Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բնակարանի վարձակալության վարձավճարը կարող է փոփոխվել նվազագույնը մեկ տարի հետո․ արդարադատության նախարարությունը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել

Մարտ 31,2023 17:40

Արդարադատության նախարարությունը բնակարանների վարձակալության ոլորտում նախաձեռնել է օրենսդրական որոշ փոփոխություններ։ Նախագիծը շրջանառության է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նախագծով առաջարկվում է՝ բնակարանի վարձակալության պայմանագրից հրաժարվելու դեպքում կողմերը միմյանց այդ մասին պետք է տեղյակ պահեն վեց ամիս առաջ՝ եթե վարձակալության պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով։ Գործող օրենսդրությամբ նման բան սահմանված չէ։ Այս լրացումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 612-րդ հոդվածի 2-րդ մասում։

Նախագծի հեղինակներն առաջարկվում են նույն օրենսգրքի 616-րդ հոդվածում էլ լրացում կատարել, ըստ որի նախատեսվում է՝ բնակարանի վարձակալության պայմանագրով նախատեսված վարձավճարի չափը կարող է վերանայվել պայմանագրի կնքման պահից նվազագույնը մեկ տարի հետո։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան ժամանելուց եւ հաստատվելուց հետո կտրուկ աճեց բնակարանների վարձակալման գինը։ Սեփականատերերը վարձակալներին հաճախ առանց պատշաճ ժամկետ տրամադրելու պարտադրում են ազատել բնակարանը, որպեսզի զգալի բարձր գնով դրանք հանձնեն ռուսներին, ինչը քաղաքացիների շրջանում մեծ դժգոհություն է առաջացնում։

Այժմ նախագծի հեղինակներն օրենսդրական այս նախաձեռնությունը հիմնավորում են, որ սահմանվում են բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ: Նախագծում նշված է, որ բնակարանների վարձավճարի չափը շատ դեպքերում համադրելի չէ քաղաքացիների ստացած միջին ամսական եկամուտի հետ:

Հայաստանում անշարժ գույքի շուկայում իրականացված վարձակալական գործարքների վերլուծության տվյալների համաձայն, ինչպես գրված է նախագծում, 2022 թվականի ընթացքում իրականացված բնակարանի վարձակալության գործարքների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 3.9%-ով, իսկ անհատական բնակելի տներինը՝ նվազել 26.4%-ով, ինչը խոսում է վարձակալության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման խիստ ցածր ցուցանիշների մասին, ի տարբերություն փաստացի վարձակալության տրված բնակարանների քանակի:

Կարելի է ենթադրել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է բնակարանների վարձակալության դաշտը ստվերից հանել, եւ գուցե վարձակալները կստիպեն սեփականատերերին օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքել, ինչն էլ կերաշխավորի բնակարանի վարձավճարը կամայական եւ անակնկալ ձեւով չբարձրացնել կամ մեկ օրում մարդկանց տանից չհանեն, ինչպես տեղի է ունենում վերջին շրջանում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031