Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի երեք համայնքում քարտեզագրված սոցիալական խնդիրների փաթեթներն ընդգրկվել են համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերում (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 02,2023 14:51

«Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագիրն  արդեն մի քանի ամիս է, ինչ Սիսիանում, Գորիսում եւ Տաթեւում համատեղ  իրականացնում են Գորիսի «Գործընկերություն եւ ուսուցում» հասարակական կազմակերպությունը,  Հայաստանի սոցիալական աշխատողներին ասոցիացիան ու «Հիլֆսվերկ Ինթերնեյշնլ»-ը։

Ծրագրի եռամսյա ընթացքը կազմակերպիչները ներկայացրին օրերս նախաձեռնած քննարկմանը։ Թիրախ համայնքների աշխատանքային խմբերի առաջարկած սոցիալական տեղական ծրագրերն ընդունվել են համայնքների ավագանու կողմից եւ ընդգրկվել  են համայնքների զարգացման 5-ամյա ռազմավարական ծրագրերում։ Այս փոփոխությունը «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ-ի նախագահ Արտաշես Տոռոզյանը կարեւոր ձեռքբերում է համարում։ «Նման փաստաթղթում սոցիալական պլանների ներառելը նշանակում է, որ  դրանք կարեւորվել են համայնքների  ու բնակիչների կողմից, գնահատվել է  բավականին երկար կատարված աշխատանքն ու  կա պատրաստակամություն՝ համայնքի կողմից՝  դրանք կյանքի կոչելու համար»,-ասաց  Արտաշես Տոռոզյանը։

 

Ներկայացված ծրագրերից ֆինանսավորվել են երեքը․ «Գորիսի համագործակցության կամար»  ՀԿ-ի՝ «Տարեցների խնամքի եւ ժամանցի կենտրոնի» ծրագիրը կիրականացվի Գորիս համայնքում, Տաթեւում՝ «Երեխաների զարգացման եւ ժամանցի ցերեկային կենտրոն» ծրագիրը կիրականացնի «Գորիսի նոր սերունդ» ՀԿ-ն, իսկ Սիսիանում՝ «Վորլդ Վիժիոնը» կյանքի կկոչի «Կյանքի դժվարին վիճակում գտնվող երեխաների համար կյանքի որակի բարելավմանը նպաստող հասանելի ծառայություններ» ծրագիրը։

Ծրագրերը ֆինանսավորել են Եվրոպական միությունն ու  Ավստրիական Զարգացման գործակալությունը (ADA)։

Արտաշես Տոռոզյանը նաեւ կարեւորեց թիրախ համայնքներում տեղական ցանցերի ձեւավորումը՝ 15-17 աշխատանքային խմբեր, որոնցում տարբեր մասնագետներ են ընդգրկվել։ Միջոլորտային ցանցերի ներկայացուցիչները ներկայացրեցին նաեւ իրենց համայնքների տեղական սոցիալական պլանները, դրանց ընթացքն, ինչպես նաեւ դժվարություններն ու մարտահրավերները, որոնց բախվել են ծրագրի ընթացքում։

Հայաստանի սոցիալական աշխատողներին ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն առանձնացնում է մասնակցային գործընթացը, որտեղ սոցիալական ծառայություն մատուցող մասնագետներն ու այդ ծառայություններից օգտվողները միասին աշխատել են, քարտեզագրել համայնքների կարիքներն ու սահմանել լուծում պահանջող հարցերի առաջնահերթությունները։

«Կարող եմ ասել՝ ըստ ծրագրի գործողությունների՝ հասել ենք մեր նպատակին։ Միաժամանակ՝ ընթացքում նոր խնդիրներ են արձանագրվել, որոնք լուծման կարիք ունեն։ Մասնավորապես՝ Սյունիքում սոցիալական աշխատողների պակաս կա։ Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի առաջիկա ծրագրերում ստեղծել մի համակարգ, որտեղ կադրեր կպատրաստենք, մարդկային ռեսուրսների բանկ կունենանք, որպեսզի մասնագետները կարողանան որակյալ սոցիալական ծառայություններ մատուցել»,-նշեց տիկին Անտոնյանը։

Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը համոզված է՝ որ ծրագիրն առաջիկայում կընդլայնի աշխարհագրությունը։ «Կցանկանայի, որ իրականում ծրագրերը հասնեն իրենց նպատակին, որպեսզի բնակիչները զգան փոփոխությունները, բարելավվի նրանց կենսակերպը»,-նշեց մարզպետի խորհրդականը։

Հանդիպում-քննարկմանը ներկայացվեց «Մարդը կարիքի մեջ»  կազմակերպության կողմից իրականացվող  «Գործընկերություն Սյունիքի համար․ ընդլայնված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը։

Այն մեկնարկել է այս տարվա փետրվարից, տեւողությունը  36 ամիս է։ Ծրագրի ղեկավար Դավիթ Դադալյանը ներկայացրեց դրա բաղադրիչներն ու հիմնական ուղղությունները։ Այս ծրագիրն էլ  ֆինանսավորվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930