Ապրիլյան պատերազմի տարելիցին նվիրված արարողություն էր կազմակերպել, կուսակցությանն անդամագրվեցին եւ երդվեցին 60 քաղաքացիներ։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում հիշեցրեց՝ Սարդարապատը հայ ժողովրդի պայքարի, պետականություն կերտելու եւ անձնազոհությամբ հայրենիքը պաշտպանելու հայ ժողովրդի հերոսական էջերից է։
«Դուք նման որոշում եք կայացրել հայրենիքի համար այս ճակատագրական ժամանակ, դուք այդ որոշումը կայացրել եք այն ժամանակ, երբ հայ մարդը վստահություն չունի իր ապագայի նկատմամբ, երբ հայկական Արցախը շրջափակված է իսկ թշնամու զորքերը Հայաստանի տարածքում։ Դուք այսօր անդամագրվում եք Դաշնակցությանը հենց այդ իրավիճակը փոխելու համար»,-ասաց Սաղաթելյանը։ Նա, դիմելով ՀՅԴ-ին անդամագրվողներին՝ ասաց՝ մեր ուսերին այսօր կա մեծ ու ծանր, պատմական պատասխանատվություն։
«Միանալով Դաշնակցությանը՝ դուք ձեր կյանքն ու ճակատագիրը անքակտելի թելերով կապում եք ձեր հայրենիքի ու ժողովրդի ճակատագրին, միանում եք 133 տարիների պատմությանը՝ պարտավորվելով շարունակել այն։ Դաշնակցությունը գաղափարակիր նվիրյալների կազմակերպություն է, որտեղ հայ մարդը զինվորագրվում է հայրենիքի ու սեփական ժողովրդին ամեն գնով պաշտպանելու գործին։ Միակ բանը, որ կարող է Դաշնակցությունն առաջարկել՝ հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը զինվորագրված մարդուն, դա պայքարն է»,-ասաց Սաղաթելյանը։
Կարդացեք նաև
Նա դիմեց նաեւ արցախցիներին, նշեց՝ հայ ժողովուրդը, համասփյուռ հայությունը ձեր կողքին է։
«Այսօր մեր ճակատագիրը տնօրինում է Հայաստանի իշխանության ղեկին հայտնված թուլամորթ, բախտախնդիր, թշնամու առաջ ծնկի եկած, արժանապատվությունը կորցրած մի խմբակ, որոնք սեփական ժողովրդին փորձում են կերակրել, որ սեփական ժողովուրդը, բանակը վախկոտ է, դասալիք եւ դավաճան է։ Դրանով փորձում են կոտրել մեր ժողովրդի արժանապատվությունը եւ երկիրը տանել նոր կապիտուլյացիայի։ Մեր ժողովուրդը նույն այն ժողովուրդն է, ով հաղթեց Սարդարապատում եւ վերականգնեց պետականությունը, այն ժողովուրդն է, ում զավակները պատժեցին ցեղասպանության կազմակերպիչներին, այն ժողովուրդն է որը Արցախյան պատերազմում հաղթած, ապրիլյան պատերազմում թշնամուն արժանապատվորեն դիմակայած ժողովուրդն է։ Պարզապես այսօր այդ ժողովրդին փորձում են ղեկավարել դասալիքներ։ Բոլոր փորձերը ժողովրդին տանել նոր կապիտուլյացիայի՝ ձախողվելու է։ Այսօրվա իշխանության բանաձեւը՝ հանձնվել հանուն փրկության, մենք մերժում ենք։ Փրկության ճանապարհը պայքարն է»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ