Լրահոս
Օրվա լրահոսը

Գարու եւ ցորենի ցանքատարածություններում հակառակորդը հենակետեր է տեղադրել․ Տեղ համայնքում խուճապ չկա

Մարտ 31,2023 21:45

«Հանգիստ եկան, առանց որեւէ կրակոցի՝ իրենց հենակետերը դրեցին։ Չգիտեմ՝ ոնց եղավ , բայց մի 100 հա հող երեւի անցավ իրենց։ Վիճա՞կը ոնց լինի՝ ոչ մեկը չդիմադրեց»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը։ Ըստ Հովսեփյանի՝ իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է այն առումով, որ կրակոցներ չկան։

Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության, ապրիլի 1-ից՝ ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախօրեին ձեռբերված պայմանավորվածությունների համաձայն՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում: Հենց դրանով պայմանավորված՝ հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ կետում ադրբեջանական կողմը  սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել:

«Գյուղացիների վարելահողերով մտան՝ գարի ու ցորեն էին ցանել, այդպես իջան արոտավայրերն ու տեղակայվեցին այդ տարածքում»,-ասաց Արգամ Հովսեփյանը։ Չնայած համայնքում խուճապ չկա, բայց մեր զրուցակցի խոսքով՝ իրենց գյուղից՝ Արավուսից մեկ ընտանիք երեկ գնացել է Մասիս։ «Չեմ կարող ասել պատճառը, ես Երեւան էի, նոր եմ դեռ հասել Գորիս, հասնեմ գյուղ՝ պարզ կլինի ամեն ինչ»,-նշեց ավագանու անդամը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ցանքատարածությունների խնդիրը դյուրին հարցերից է համարում։ «Ադրբեջանական ուժերը Տեղ գյուղի մի քանի հատվածում սահմանից ավելի առաջ են եկել։ Բանակցություններ են ընթանում, եւ հուսով եմ, որ նրանք կվերադառնան իրենց դիրքեր»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Երեկվանից նա Տեղ համայնքում է եւ վստահեցնում է՝ համայնքի բնակավայրերում խուճապ չկա։ «Խուճապ՝ միայն ֆեյսբուքում է նկատվում։ Ո՛չ Տեղ համայնքում, ո՛չ Գորիս համայնքում եւ ոչ էլ մարզի մնացած համայնքներում»,-նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Սյունիքը բնականոն կյանքով է ապրում եւ ինչպես հավաստիացրեց մարզպետը՝ Սյունիքի սահմանային բնակավայրերում վերջին իրադարձությունների հետ կապված՝ ոչ մի փոփոխություն չի նկատվել ։ «Բնականաբար մարդիկ անհանգստացած են ստեղծված իրավիճակով, բայց մեծ հույսեր ունեմ, որ ադրբեջանական ուժերը կվերադառնան նախանշած վայրերը»,-մեր հեռախոսազրույցում ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031