Մարտի 31-ին կայացավ Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը վարեց Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Օրակագում ներառված էր Իջևան խոշորացված համայնքի փողոցներում ճանապարհային անվտանգության նոր նշանների, հետիոտնային գծանշումների ավելացման հարցը։
Ավագանու որոշումով ընդունվեց նաև համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ ձևավորելու կարգը։ ԽՄ-ները համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող մարմիններ են, որոնց միջոցով ապահովվում է համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը համայնքի կառավարմանն ու զարգացմանը:
ԽՄ-ները, որպես համայնքի բնակիչների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների միավորված խումբ, կարող են խորհրդատվություն, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին՝ այդպիսով ակտիվ մասնակցություն ունենալով համայնքում քաղաքականությունների մշակման, որոշումների ընդունման և դրանց իրականացման արդյունքների մոնիթորինգի և գնահատման գործընթացներին: Համայնքի ղեկավարին կից ձևավորվում և գործում են թվով երեք ԽՄ-ներ: Դրանք են`
Կարդացեք նաև
1.համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ,
2.քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ,
3.կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ