«Երբ մոտեցանք Տեղ գյուղի մոտ տեղակայված ոստիկանական անցակետին, պարզվեց, որ գիշերը ոստիկանները հերթափոխը հանձնել, գնացել են տուն, հաջորդ օրը եկել են, ու իրենց անցակետն արդեն այդ մի քանի կիլոմետր եղել է դեպի առաջ։ Այսինքն՝ թշնամին առաջացել է առանց կրակոցի»,- Aravot.am-ի հետ զրույցում պատմեց 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Նա նոր է վերադարձել Տեղ գյուղից։ Անդրադառնալով ԱԱԾ-ի հաղորդագրությանը ադրբեջանական կողմի առաջ գալու վերաբերյալ՝ նա ասաց․ «Մեզ ցույց տվեցին՝ դիմացի սարին ամենաբարձր դիրքերն են վերցրել։ Ամեն տեղ բոլոր բարձր դիրքերը իրենք վերցնում են հսկողության տակ սրանց լուռ համաձայնությամբ։ Մենք մնում ենք ափսեի նման իրենց դիտակետում։ Մեզ ցույց էին տալիս, ասում էին՝ տեսնում եք այն սպիտակ վրանը, այնտեղ հիմա ադրբեջանցիներն են։ Երբ ասում են 500-1000 մետր, նկատի ունեն, որ իրենք այնտեղ են, բայց այդ արանքում 3000 կամ 4000 մետր բուֆերային գոտին է, որ ձևավորվել է, դա ևս մեր հաշվին է։ Հետևաբար դա ոչ թե 500 կամ 1000 մետր է, այլ 5000 մետր, քանի որ բուֆերն էլ է մեր հաշվին եկել առաջ։ Ստացվում է՝ ադրբեջանցիները գալիս են առաջ, վերցնում ամենակարևոր նշանակետերը, դիրքերը, և դա մարդկանց մոտ առաջացնում է հերթական հուսահատությունը։ Ոստիկանները չուզեցին անուններ հրապարակել, բայց ասացին՝ մենք պատրաստ ենք կանգնել մինչև վերջ, բայց գոնե եկեք մեր կողքին կանգնեք, քանի որ մենք մենակ որևէ բան անել չենք կարող։ 44-օրյայի, սեպտեմբերյան ագրեսիայի սցենարը որևէ մեկը մոռացել է՞։ Հուսահատություն են առաջացնում, թե չենք կարողանում, բայց իրենք ամեն բան պայմանավորվել են։ Ասում են՝ եթե չեք ուզում մորթվել, ուրեմն զիջում եք։ Ու այսպես քայլ առ քայլ գալիս են առաջ։ Սա է իրավիճակը»։
Մեր փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դիրքային փոփոխություն չի եղել, Նաիրա Մելիքյանն այս առիթով արձագանքեց․ «Սուտ է ասում։ Նա 2018-ից ի վեր ինչ ասես հայտարարում է։ Բայց մենք տեսնում ենք՝ իրականում ինչ է կատարվում։ Պատերազմի օրերին իրենք հայտարարում էին, որ մենք հաղթում ենք, հաղթեցի՞նք։ Ազգը պետք է զարթնի։ Ես գնացի, տեղում ինքս իմ աչքով տեսա, համոզվեցի։ Հավատամ Նիկոլ Փաշինյանին կամ ԱԱԾ-ի՞ն, թե՝ չհավատամ»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն էր համայնքի բնակիչների տրամադրվածությունը, Նաիրա Մելիքյանն ասաց․ «Հեքիաթ է, որ ասում են՝ մարդիկ պատրաստ են թուրքերի հետ ապրել։ Ի՞նչն են պատրաստ։ Այդ մարդիկ ճար չունեն։ Եթե քո իշխանությունը դավադիր է, ժողովուրդն ի՞նչ անի։ Այդ նույն ոստիկաններից մեկը համարյա լացակումած ասում էր՝ Սիսիանում մի քանի ժամ լույսը անջատել են տարբեր տեղամասներում։ Գիտեք՝ ընտրությունների ժամանակ լույսն անջատելն ինչ է նշանակում։ Մենք այստեղ հայհոյում ենք, թե սիսիանցիներին Նիկոլ են ընտրում, բայց տեղում, որ ասում ես, պարզվում է՝ այդպես չէ։ Կարող է մի հատված ընտրել է, բայց հիմնական մասը չի ընտրել։ Այդպես ներկայացվում է։ Դա էլ է ծրագրի մի մասը։ Կարծում եմ՝ չպիտի լռենք, պետք է մարդիկ, անհատները, որոնք կարող են, թեկուզ փոքր քայլով, նորից պիտի բացեն ժողովրդի աչքերը։ Այո, ծախսած է, խաբված է, մանիպուլյացիաները սարսափելի են, մեր դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, սարսափելի մեքենա է գործում ներսից ու դրսից, բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվենք, ասենք՝ եկեք մեր երկիրը վերցրեք, մենք հուսահատված ենք։ Ամենալավ տարբերակը պայքարելն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Նաիրա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից