Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագն Ալեքսանյանը, լավ էր արել, հարձակվել էր… Տվյալ երիտասարդը փողոցային սովորական խուլիգան է, ամոթ է, որ նա ունի ԱԺ մանդատ». Արթուր Հովհաննիսյան

Մարտ 31,2023 18:18

Տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ-ում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ, որի արդյունքում Վարդանյանի ունքը պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Միջադեպի հետ կապված լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսպես ներկայացրեց՝ սովորական բանավեճ է նախ եղել, հրավիրված է եղել Եղիշե Կիրակոսյանը, ընդ որում՝ նաեւ ընդդիմության առաջարկով, ընթացիկ քննարկել են Հռոմի ստատուտի թեման. «Տեղի է ունեցել որոշակի բանավեճ, ընդդիմադիր պատգամավորները ձայներ են բարձրացրել, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նիստը վարելիս է եղել, փորձել է իրավիճակը հանդարտեցնել եւ բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը կանգնել է, հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, հարված է հասցրել գլխի հատվածում՝ բավականին ուժեղ հարված է հասցրել ներկաների մեկնաբանությամբ, հարվածից անմիջապես հետո վազելով փախել է պետաիրավական հանձնաժողովի սենյակից եւ թաքնվել ԱԺ շենքում: Որոշ ժամանակ նրան չէր էլ հաջողվում գտնել, հետո բնականաբար մենք դիմել ենք եւ ոստիկանությանը, եւ դատախազությանը, եւ ՔԿ-ին: Շատ արագ տեղ են հասել, հայտնաբերել են Մհեր Սահակյանին եւ բերման են ենթարկել»:

Երբ լրագրողները փոխանցեցին, թե ինչպես է միջադեպը ներկայացրել Սեյրան Օհանյանը՝ Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Սեյրան Օհանյանը կարող է շատ բան պատմել, իրականությունն այն է, ինչ ներկայացնում եմ ես: Սեյրան Օհանյանի ասածը պարզապես իր խմբակցության պատգամավորին փրկելու անհաջող փորձ է, ինչպես նրանց այլ պատգամավորների, որոնք փորձում էին ներողամտություն հայցել: Մենք վստահ ենք, որ սա քրեաիրավական հետեւանք պետք է ունենա կոնկրետ այդ անձնավորության համար եւ քաղաքական հետեւանք պետք է ունենա «Հայաստան» խմբակցության ղեկավար կազմի եւ բոլոր պատգամավորների առհասարակ: Հստակ է, որ այդ մարդիկ պատգամավորական մանդատ են հանձնել փողոցային խուլիգանների, որոնք գործուղվել է ԱԺ՝ բնականոն ընթացքը խաթարելու եւ ամեն բան անլրջացնելու համար: Տվյալ երիտասարդը փողոցային սովորական խուլիգան է եւ ամոթ է, որ նա ունի ՀՀ ԱԺ-ի մանդատ»:

Արթուր Հովհաննիսյանը դատապարտում էր, որ ինչ թեմայով էլ բանավիճած լինեն, անընդունելի է հարված հասցնելը, լրագրողները հիշեցրին՝ բա ինչո՞ւ այն ժամանակ, երբ որ ՔՊ խմբակցության պատգամավորները հարձակվել էին ընդդիմադիրների վրա, օրինակ, Վահագն Ալեքսանյանը, երբ հարձակվել էր Վահե Հակոբյանի վրա, ինչպես նկատել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ չդատապարտեցիք՝ նա արձագանքեց. «Դուք հիմա խի՞ եք հիշատակում Վահագն Ալեքսանյանին: Նախ, Հայկ Մամիջանյանը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, իր ասածները խնդրում եմ՝ չմեջբերեք: Ի՞նչ կապ ունի Վահագն Ալեքսանյանը, լավ էր արել, հարձակվել էր, դրա մեկնաբանությունները տրվել են, դրա մասին ամեն ինչ ասվել է, խոսվել է: Մենք հիմա խոսում ենք մի դեպքի մասին, երբ մի խուլիգան, ով պատգամավորի մանդատ ունի, Քոչարյանի փողերով գործուղվել է ԱԺ, բարձրանում է եւ առանց միջադեպի հարձակվում է պետաիրավական հանձնաժողովի նախագահի վրա, հարվածում է գլխին, ընդհուպ շատ ծանր մարմնական վնասվածք հասցնելով»:

Լրագրողները ճշտեցին՝ ինչո՞վ է հարվածել Մհեր Սահակյանը՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոստիկանությունը դա կպարզի, «Ամեն դեպքում, ձեռքով չի հարվածել»:

Թե ինչ քրեաիրավական գործընթաց է ակնկալում ՔՊ-ականը դրա համար՝ նա պատասխանեց, որ եթե խելացի լինի «այդ երիտասարդը», ինքն իր ձեռքով մանդատից հրաժարվելու դիմումը կգրի. «Եթե այդքան խելացի չլինի, մենք իրեն կհուշենք՝ ինչ պետք է անել»:

ՔՊ խմբակցության քարտուղարը նշեց, որ «Հայաստան» խմբակցությունից, հայցելով իրենց ներողամտությունը, ակնկալել են, որ քրեաիրավական հետեւանքներ չլինեն, բայց, նրա խոսքով՝ դա արդեն իրենց տիրույթում չէ, եղել է արարք, պիտի պատասխան տան. «Հանցագործությունների շուրջ մենք համաձայնությունների չենք գալու: Ընդդիմությունը երեւի լավ չի հասկանում, որ մենք հանցագործությունները ծածկադմփոց չենք անելու, ով ուզում է կատարած լինի այդ հանցագործությունը: Գալ, ասել՝ ներողամիտ եղեք եւ այլն, այդպիսի բաները չեն անցնում»: Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Սեյրան Օհանյանը չունի այնքան «քաշ», որ ազդի «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա՝ նման միջադեպերից խուսափելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ․ Գ․ Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ցանկացած հետապնդում Մհեր Սահակյանի նկատմամբ այլևս ապօրինի է, առնվազն այն լույսի ներքո, որ ՄԻԵԿ 14-րդ հոդվածով արգելված խտրական վերաբերմունքի դրսեւորում է։

Երբ ձեռք (երբեմն ոտք) բարձրացնող իշխանական պատգամավորների արարքները չես նկատում, հետագայում քեզ զրկում ես նույնանման իրավիճակում ընդդիմադիր պատգամավորին հետապնդելու օրինական հնարավորությունից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031