Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կարեւոր ինստիտուտը «վերագործարկվելու է»

Ապրիլ 01,2023 10:00

Մարդու իրավունքների նախորդ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարական է տվել հունվարի 23-ին: Ո՛չ  տիկին Գրիգորյանը, ո՛չ էլ նրան «գործից հանողները» որեւէ բացատրություն չտվեցին, թե որոնք էին ՄԻՊ-ի գործունեության թերացումները: Ենթադրում եմ, որ «վերեւների» ցասումը կարող էր առաջանալ այն պատճառով, որ նախկին օմբուդսմենը համագործակցում էր իր արցախցի գործընկեր Գեղամ Ստեփանյանի հետ: Այսպես թե այնպես, 2,5 ամիս օմբուդսմենի կարեւոր ինստիտուտն, ըստ էության, չէր գործում:

Վերջապես, Ազգային ժողովը որոշեց անդրադառնալ այդ խնդրին. այսքան ժամանակ, հավանաբար, իշխանությունը նոր թեկնածու էր փնտրում: Ի վերջո, ընտրությունը կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի վրա:
Այստեղ կա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պահ: Դրականն այն է, որ իշխանությունը որոշել է, ի վերջո, ՄԻՊ նշանակել (հենց նշանակել, որովհետեւ ավտորիտար երկրներում «ընտրություն» բառը շատ պայմանական է՝ առաջին դեմքը ինչպես որոշի, այդպես էլ կլինի): Բայց ում էլ նշանակեն, ավելի լավ է օմբուդսմեն ունենալը, քան չունենալը: Եթե կա ինստիտուտը, ապա, թեկուզ այն գործի ոչ բավարար, դրան կարելի է դիմել, թերությունները բարձրաձայնել եւ այլն: Բացասականն այն է, որ տիկին Մանասյանը դատախազության աշխատակից է, այսինքն՝ այն գերատեսչության, որը հակված է մեղադրել, ոչ թե պաշտպանել: Բացի այդ, եթե դատախազությունը թույլ տա մարդու իրավունքների խախտում, իսկ օմբուդսմենին վերապահվի զբաղվել այդ գործով, ապա կարող է ի հայտ գալ շահերի բախում:

Դրական երեւույթ է նաեւ, որ ընդդիմությունն  այս անգամ որոշել է առաջ քաշել իր թեկնածուին: Էդգար Ղազարյանի ընտրությունը նույնպես իդեալական չէ՝ նախկին դեսպանի եւ մարզպետի հրապարակային ելույթներն ընդգծված ընդդիմադիր բնույթ են կրում, իսկ ՄԻՊ-ի պաշտոնը, որքան հասկանում եմ, քաղաքական զսպվածություն է պահանջում: Բայց, բոլոր դեպքերում, իշխանությանն այլընտրանք առաջարկելը ճիշտ է, եւ եթե ինչ-որ հրաշք կատարվի, եւ ՔՊ-ականները քվեարկեն ընդդիմադիր թեկնածուի օգտին, ապա մարդու իրավունքների պաշտպանությունը դրանից միայն կշահի: Չնայած պարզ է, որ նման բան տեղի չի ունենա, ինքը՝ բանավեճը մարդու իրավունքների շուրջ, եթե չվերածվի «թալանչի-դավաճան» սովորական լեզվակռվի,  կարող է օգտակար լինել:

Մի փոքրիկ նկատառում եւս. ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների բոլոր պատգամավորները ներդաշնակ դիրքորոշում ունենային իրենց թեկնածուի վերաբերյալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք ունենք հզոր հայասեր պետականամետ վերլուծաբան փորձագետ քաղաքագետներ, բայց չունենք հայասեր պետականամետ ընդդիմություն ու կառավարություն, մեզ օդուջրի նման պետք է հայասեր պետականամետ ընդդիմություն, որը ընդունակ լինի կառավարության թիկունքին կանգնի ու պաշտպանի նրան, երբ այդ կառավարությունը հայասեր պետականամետ գործեր է ձեռնարկում եւ միաժամանակ այդ կառավարությանը ստիպի գնալ հայասեր պետականամետ գործողությունների, եթե կառավարությունը դա չի անում: Հասկանում եմ, որ բարձր մատերիաներից իջնել ու զբաղվել պրիմիտիվ ընդդիմությամբ’ դա մեզ պալոժ չի, բայց Մեծն Սարյանը պրիմիտիվ լուսանցքներ էր գծում մեր անկախ պետության առաջին համալսարանի ուսանողների տետրերում: Այսօրվա մեր առաջամարտիկները մեր քաղաքական վերլուծաբան քաղաքագետներն են, միայն դո՛ւք հնարավորություն ունեք ուղղորդել կառավարությանը, միավորվեք եւ միակարծիք ստիպեք կառավարությանը գործել հայասեր եւ պետականամետ: ՄԻԱՑՈՒՄ:

  2. Ruben says:

    Նախկին և այսօրվա, այսպես կոչված, ընդդիմադիրների դիրքորոշումը նույնն է. Օհլոսն իր միջից է ընտրում ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և կառավարիչներ։ Այլ դասակարգ, թվաքանակի պատճառով (0,1%-ից պակաս), հանրապետությունում չի գործում։
    Ընտրություններին մասնակցում է հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիների 95-98%-ը (այսինքն՝ հանրապետությունում կա մոտ 1200-1400 հազար անձնագիր)։
    Հանրապետությունում օմբուդսմենի կարիք չկա. Որո՞նք են օհլոսի իրավունքները:

  3. Հայ says:

    Մարդու իրավունքների պաշտպանը ,ի՞նչ լծակներ ունի: Ում է՞ պետք էդ պաշտոնը,որ միայն ևս մեկ տարում գումար ստանա բյուջեից։
    Ո՞ւմ է պետք այդ հաստիքը ։Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կարելի է գնահատել որպես մի միջին,մի փոքր ընդդիմադիր լրատվամիջոցի աշխատանքի չափ։Սակայն, չգիտես ինչու դա արվում է պետության հաշվին։
    Կամ կոնկրետ լծակներ պետք է տան այդ ինստիտուտին,կամ լուծարել այն։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930