Ապրիլ 1-ին UWC Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սաների ավարտական արարողությանը: Ծրագրի շրջանավարտների առաջին սերունդը՝ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ համայնքներից 32 երիտասարդ, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացը, ներկայացրեցին իրենց մշակած Անդրոիդ բջջային հավելվածները:
Միջոցառմանը ներկա էր նաև UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը: Նա Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց կրթական ծրագրի տարածումը երիտասարդության շրջանում: «Առաջին հերթին կարևորում եմ, որ այս սաները կարողացել են յուրացնել ուսուցման այս բարդ ծրագիրը` ստանալով բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքներ: Այս ծրագրում կարևորն ամենևին դիպլոմը չէ: Կարևորն այն է, որ նրանք հաղթահարել են բազում դժվարություններ, ծանոթացել միմյանց հետ և դարձել մի մեծ թիմի անդամ: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է հավատա, որ մեծ ցանկության և շատ աշխատելու դեպքում կարող է հասնել ամեն ինչի: Մենք լիահույս ենք, որ Սամսունգի հետ կունենանք երկարատև համագործակցություն: Սամսունգն այն ընկերությունն է, որ իր հաջողության շեշտը դրել է ստեղծագործական և տեխնոլոգիական զարգացումը համադրելու վրա: Մենք նույնպես հավատում ենք հաջողության հասնելու այդ գրավականին և համոզված ենք, որ մեր սաներն իրենց ստեղծած ծրագրերում կարողացել են զուգահեռներ տանել ստեղծագործության և բարձր տեխնոլոգիաների միջև»,-նշեց Զոնաբենդը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` UWC Դիլիջանի