«Հայացք Երևանից» – Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ թշնամին դարձյալ ՀՀ տարածք է ներխուժել՝ գրավելով ավելի քան 60 հեկտար տարածք Տեղ գյուղում։ Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին հերթական «գրոհի» փոխարեն ՀՀ վարչապետը լավ կաներ հայկական կողմի պաշտպանությունը եւ հակահարձակումը կազմակերպեր:
Հայաստանի տարածքը ծվատում են, եւ այս իրավիճակում Բաքվին ու նրա դաշնակից Մոսկվային դասեր տալու միակ տարբերակը հայկական կողմի մոբիլիզացման՝ զորաշարժի կազմակերպումն է եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու գործընթացի նախաձեռնումը։
Դրա փոխարեն մենք անվերջ լսում ենք «խաղաղության պայմանագրի» անհեթեթությունը. քո դեմ պատերազմ են մղում, դու խաղաղասերի թիկնոցը գցած՝ խաղաղության երգն ես երգում։
Պետությունը, պետական կառավարումը նրա համար է, որ ապահովի պետության տարածքային անձեռմխելիությունը, երկրի անվտանգությունը, մարդու իրավունքները։
Կարդացեք նաև
Եթե իշխանությունը չի կարողանում ապահովել այդ ամենը՝ կա երկու ճանապարհ. դիմել ժողովրդին՝ համընդհանուր զորաշարժի համար եւ/կամ՝ հեռանալ իշխանությունից, ինչպես ընդունված է քաղաքակիրթ աշխարհում։
Նիկոլ Փաշինյանի իշխանության այս անպատասխանատվությունն ու անկարողությունը հետեւանք են անհեթեթ կադրային քաղաքականության, պետական կառավարման մասին պատկերացումների իսպառ բացակայության եւ իրեն Աստծո տեղ դնելու մեծամտության։
Այո՛, բոլորն էլ կարող են մեղավոր լինել ու մեղքի ահռելի կամ պակաս բաժին ունենալ՝ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, միջազգային հանրությունը, բայց պետության համար պատասխանատվություն կրում են իշխանությունը եւ որոշակի չափով նաեւ հասարակությունը։ Համընդհանուր անպատասխանատվության այս մթնոլորտը պարզապես կարող է խեղդամահ անել մեր երկիրը։
Աշխարհում ազգեր կան, որոնք երազում են պետություն ունենալ, իսկ մենք դժվար ստեղծված մեր պետությունը հրում ենք դեպի անդունդը։
Սերունդները մեզ չեն ների:
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ