Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահագի անունը չտա՛ս»…«Ալեն Սիմոնյանը անհավասարակշիռ պահվածքով նոր կոնֆլիկտ է հրահրել». մանրամասնում է Արծվիկ Մինասյանը

Մարտ 31,2023 17:09

Տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում միջադեպ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջեւ, որի արդյունքում Վարդանյանի ունքը պատռվածք է ստացել, իսկ Մհեր Սահակյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսպես ներկայացրեց միջադեպը. «Այսօր փակ քննարկման ռեժիմով Եղիշե Կիրակոսյանը պետք է ներկայացներ միջազգային դատական ատյաններում ՀՀ-ի կողմի եւ ՀՀ-ի դեմ ներկայացվող հայցերի մանրամասները: Քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը Հռոմի ստատուտի հետ կապված խոսակցության ժամանակ ձայնը բարձրացնելով՝ սկսեց գոռգոռալ, թե՝ դուք եք Մասիսը թողել այն կողմում, որին արձագանքելով՝ Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգոռա: Ի պատասխան՝ Վլադիմիր Վարդանյանը մի պահ լռեց, հետո բարձր տոնով, նորից գոռգոռալով, թե՝ լավ եմ անում, ում վրա ասես կգոռամ, երբ ասես՝ կգոռամ: Մհերն ասաց՝ չես կարող: Վլադիմիր Վարդանյանը դուրս եկավ նստած տեղից, քայլ արեց դեպի Մհերը եւ տեղի ունեցավ այդ հարվածը: Մեկ հարված է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, որից հետո Մհերը դուրս եկավ դահլիճից, ճիշտ արեց, որովհետեւ ավելի վատ հետեւանքներ կարող էր լիներ: Ես փորձում էի Վլադիմիր Վարդանյանին հանգստացնել, չէր հանգստանում, վազում էր ինքը եւ մի շարք օգնականներ իրենց ՔՊ-ական պատգամավորներով վազում էին դեպի մեր խմբակցությունը՝ գոռգոռալով, բան… Այդ ընթացքում փորձում էի կասեցնել, կանգնեցնել՝ ասելով, որ իհարկե, անցանկալի միջադեպ է, բայց չի կարելի էլ ավելի լարել իրավիճակը»:

Հարցին՝ գնում էին հաշվեհարդար տեսնելո՞ւ՝ Մինասյանը պատասխանեց, որ այո, ՔՊ-ական մի շարք պատգամավորների պահվածքը դրան էր տանում: Իրենք էլ իրենց հերթին էին ոնց որ ուզում հրահրել մի նոր՝ ավելի մեծ կոնֆլիկտ»:

Արծվիկ Մինասյանը զրուցել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ ու վստահեցրել, որ միջադեպի հետ կապված իրենք քննարկում կանեն ու երբ որ քննարկման արդյունքները չբավարարեն, կարող են նաեւ այլ հարցեր քննարկել, բայց այսօր ԱԺ-ում չպիտի լարվածությունը շարունակվի. «Ինձ տեղեկացրեցին, որ ոստիկանությունը մեր խմբակցությունում է: Ես իջել եմ, ասել են՝ պետք է բերման ենթարկել Մհեր Սահակյանին: Այդ ընթացքում ներս է մտնում Ալեն Սիմոնյանը եւ սկսում է՛լ ավելի անհավասարակշիռ պահվածքով հրահրել մի նոր կոնֆլիկտ»:

Արդեն տարածված տեսանյութերում երեւում է, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հիշեցնում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի քացով խփելը, ի պատասխան Ալեն Սիմոնյանը գոռում է՝ «Վահագի անունը չտա՛ս»:

Արծվիկ Մինասյանն էլ պատմեց, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որ պատժվեն եւ այլն: Նա ասաց, որ Մհեր Սահակյանը պատրաստ էր գնալ ոստիկանություն, բայց անհամաչափ ուժ են կիրառել ու բռնի ուժով տարել. «Սրա ակունքը գալիս է նրանից, որ ՔՊ պատգամավորները հարձակվում էին ընդդիմադիրների վրա ու հարվածներ հասցնում, մնացին անպատասխան, որեւէ վարույթ չեղավ»:

ՔՊ պատգամավորները իրենց գրառումներում նշում էին, որ Մհեր Սահակյանը հարվածել ու «տիեզերական արագությամբ» փախել է, թաքնվել է զուգարանում: Արծվիկ Մինասյանը դա ակնհայտ սուտ որակեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031