Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը:
Քննարկմանը ներկա են գտնվել պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի՝ իրավահավասարության, խտրականության արգելքի, առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի իրավունքների դեռևս մշակման ենթակա գլուխները։
Հանրային քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիրքորոշումներն իրավահավասարության ապահովման մասին առանձին և համապարփակ օրենսդրության մշակման անհրաժեշտության, անձանց առողջական վիճակի, բժշկական օգնության և սպասարկման, երեխաների աշխատանքի վերաբերյալ միջոցառումների ներառման նպատակահարմարության, ռազմավարության ոլորտային վերապատրաստումների կարևորության, բնապահպանությանն առնչվող մի շարք միջոցառումների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Քննարկման արդյունքում ներկայացված կարծիքների և առաջարկությունների հիման վրա նախագիծը կլրամշակվի և կներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Միջոցառումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համագործակցության միջոցով:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ