Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ ստատուտը ստորագրել էր 1999թ–ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր ՍԴ-ի` 2004 թվականի որոշմամբ, որով այս փաստաթուղթը ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող։ Ու մեկնաբանություններ կան, որ 2004-ի այդ որոշումից հետո ՍԴ-ն ընդհանրապես իրավունք չուներ նորից նման գործ քննելու՝ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, ըստ որի՝ ՍԴ որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն: Բայց 2023 թ. մարտի 24-ին ՍԴ-ն այս անգամ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Հռոմի ստատուտը: Թեեւ Սահմանադրության այն 2 դրույթները, որոնց հակասել է Հռոմի կանոնադրությունը՝ ո՛չ 2005 թվականին, ո՛չ էլ 2015 թվականին որեւէ իմաստային փոփոխության չէին ենթարկվել:
Այս քայլին կառավարությունը գնաց, ըստ անցած տարվա դեկտեմբերի 29-ի ՀՀ կառավարության նիստում հայտարարված նպատակի, «Որպեսզի Հայաստանը կարողանա ՄՔԴ կանոնադրությունը կիրառելի դարձնել 2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների նկատմամբ, վավերացմանը զուգահեռ անհրաժեշտ է ընդունել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով՝ 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00:00-ից սկսած ճանաչելու մասին հայտարարություն»։ Ընդգծենք, խոսքը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված հանցանքների համար պատասխանատվության մասին չէ, քանի որ հետադարձությունը տրվում է 2021 թվականի մայիսից, եւ խոսքը բացառապես Հայաստանի, այլ ոչ Արցախի տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների մասին է:
«Դժվար է ասել այս պահին, բայց որոշ չափով կարող է նաեւ շրջափակմանը վերաբերել, այն տեսանկյունից, որ դրա հետեւանքների մի մասը նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում է զգացվում՝ ընտանիքները իրարից բաժանելու տեսանկյունից: Բայց դա մի քիչ բարդ հարց է՝ ես միանշանակ դիրքորոշում այդ մասով չհայտնեմ»,- ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը:
Մյուս հյուրը՝ միջազգային իրավունքի մասնագետ Աննա Մելիքյանը նշեց. «Միջազգային քրեական դատարանն օգտագործվում է միայն այն դեպքում, երբ ինչ որ պետություն չի կարողանում իր ներքին ուժերով պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կատարել են շատ լուրջ հանցագործություններ՝ պատերազմական, մարդկության դեմ ուղղված, ցեղասպանություն: Այսինքն՝ առաջին խնդիրը ներպետական մակարդակում պատասխանատվության ենթարկելն է: Մեր խնդիրը ՀՀ դեմ կամ իր տարածքում կատարված հանցագործությունների դեպքում այն էր, որ մենք գործուն լծակ չունեինք արդեն իսկ գործող, այդ թվում՝ միջազգային համագործակցության շրջանակներում՝ Ինտերպոլի, Եվրոպոլի եւ այլն, ապահովելու, որ նաեւ Ադրբեջանի կողմից հանցագործությունների ենթադրյալ կատարողները կամ կազմակերպիչները մեր պետության տարածքում կենթարկվեն պատասխանատվության: Ուստի սա լրացուցիչ երաշխիք է՝ առաջին հերթին մեր քաղաքացիների, զոհերի պաշտպանության համար»:
Կարդացեք նաև
Ինչպես Թուրքիան, այնպես էլ Ադրբեջանը Հռոմի ՄՔԴ կանոնադրության անդամ չեն: Եվ Ադրբեջանն անտեսում է միջազգային իրավական կառույցների որոշումները, ասենք՝ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումը, որով Բաքվին պարտավորեցրել էին անխափան երթեւեկություն ապահովել Բերձորի միջանցքով: Այս մասին հիշեցմանն արձագանքելով՝ Արա Խզմալյանը մասնավորապես ասաց. «Այն, որ որոշակի գործողությունը վերջնական նպատակին չի հասնում՝ չի նշանակում, թե ինքն ազդեցություն չունի: Այսինքն՝ մենք չպիտի համարենք, որ այ, ՄԻԵԴ-ի որոշումը մեզ օգուտ չտվեց, այ, Արդարադատության միջազգային դատարանի որոշումն արդյունք չտվեց՝ ուրեմն, դրանք առհասարակ անարդյունավետ են: Ոչ: Ցանկացած այդպիսի որոշում կուտակային էֆեկտ ունի, դիվանագիտական հարթությունում է օգուտ տալիս, տեսականորեն՝ պատժամիջոցների համար է հիմք նախապատրաստում»:
Առանց վավերացնելու էլ՝ Միջազգային քրեական դատարանը կարող էր նախաձեռնել իրավական գործընթաց: Ռուսաստանը և Ուկրաինան Հռոմի կանոնադրությունը վավերացրած պետություններ չեն, սակայն ՌԴ նախագահի նկատմամբ ՄՔԴ-ն կալանավորման որոշում կայացրեց 2023 թվականի մարտի 17-ին: Այս մասին հիշատակմանն ի պատասխան էլ Աննա Մելիքյանը մասնավորապես հիշեցրեց. «Ռուսաստանի եւ Ուկրաինայի պարագայում 40-ից ավելի պետություններ միջնորդել են դատարանի առջեւ, որպեսզի այդ քննությունը նախաձեռնվի»:
Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանը կպարտավորվի՞ կատարել Հաագայի դատարանի՝ ավելի վաղ ընդունած որոշումները, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կալանավորման վերաբերյալ: Այս մասին մասնագետների եզրահանգումները՝ դիտեք ամբողջական զրույցում:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ