Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառուցապատողների համար շատ մեծ անակնկալ էր։ Բոլորն օր առաջ ուզում են ստանալ լույսը, որ նախկին սակագներով միանան էլեկտրամատակարարման համակարգին». «Հրապարակ»

Ապրիլ 01,2023 11:33

Երեկ առավոտվանից կառուցապատողները ցայտնոտի մեջ էին ընկել։ Գիշերն են իմացել, որ մինչեւ ապրիլի 1-ը բնակարանների, տարածքների, շենքերի էլեկտրամատակարարումն ապահովելու համար սահմանված վճարները կտրուկ թանկացել են։ Նախկին 200 հազար դրամի փոխարեն «ցանցին» 1 բնակարան միացնելու համար ապրիլի 1-ից պահանջվելու է մինչեւ 1 մլն դրամ գումար։ Եթե, օրինակ, շենքում 100 բնակարան կա, ապա դրանց էլետրասնուցումն ապահովելու համար ապրիլի 1-ից հետո պետք է վճարեն ոչ թե 21 մլն դրամ, ինչպես նախկինում էր, այլ մոտ 1 մլրդ։ Հասկանալի է, որ երեկ կառուցապատողները պատրաստ էին անգամ կաշառք տալ՝ մինչեւ ապրիլի 1-ը «ցանցերին» միանալու համար, եւ մարտի 31-ին «ցանցերի» չինովնիկներն ահռելի փողեր բռնեցին։ Եվ, առհասարակ, այսուհետ էլցանցի բաժանորդ դառնալը թանկ հաճույք է լինելու։

«ՀԾԿՀ-ն դեկտեմբերի 28-ին որոշում է ընդունել, որը E-draft համակարգում շրջանառվել է, բայց մենք այն չենք տեսել, չենք նկատել։ Ի վերջո, կարող էինք չնկատել։ Սա կառուցապատողների համար շատ մեծ անակնկալ էր։ Բնականաբար, բիզնեսի մոտ անհանգստություն կա։ Բոլորն օր առաջ ուզում են ստանալ լույսը, որ նախկին սակագներով միանան էլեկտրամատակարարման համակարգին, բայց հարցն այն է, որ բոլորը չեն հասցնի ֆիզիկապես դա անել, այսինքն՝ մեկ օրում դիմումները մուտք անել»,- ասում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Սպասվող փոփոխության մասին ինչո՞ւ հանձնաժողովն ավելի վաղ չի տեղեկացրել հանրությանը։ ՀԾԿՀ-ից պատասխանում են, որ որոշման նախագիծը երկար ժամանակ տեղադրված է եղել E-draft համակարգում, քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր սպառողների շահերն են ներկայացնում, եւ ոչ մի արձագանք չի եղել։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ խոսնակ Նատալյա Սարջանյանն էլ պնդում է՝ ՀԷՑ-ը թանկացման հետ կապ չունի։ «Սակագների հետ մենք ոչ մի կապ չունենք, որեւէ սակագին մենք չենք սահմանում, դա ամբողջը հանձնաժողովի դաշտում է, մեկնաբանություններն իրենցից վերցրեք»։ «Հրապարակի» հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ հարցադրումը՝ թանկացման հայտը ներկայացվել է ՀԷՑ-ի կողմից, իսկ հանձնաժողովը տարբեր կառույցների՝ նախարարության, ՀԿ-ների հետ վերլուծել եւ քննարկել է վճարների փոփոխությունը 2022 թվականի սկզբից։ Ըստ Բաղրամյանի՝ սղաճի պատճառով նոր շենքերի՝ էներգահամակարգին միացման ծախսերն ավելացել են, եւ ՀԷՑ-ից ավելի շատ ներդրումներ են պահանջվել, քան նախկինում։

Ո՞րն է թանկացման հիմնավորումը։  

– Միշտ եղել է սկզբունք, որ ցանկացած նոր միացող բաժանորդ պետք է խնդիրներ չստեղծի գոյություն ունեցողների համար։ Ի սկզբանե հաշվարկված է եղել, որ ծախսերի 40-50 տոկոսը միացման վճարն է ծածկում, մնացած չափով ներդրում է իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, եւ ընդհանուր սակագնով բոլորը փոխհատուցվել է։ Բայց նոր միացողը, քանի որ ավելի կիլովատ է սպառում, հաշվարկն այդպես է արվել, որ տարիների ընթացքում սակագնային բեռը զրո դառնա։ Քանի որ 2008 թվականից սկսած մեծ սղաճ է տեղի ունեցել։ Մի տարի է, մենք ուսումնասիրել ենք ՀԷՑ ներդրումային ծախսերը, որոնք մեծացել են, բնականաբար, սակագների վրա բեռ է առաջացել, այսինքն՝ միացման վճարներն ընդամենը 10 տոկոսն էին ծածկում։ ՀԷՑ-ը, օրինակ, 100 մլն ծախսում էր, շենքը միացնում էր համակարգին, բայց շենքը միայն 10 մլն-ն էր վճարում։ Բնականաբար, մնացած ամբողջ բեռը նստում էր սակագների վրա։ Այսինքն՝ հիմա նորից վերականգնվել է բալանսը։

Դա ՀԷՑի պահանջո՞վ է եղել՝ այդ թանկացումը։

– Ոչ, դա եղել է ընդհանուր ուսումնասիրության արդյունքում։ Նայեք, ՀԷՑ-ն ունի ներդրումային ծրագիր։ Նախատեսված էր, որ միացման վճարներին պետք է հատկացնի 3,5-4 մլրդ դրամ։ Մնացած ռեսուրսը պետք է ուղղի, օրինակ, լարումների շեղումների կրճատմանը, վթարների վերացմանը եւ այլն։ Հիմա եթե 3,5-4 մլրդ-ն դարձել է 15 մլրդ, որովհետեւ միացման վճարները չէին ծածկում ծախսի 40-50 տոկոսը, մնացած ներդրումային ռեսուրսը պակասել էր։ Նույն ՀԷՑ-ը հարց է բարձրացնում, ասում է՝ ես իմ ռեսուրսով նախատեսել եմ 3,5-4 մլրդ, մնացածով պահանջում եք, որ լարումների շեղումներն ուղղեմ, որից միշտ բողոքում ենք, բայց էլ ռեսուրս չի մնում, որ ուղղեմ մնացած աշխատանքներին։

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ հասարակական կառույցների հետ եղել են քննարկումներ, սակայն նույն «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ, որը քաղաքաշինության ոլորտում կառուցապատողներին միավորող ինստիտուցիոնալ կառույց է եւ ամենաշահագրգիռն է այս հարցում, որեւէ քննարկում չի եղել։ ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը «Հրապարակին» հայտնեց, որ ոչ մի ֆորմատով իրենց հետ հարցը չի քննարկվել, թեեւ հենց իրենք են շահագրգիռ մասնագիտացված ՀԿ-ն։ «Երբ մենք իմացանք, որ այսպիսի խնդիր կար, ուշ էր, որոշումն արդեն ընդունված էր։ Նման քննարկում ոչ մի ֆորմատով չի եղել։ Ավելին՝ մենք ունենք էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային խմբի ֆորմատ, որում ներկայացնում ենք քաղաքաշինության խնդիրներ, իրավական փոփոխություններ, վարչարարության գործընթացներ, պետական մարմինների հետ կրճատման հարցեր եւ այլն, ու կարող էին այս հարցը ներկայացնել, բայց չեն ներկայացրել»,- ասում է Գրիգորյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930