Հարցազրույց տենոր Արտավազդ Սարգսյանի հետ
– Հարգարժան Արտավազդ, օրերս Երեւանի օպերային թատրոնում կայացավ ձեր առաջին բեմելը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում (համերգային կատարում, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան)։ Ընդ որում, հիշյալ օպերայի ստեղծումից 155 տարի անց Հայաստանում առաջին անգամ այն ներկայացվեց բնագրով՝ իտալերեն։ Դուք հանդես եկաք Վաղինակ սպարապետի դերերգով։ Նշենք, որ համերգային այս կատարումը ջերմ ընդունվեց հանդիսատեսի եւ մասնագետների կողմից։ Նույնիսկ օպերային դիվա Հասմիկ Պապյանը այս առիթով օպերայի ավարտից ժամեր անց՝ գիշերը, շտապել է իր ֆեյսբուքյան էջում հիացական կարծիք հայտնել…
– Ես էլ հիացած եմ Երեւանի օպերային թատրոնում տիրող ջերմ մթնոլորտով։ Տպավորված եմ նվագախմբի, երգչախմբի եւ անշուշտ այն ձայներով, որոնց հետ պատիվ ունեցա մասնակցել համերգին։ Չմոռանամ նշել նրբաճաշակ հանդիսատեսի մասին։
– Դուք մինչ օրս մեզ հանդիպած արտասահմանում գործունեություն ծավալած այն եզակի արվեստագետներից եք կամ գուցե միակը, որի անունը անծանոթ է ոչ միայն մեր հանդիսատեսին, այլեւ մասնագետներին։ Կխնդրեինք ձեր բեմական գործունեության մասին ինքներդ տեղեկացնեք, գուցե սկսեք ուսումնառության շրջանից։
Կարդացեք նաև
– Ընտանիքով 25 տարի առաջ, ինչ-ինչ հանգամանքների բերումով, մշտական բնակություն հաստատեցինք Ֆրանսիայում։ Ես 13 տարեկան էի։ Մինչ Փարիզ մեկնելը ուսանել եմ Արտաշատի երաժշտական դպրոցի վոկալ բաժնում։ Սիրում էի ժողովրդական երգարվեստ, հետո տարվեցի փոփ արվեստով… Որ երգիչ դառնալն իմ երազանքն էր՝ հաստատ է։ Բայց եթե չհայտնվեի Ֆրանսիայում, այստեղ կընտրեի փոփ երգչի կարիերան… 18 տարեկանում ընդունվեցի Լիլ քաղաքի կոնսերվատորիա եւ այդտեղ սկսվեց ծանոթությունս օպերային արվեստի հետ, այնքան խորացա, որ, ինչպես տեսնում եք՝ հայտնվեցի ու շարունակում եմ մնալ այդ արվեստի «ծուղակում»։ Եթե հետաքրքիր է, նշեմ, որ Լիլի կոնսերվատորիան ավարտեցի ոսկե մեդալով, ապա գնացի Փարիզի կոնսերվատորիա, ուսման լրիվ դասընթացն անցնելուց հետո 2014թ. համալրեցի Բաստիլի օպերային ակադեմիայի մեներգիչների խումբը։ Թեեւ մինչ այդ Ֆրանսիայում տարբեր բեմեր եմ բարձրացել, մասնակցել փառատոների, բայց 2014-ն եմ համարում իմ՝ որպես օպերային երգչի կարիերայի սկիզբը։ Առաջին դերերս Նադիրն էր՝ Բիզեի «Մարգարիտ որոնողները» օպերայում։
– Ծանոթանալով ձեր կերտած կերպարներին, դերերգերին, նկատեցինք, որ նույնիսկ 38-ամյա երգչի համար դրանք չափազանց շատ են։ Մեզ մոտ կարծիք ստեղծվեց, իհարկե՝ փոքր-ինչ չափազանցված, թե համաշխարհային օպերային գրականության բոլոր գործերում, նկատի ունենք բեմական կերպարանք ստացած օպերաները, երգել եք տենորի համար գրված մեզ ծանոթ ու անծանոթ բոլոր դերերգերը։ Ինչ խոսք, հիանալի տենոր եք. սա ոչ միայն մեր կարծիքն է։ Բայց նման կարիերան, համոզված ենք՝ ապահովում է որեւէ պրոդյուսեր կամ գործակալություն։
– Այո, շուրջ 10 տարի է՝ իսպանական BIAM գործակալության արտիստ եմ։
– Այսօր աշխարհում օպերային երգիչների պակաս չկա, ավելին՝ մեզ հետ զրույցներում հյուրախաղորդ շատ արտիստներ փաստում են, թե հրաշալի ձայների ոչ թե ծով, այլ օվկիանոս է գոյացել…
– Միանշանակ համամիտ եմ։ Ինչպես նշեցի՝ գործունեությանս հետ կապված ցանկացած հարց հոգում է BIAM-ը։ Բայց, այստեղ մի բայց կա. իմ դիտարկմամբ՝ ի տարբերություն երգչական մյուս ձայների, Եվրոպայում համեմատաբար քիչ են տենորները։ Տեսեք՝ ժամեր անց Երեւանից ուղիղ մեկնում եմ Գերմանիա։ Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում մասնակցելու եմ լսումների, որոնք անցկացվում են ֆրանսիացի կոմպոզիտորների օպերաներ բեմադրելու նպատակով։
– Երեւանյան ձեր այս այցի համար ո՞ւմ շնորհակալություն հայտնենք, BIAM-ի՞ն, թե…
– Այս մեկը բացառություն է (ժպտում է- Ս. Դ.)։ Երեւանի օպերային թատրոնին, մասնավորապես՝ մաեստրո Կարեն Դուրգարյանին, որի արվեստին ծանոթ էի հեռակա, ինձ ներկայացրել է կանադաբնակ կոմպոզիտոր, ի դեպ՝ չուխաճյանասեր Ջոն Սարգսյանը…
– Մինչ մեր զրույցը, իր գնահատականներում ժլատ մաեստրո Դուրգարյանը շռայլ արտահայտվեց ձեր հասցեին…
– Շնորհակալ եմ այդ գնահատանքն ինձ փոխանցելու համար։ Մի տեսակ վստահ եմ, որ Չուխաճյանի «Արշակ Բ» օպերան շատ շուտով Երեւանի թատրոնում կներկայանա բեմադրության տեսքով։ Կարող եմ վստահ ասել, որ հայկական առաջին՝ «Արշակ Բ» օպերան, որն այնքա՜ն մեղեդային է, երգեցիկ, հաջողություն կունենա եվրոպական ցանկացած թատրոնում։ Ո՞վ գիտե, գուցե մաեստրոն ինձ մտաբերի ու հրավիրի… Բայց չեմ կարող չբարձրաձայնել, որ իսկապես երազում եմ Երեւանի օպերային թատրոնում Սարո երգել։
– Տա Աստված՝ ձեր երազանքն ի կատար ածվի եւ մեր հաջորդ զրույցի ժամանակ արդեն գուցե ասեք, թե Սարոն ձեր որերորդ դերերգն է։
– Անկեղծ ասած՝ վերջերս որոշել էի հաշվել, բայց հետո ինքս ինձ ասացի. այն ժամանակ, երբ կհեռանաս բեմից, շատ ժամանակ կունենաս, կհաշվես (ժպտում է- Ս. Դ.)։
– Գիտենք, որ ցանկացած արվեստագետի համար՝ անկախ ճանաչումից, դժվար է բեմին հրաժեշտ տալը…
– Իմ դեպքում հաստատ վաղ է մտածել այդ մասին, բայց հասկանալի է, որ այդ օրը մի օր գալու է։ Մշակույթի ցանկացած ոլորտում մշտապես կատարելության հասնելու ձգտում կա… Բայց երբ զգամ, որ իմ մաքսիմումից նույնիսկ աննշան իջնում եմ, հավատացնում եմ՝ կհեռանամ։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարներում՝ Արտավազդ Սարգսյանը տարբեր կերպարներում։
«Առավոտ» օրաթերթ
31.03.2023