«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, որպես պանելային քննարկման բանախոս, մասնակցել է «Կանանց քաղաքական առաջնորդության ԿԱՏԱՐԻՆԵ կոնֆերանսին»։
«Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Շվեդիայի նախկին արտգործնախարար Անն Լինդեն, «Կատարինե» ծրագրի շրջանավարտներ Մարի Թևոսյանն ու Աղունիկ Հազրյանը։
Մասնակիցները ներկայացրել են ճգնաժամային իրավիճակներն արդյունավետ կառավարելու սեփական փորձը, խոսել արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ կարողությունների, առաջնորդությունում կանանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտության ու հեռանկարների մասին։
Կարդացեք նաև
«2020-ի պատերազմից 10 օր հետո տեղափոխվեցի Արցախ, ու հասկացա, որ այն, ինչ կատարվում է Արցախում, պարզապես ճգնաժամ չէ․․․ Որոշեցի մնալ Արցախում ոչ միայն ապրելու, այլև իմ փորձն ու գիտելիքը գործի դնելու, օժանդակելու սոցիալական խնդիրների լուծմանը։ Մնալու որոշում կայացնելիս, ոչ մի վայրկյան չեմ տատանվել, հասկանալով և՛ ռիսկերը, և՛ պատասխանատվությունը։ Եվ սա, ինչպես նաև արագ ու համապարփակ որոշումներ կայացնելը, ռիսկային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը, առաջնահերթություններ սահմանելն ու ամեն ինչ հասցնելը այն հմտություններից ու կարողություններից են, որոնք պետք են ճգնաժամային իրավիճակներում, և որոնք բնորոշ են հենց կանանց։ Կանայք գիտեն՝ ինչ է պետք անել նախ և առաջ։ Կանայք ի բնե են պաշտպանում իրենց տունը, ընտանիքն ու պետությունը»,- ասել է Մանե Թանդիլյանը։
Բանախոսների ելույթներին հաջորդել է ակտիվ հարց-պատասխան քննարկում, հնչել են հարցեր առաջնորդությունում և քաղաքականությունում կանանց ներգրավվածության բարձրացման, նաև երիտասարդների մոտիվացիայի և աջակցման, կանանց հանդիպող խոչընդոտների, դրանց հաղթահարման ճանապարհների և այլ կարևոր խնդիրների վերաբերյալ։
«Ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ այն պահին, երբ հասկացա, որ իմ խնդիրները որևէ մեկը չի պատրաստվում լուծել։ Շարունակում եմ հավատալ, որ կանայք քաղաքական դաշտում որոշումների կայացման մեջ կարևորագույն դեր ու առաքելություն ունեն։ Հենց այսօր է նրանց ժամանակը»,-վստահեցրել է Մանե Թանդիլյանը։
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ»