Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավանդույթ ունեցող լրատվամիջոցներ են, և իրենց նույնիսկ անուններն արդեն շատ բան են ասում․ կարելի էր հենց դրանք արդիականացնել»․ Սաթիկ Սեյրանյանը՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի փակման որոշման մասին

Մարտ 31,2023 22:44

«Ավանդույթ ունեցող լրատվամիջոցներ են, և իրենց նույնիսկ անուններն արդեն շատ բան են ասում։ Միգուցե կարելի էր հենց դրանք արդիականացնել, նոր լրագրողական կազմով համալրել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով այն որոշմանը, համաձայն որի՝ 2023 թվականի հունիսի 1-ից կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։

Տեղեկացնենք՝ «Հայկական ժամանակը» այս առիթով գրել է․ «Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը։ Նշված տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի և նախագծերի իրականացմանը։ Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել որոշակի փոփոխությունների ու արդիականացման ենթարկել նաև «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատանքը։ Պարսկերենով, վրացերենով ու չինարենով լրատվություն տրամադրելու նպատակով որոշվել է փոփոխության ենթարկել լրատվական գործակալության հաստիքացուցակը»։

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ այս գործընթացները մեկը մյուսին չեն խանգարում։ Իսկ պատճառաբանության մասին ասաց․ «Պատճառաբանությունը, որ ես լսել եմ, իբրև թե թանկ է նստում պետության վրա, շատ ծիծաղելի է հնչում՝ հաշվի առնելով այն ծախսերը, որ այս իշխանությունները թույլ են տալիս իրենց կյանքում և բյուջեի հաշվին»։

Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ այդ լրատվամիջոցների աշխատակիցներն էլ իրենց ձայնը պետք է բարձրացնեն, որովհետև ավանդույթներ ունեցող ու կարևոր լրատվամիջոցներ են։ Կարելի է հենց դրանք արդիականացնել։

Հարցին՝ իր համար հասկանալի՞ է այս որոշման տրամաբանությունը, Ժուռնալիստների միության նախագահը պատասխանեց․ «Չեմ կարող իրենց տրամաբանությունը հասկանալ։ Գոնե ասենք նույն «Հայաստանի Հանրապետություն» անունը կրող և ավանդույթներ ունեցող լրատվամիջոցները կարող էին ավելի լավը դարձնել։ Թե ինչ խնդիր են լուծում, ինչ նպատակներ ունեն, չեմ կարող ասել։ Երեկ նաև տեղեկություն էինք ստացել, որ մամուլի շենքից էլ կրկին պատրաստվում են հանել խմբագրություններին։ Դրա համար ես այս իշխանությունների գործողություններում արդեն դադարել եմ տրամաբանություն փնտրել»։ Հարցին՝ այս մասին հայտարարություն կլինի՞, Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց․ «Հնարավոր է։ Պետք է հասկանալ պատճառները, ամբողջովին հասկանալ պատճառաբանությունները։ Ամբողջվին դեռ չեմ տիրապետում տեղեկությանը, միգուցե խմբագիրներով էլ որոշենք՝ ինչ է պետք անել։ Բայց կրկնում եմ՝ նաև՝ հենց այդ լրատվամիջոցներում տարիներ շարունակ աշխատած ներկայացուցիչներն իրենք ևս պետք է դրա դեմ քայլեր ձեռնարկեն ու պայքարեն, որովհետև իրենց բերած պատճառաբանությունն անլուրջ է»։

Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ պետք է հասկանալ՝ ինչ խնդիր են լուծում։ Այս մասին ասաց․ «Պատճառը չեմ հասկանում, իսկ պատճառաբանությունը ծիծաղելի է, քանի որ այս իշխանությունները բյուջեի հետ վարվում են այնպես, ինչպես սեփական գրպանի։ Իրենց թանկ ճամփորդությունների, գործուղումների ժամանակ տեսնում ենք՝ ընտանիքների անդամներով, երեխաներով են գնում․ բոլորին տանում են։ Իրենք բյուջեից օգտվում են ինչպես սեփական դրամապանակից կօգտվեն։ Խոսել, թե թանկ է նստում «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի հրատարակությունը և խմբագրությունների աշխատանքը, անլուրջ է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031