Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրանքը պաշտպանած դատախազը նշանակվել է նույն գործով դատավոր

Ապրիլ 01,2023 13:00

Վահագն Աբգարյանի պաշտպանությունը 2021թ. հոկտեմբերից ստանձնած փաստաբան Աննա Ծառուկյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորին, ինչպես նաեւ դիմել միջազգային կազմակերպություններին: Բանն այն է, որ այս տարվա մարտի 24-ին հիմք ընդունելով 2023թ. մարտի 20-ի ԲԴԽ-35-Ո-117 որոշումը, դատավոր Լ. Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր: Քրեական գործը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին, ով սույն քրեական գործով դատարանում պաշտպանել է մեղադրանքը, երբ եղել է դատախազի պաշտոնում:

Այս գործով ինքնաբացարկների պակաս չկա, եթե անգամ Արմեն Պողոսյանն էլ ընդունի ինքնաբացարկի որոշում, պատկերը կլինի այսպիսին: Նախ, այս գործով դատավոր Ս. Գզոգյանը 2020 թվականի օգոստոսի 19-ին որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնելու մասին: Նրանից հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ին դատավոր Ս. Բաղդասարյանն է որոշում կայացրել ինքնաբացարկ հայտնելու մասին: 2020 թվականի սեպտեմբերի 8-ին քրեական գործն ընդունվել է դատավոր Ա. Սիմոնյանի վարույթ, գործի քննությունը վերսկսվել է: Սակայն 2021 թվականի ապրիլի 13-ին քրեական գործն ընդունվել է դատավոր Լ. Ալավերդյանի վարույթ, եւ «վերսկսված» գործի քննությունը վերսկսվել է:

Հիշեցնեմ, որ 2018 թվականի մայիսի 25-ին թիվ 69102618 քրեական գործն ըստ մեղադրանքի Վահագն Աբգարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասով, Վլադիմիր Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով, ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Այս քրեական գործի նախապատմությունը առավել քան տասնյակ հարցադրումների տեղիք է տալիս: Սկզբում հարուցվում է քրեական գործը, ապա փոխվում, փոխվում ծավալը…

2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը: 2017 թվականի հունիսի 15-ի նախաքննական մարմնի որոշմամբ Վլադիմիր Դավթյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 2017 թվականի դեկտեմբերի 28-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասին, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով: Չպարզված անձի կողմից Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու դեպքի առթիվ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հարուցվել է թիվ 69105217 քրեական գործը: Նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առանձին պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ: 2017 թվականի դեկտեմբերի 29-ին նախաքննական մարմնի որոշմամբ թիվ 69105217 քրեական գործը միացվել է թիվ 55101817 քրեական գործին:

Իսկ 2018 թվականի հունվարի 18-ին Վահագն Աբգարյանը ձերբակալվել է հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, ինչպես նաեւ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու կասկածանքով: 2018 թվականի հունվարի 20-ին նախաքննական մարմնի որոշմամբ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 223-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով: 2018 թվականի հունվարի 20-ին Վահագն Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պաշտպանը հիշեցրեց, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ 2018 թվականի մայիսի 8-ին նախաքննական մարմնի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործի մասը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նախաքննական մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ռոմիկ Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար Վահագն Աբգարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հետեւաբար, դա հիմք էր մեղադրանքի ծավալը վերանայելու, փոխելու համար:

2018 թվականի մայիսի 10-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել Վահագն Աբգարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու մասին, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, այն բանի համար, որ նա «ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի երկու ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը ռազմամթերք հանդիսացող 13 հատ փամփուշտների հետ միասին տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ, կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաեւ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին խոշոր չափերով կաշառք»:

2018 թվականի մայիսի 31-ին քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Գզոգյանի վարույթ եւ նշանակվում է դատական քննություն:

Պաշտպան Աննա Ծառուկյանն «Առավոտին» ասաց, որ 2020 թվականի ապրիլի 1-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ իր միջնորդությունը բավարարվել է եւ իր պաշտպանյալի՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Սակայն 2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա. Բեկթաշյան) որոշմամբ բավարարվել են առաջին ատյանի դատարանի 2020 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Տ. Ենոքյանի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից բերված վերաքննիչ բողոքները, բողոքարկված որոշումը բեկանվել է, ամբաստանյալ Վ. Աբգարյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:

Նշեմ, որ մինչ Ա. Ծառուկյանը, Աբգարյանի պաշտպանությունը նախկինում իրականացրած փաստաբաններ Ի.Պետրոսյանն ու Դ.Գյուրջյանը նույնպես միջնորդությամբ են հանդես եկել՝ կալանքը գրավով փոխարինելու: Այնտեղ նույնպես պաշտպանական կողմը նշել էր. «Միեւնույն ժամանակ, եթե նույնիսկ ընդունենք, որ դատարանի՝ Վահագն Աբգարյանի նկատմամբ խափանման միջոցն անփոփոխ թողնելու կապակցությամբ դատաքննություն նշանակելու մասին որոշումներով արտահայտված դիրքորոշումը հնարավոր է եւ պետք է ընկալել որպես որոշում եւ հատկապես՝ որոշում խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ապա այն չի համապատասխանում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի եւ 3-րդ մասի պահանջներին, ՄԻԵԴ կողմից արտահայտած իրավական դիրքորոշումներին, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես դատարանի կողմից կայացված դատաքննություն նշանակելու մասին որոշումը, որով քննարկվել է Վ. Աբգարյանի անձնական ազատության սահմանափակման հարցը, չի պարունակում որեւէ փաստաիրավական վերլուծություն, որեւէ հիմնավորում եւ պատճառաբանություն խափանման միջոցի կիրառման հիմքերի եւ պայմանների, դրա անհրաժեշտության կապակցությամբ, ինչպես նաեւ չի պարունակում որեւէ նշում նման անհրաժեշտությամբ պայմանավորված դրա տեւողության մասին՝ չապահովելով ոչ միայն որոշման հիմնավորվածությունն, այլ նաեւ դրանով նախատեսվող անձնական ազատության իրավունքի սահմանափակման կանխատեսելիությունն ու որոշակիությունը՝ կրկին թույլ տալով Վ. Աբգարյանի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի խախտում»:

«Այս բոլոր հանգամանքների արդյունքում Վահագն Աբգարյանը լինելով ակնհայտ անմեղ՝ գտնվում է անազատության մեջ արդեն 5 տարի, սա՝ խոշտանգում է համարվում մի անձի նկատմամբ, ում վերաբերյալ քրեական գործի նյութերը պաշտպանական կողմը ջախջախել է: Պաշտպանյալիս վերաբերյալ քրեական գործով չկա գոնե մեկ ապացույց, որով հիմնավորվի շինծու մեղադրանքը, չկա «արտաքին եւ ներքին դիտում» թույլատրելու համար հիմքերը եւ նյութերը, ավելին՝ տրվել է նույն որոշման մեջ թույլտվություն կատարել «արտաքին դիտում» բնակարանում, այսինքն՝ բոլոր հնարավոր միջոցներով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իրավունքների երաշխիքը, առանց քրեական գործ հարուցելու կատարվել է քննություն երեք ամսից ավելի, կատարվել են ՕՀՄ-եր առանց քննիչի /հետաքննիչի/ կամ դատախազի հանձնարարությունների, ավելին՝ զենքը, որը վերագրում են Վ. Ագարյանին, հենց նյութերով է հիմնավորվում, որ երբեւէ իրեն չի պատկանել եւ ինքը չի ձեռք բերել, այն պատկանել է հանգուցյալ Էդուարդ Պողոսյանին, ինչի մասին պարբերաբար պնդում է Վլադիմիր Դավթյանը, չունենք վկաներ, ովքեր սպանության պատվերի ականատես լինեին եւ ոչ էլ կաշառքի դրվագին ականատես»,-ասում է պաշտպան Աննա Ծառուկյանը:

Ըստ պաշտպանական կողմի, մեղադրանքն ամբողջությամբ շինծու է եւ պաշտպանական կողմը փորձաքննության եզրակացությամբ ապացուցում է, որ քննիչը լսել է այլ բան, սակայն արձանագրել է՝ ինչ իրեն հարմար է. «գաղտնալսումների զննությունները կեղծ են»:

Աննա Ծառուկյանը մեր զրույցի ընթացքում ուշադրություն հրավիրեց դատավորների փոփոխություններին, ինչը ըստ նրա, հանգեցնում է ոչ միայն ողջամիտ ժամկետների ակնհայտ խախտմանը, այլ նաեւ անձի խոշտանգմանը (Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը)…

Դատավոր Լ. Ալավերդյանն առաջխաղացման քննությունների ընթացքում 2 ամիս այս քրեական գործով նիստեր չի հրավիրել: Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ թվով 62 քրեական գործով հրավիրել էր դատական նիստեր՝ հիմնականում ազատության մեջ գտնվողների համար, սակայն պաշտպանյալների մասով նիստեր չէր նշանակել, որը նույնպես ինքնաբացարկի միջնորդությամբ ներկայացվել էր դատարան՝ նշելով բոլոր քրեական գործերի համարները:

«Փաստացի անձի համար արդեն որոշակիության սկզբունքի խախտում է տեղի ունենում, երբ հասկանում ես, որ ինչ-որ մի փուլում դատավորը փոխվելու է, սակայն դատավորը չգտնվելով արդարամիտ, այնպես, ինչպես դատավոր Դ. Բալայանը, ով հրաժարվեց իր վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնից, հաշվի առնելով իր վարույթում առկա ամբաստանյալների իրավունքը եւ չհեռացավ՝ կանգնեցնելով պաշտպանական կողմին փաստի առջեւ եւ հիմա կրկին նոր դատավոր, նոր ինքնաբացարկ եւ գործի վերսկսում ու սա այն պարագայում, որ պաշտպանական կողմը գնում է արդարացման, կարծում եմ՝ նախադեպը չունեցող խախտումների հետ գործ ունենք, ինչը արձանագրվելու է Եվրոպական դատարանի կողմից»,-ասում է Ա. Ծառուկյանը:

Վերջինս մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930