Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Բարսեղյանից եւ կնոջից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Սուրիկ Խաչատրյանին պատկանող 2 մեքենաներ»․ դատախազի միջնորդությունը

Մարտ 31,2023 17:59
liska

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր «դատախազությունն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների» գործով հերթական նիստն էր։ Հիշեցնենք, որ դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս հայցով դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

-5 անշարժ գույք՝ Երևանում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ (անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները․ ընդհանուր ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ),

-Մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,

-614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

-2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով,

-Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների եւ այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

-Օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը։

Հայցադիմումը շուրջ մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։

Հայցվոր՝ դատախազության ներկայացուցիչ Գեւորգ Քոչարյանն այսօր միջնորդություն ներկայացրեց՝ նոր պատասխանողի ներգրավելու վերաբերյալ․ «Հայցադիմումով նյութաիրավական պահանջ է ներկայացվել նաեւ Վարդան Մուշեղի Բարսեղյանին՝ որպես Սուրիկ Խաչատրյանին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով պատկանող խնդրամասի՝ մի քանի կետերով նշված գույքերի սեփանականատիրոջ։ Հաշվի առնելով, որ Վարդան Բարսեղյանը 2003թ․-ից ամուսնացած է Հայկուհի Միքայելյանի հետ, իսկ նշյալ կետերում նշված գույքային իրավունքները ձեռք են բերվել ավելի ուշ, ապա դրանք հանդիսանում են ամուսինների համատեղ սեփականություն։ Սուրիկ Խաչատրյանին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով պատկանող գույքերի տիտղոսային սեփականատերեր են հանդիսանում Վարդան Բարսեղյանն ու Հայկուհի Միքայելյանը»։

Գեւորգ Քոչարյանը նշեց, որ ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է որպես նոր պատասխանող ներգրավել Հայկուհի Միքայելյանին եւ թույլատրել հայցի հիմքի ու առարկայի փոփոխություն, ինչպես նաեւ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն։

Դատախազն ընթերցեց, որ Վարդան Բարսեղյանը 2006թ․-ից գրանցված է ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն, եւ տարբեր տարիներին այդ ՍՊԸ-ի մասնակիցներ են հանդիսացել Սուրիկ Խաչատրյանը, Մանվել Մալինցյանը, Տրդատ Խաչատրյանը։ Բացի այդ, 2018թ․-ից Վարդան Բարսեղյանը գրանցված է Տիգրան Խաչատրյանին պատկանող մի ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ։ «Ի դեպ, վերջինս 1993-2017թթ․ մշտապես աշխատել է Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 մանկապարտեզում՝ որպես գիշերային պահակ»,-ասաց Գեւորգ Քոչարյանը։

Նա միջնորդեց հայցադիմումի խնդրամասերը լրացնել հետեւյալ բովանդակությամբ․ «Վարդան Բարսեղյանից եւ Հայկուհի Միքայելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել օրենքի իմաստով Սուրիկ Խաչատրյանին պատկանող՝ «Լեքսուս» մակնիշի 2014թ․-ի մեքենան, իսկ անհնարինության դեպքում Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 24 միլիոն 750.000 դրամ, ինչպես նաեւ «Տոյոտա Քեմրի» մակնիշի 2012թ․-ի արտադրության մեքենան»։

Սուրիկ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը հարցրեց՝ միջնորդությամբ բացի նոր պատասխանող ներգրավելուց լրացուցիչ գույք ավելացե՞լ է․ «Խոսք գնաց մեքենայից, որը կարծես թե Բարսեղյանի հետ կապ չուներ։ Գուցե ե՞ս սխալ լսեցի»։

Դատախազը պարզաբանեց, որ հայցի առարկայի՝ ծավալի փոփոխություն չի եղել, պարզապես հաշվի առնելով Վարդան Բարսեղյանի գրանցած ամուսնությունը՝ փոփոխվել է հայցի պահանջը, եւ այն ներկայացվել է նաեւ նրա կնոջը։

Ապա Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ միջնորդության դեմ առարկություն չունի։ Որպեսզի դատարանը որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 19-ին ժամը 14:00-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031