Ադրբեջանի կառուցողականության վրա հույս դնելն անշնորհակալ գործ է, եւ Բաքուն դա ապացուցեց հերթական սադրիչ գործողություններով: Որպեսզի հասնի իր բաղձալի նպատակին՝ սահմանային էսկալացիային, ադրբեջանական պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն ակնկալում էր ՀՀ տարածք ներխուժմանն ի պատասխան հայկական զինված ուժերի գործողությունները: Դրանով Բաքուն կկարողանար նաեւ հիմնավորել արդեն մեկ ամիս պարբերաբար տարածած իր կեղծիքը, թե Հայաստանը սադրանք էր նախապատրաստում՝ օգտվելով ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունից: Արձանագրելով ներխուժման փաստը՝ ՀՀ ԱԱԾ-ն շեշտել էր, որ քայլեր են ձեռնարկվում խնդիրը հարթել առանց սահմանային էսկալացիայի, ինչը, բնականաբար, ադրբեջանցիների պլանների մեջ չէր մտնում:
ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հերթական դեպքը կարձանագրվի ԵՄ դիտորդական առաքելության կողմից, եւ դրա մասին կտեղեկացվեն եվրոպական ու միջազգային կառույցները: Սպասել, որ այն ինչ-որ չափով կազդի պաշտոնական Բաքվի վարքագծի վրա, ճիշտ չի լինի: Թերեւս, միջազգային հանրությունը մեկ անգամ եւս կհամոզվի Բաքվի ոչ կառուցողական կեցվածքի, ագրեսիվության մեջ, որ նրա գործողությունները տրամագծորեն հակադրվում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին այդ պետության ղեկավարի հնչեցրած պարբերական հայտարարություններին:
Մյուս կողմից էլ՝ ՀՀ սահմանից մի քանի հարյուր մետր առաջ գալու համար հսկայական քարոզչական նախապատրաստություն եւ զորքերի մեծ տեղաշարժեր կազմակերպելն առաջին հերթին խոսում է պաշտոնական Բաքվի չկառավարվող վախերի մասին: Վերջինս ունի մտավախություններ, որ իր՝ պարբերաբար գործած ագրեսիային կարող է համարժեք պատասխան լինել, ինչը, ի դեպ, հիմնազուրկ չէ:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: