Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Սա նույն տրամաբանության մեջ է տեղավորվում՝ մամուլի ռեսուրսները հնարավորինս մսխել, թիրախավորել, ազատ խոսքը սահմանափակել, վախեցնել»․ Սաթիկ Սեյրանյանը՝ ՔՊ-ի կողմից 168. am-ի դեմ ներկայացված հայցերի մասին

Մարտ 31,2023 17:21

«Երկու հայց է ներկայացվել, երկու տարբեր իրավիճակներ են իրենք թվարկում։ Հայցերն ակնհայտ անհիմն են, գտնում ենք, որ չկա որևէ հիմք այս հայցերը բավարարելու։ Մեր դիրքորոշումն արդեն կներկայացնենք դատարանին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 168. am լրատվական կայքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

Տեղեկացնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկու դատական հայց է ներկայացրել 168.am լրատվական կայքի դեմ։

Արամազդ Կիվիրյան

Արամազդ Կիվիրյանը տեղեկացրեց՝ ստացել են հայցադիմում, որտեղ պահանջ է ներկայացվել, որ ընկերությունը ենթարկվի վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածով նախատեսված կարգով։

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այս հարցը դատական նիստերով չի քննարկվում․ ավելի սեղմ ժամկետ է նախատեսել օրենսդիրը ու հայտնեց․ «Տեսնենք՝ դատարանն ինչպիսի դատական ակտ է կայացնում, ըստ այդմ կհասկանանք մեր հետագա գործողությունները»։

Նշենք, որ մի հայցադիմումում վկայակոչվում է մարտի 26-ին հրապարակված «Արցախը 30 տարի Սյունիքի համար եղել է անվտանգության պահապան. Սիսիանի նախկին քաղաքապետ» վերնագրով հոդվածը, որին կից՝ Արթուր Սարգսյանի հարցազրույցի տեսանյութն է։ Այս առիթով փաստաբանն ասաց․ «Այդ տեսանյութը, որը վկայակոչվում է, եղել է ուղիղ եթեր, այսինքն՝ տվյալ դեպքում այստեղ հարց է՝ արդյոք ընկերությունը քարոզչությո՞ւն է իրականացրել, թե՞ ոչ։ Բոլոր փաստական հանգամանքները, որոնք մեր տիրապետման տակ են, ամեն ինչ մենք կներկայացնենք դատարանին։ Այժմ չմանրամասնեմ»։

Արամազդ Կիվիրյանն այս գործելաոճը համարում է ճնշում լրատվամիջոցի նկատմամբ։ Նա պարզաբանեց․ «Դրանով փորձ է կատարվում ուղղակիորեն լռեցնել լրատվական միջոցներին։ Եվ այդտեղ մեծ դերակատարություն ունի դատարանը, թե ինչպիսին կլինեն դատարանի կողմից կայացվելիք դատական ակտերը և′ այս հայցերով, և′ նմանատիպ գործերով, որովհետև ոչ միայն այս հայցերն են, այլև առկա են բազմաթիվ այլ հայցեր, որոնք ներկայացվում են տարբեր լրատվամիջոցների դեմ, որոնք նպատակ են հետապնդում լռեցնել լրատվական գործունեություն իրականացնող անձանց, որոնք չեն հրապարակում այն լրատվությունը, որն իրենց ավելի շահեկան է, այնպիսի հրապարակումներ, որտեղ, օրինակ՝ իրենց կներկայացնեն դրական կամ կգովերգեն։ Բոլոր այդ լրատվամիջոցների նկատմամբ ես նմանատիպ քայլերը որակում եմ որպես ուղղակի ճնշում։ Բնականաբար, համապատասխան արձագանքն իրենք արդեն պիտի ստանան։ Այնուամենայնիվ, կարևորում եմ դատական համակարգի կայուն լինելը նման հարցերի առնչությամբ։ Ի վերջո, դատարաններն իրենց դատական ակտերով պետք է պաշտպանեն անձանց, լրատվական գործունեություն իրականացնող անձանց իրավունքները։ Հուսով եմ, որ դատարանները կիրականացնեն իրենց առաքելությունը»։

«168 ժամ» թերթի եւ կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն էլ տեղեկացրեց, որ մյուս հրապարակումն էլ, որի վերաբերյալ հայց է ներկայացվել, վերաբերում է «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանի ահազանգին։ Այն հրապարակվել է մարտի 25-ին՝ «Այս այլանդակությանը պետք է վերջ տալ. դիմում ենք ԶԼՄ-ներին». հանձնաժողովի անդամը` ՔՊ-ականների խախտումների մասին» վերնագրով։

Անդրադառնալով Արթուր Սարգսյանի հարցազրույցին, որը հեռարձակվել է ուղիղ եթերով, Սաթիկ Սեյրանյանն ասաց․ «Այնտեղ եղել են նաև այլ լրատվամիջոցներ։ Բացի դրանից՝ այդ օրը մեզ մոտ ուղիղ եթերում հեռարձակվել են տարբեր ՔՊ-ականների հասցեին գովեստի խոսքեր, այդ թվում Անգեղակոթի՝ աղմուկ հանած բնակիչը, որի մասնակցությամբ ամբողջ տեսանյութը քարոզչություն է ՔՊ-ի օգտին, որը տեղի է ունենում ընտրատեղամասի առաջ տեղադրված տաղավարում։ Դա էլ է եղել ուղիղ եթերում, բայց դա իրենց, չգիտես ինչու, հետաքրքիր չէ»։

Սաթիկ Սեյրանյանը նաև փաստեց՝ այդ օրը բազմաթիվ գործիչներ, քաղաքացիներ ահազանգեր են ներկայացրել ընտրակեղծիքների մասով և ասաց․ «Առաջին անգամ չէ, տարիներ շարունակ լուսաբանում ենք ընտրությունները, և լրագրողները լավ գիտեն իրենց իրավունքները։ Այս իշխանությունների կողմից, ինչպես գիտեք, հրահանգ կա թիրախավորել ԶԼՄ-ներին, դրա շրջանակում է այս ամեն տեղի ունենում՝ ուղղորդված, թիրախավորված։ Տեսանյութեր են տարածում մեդիաների հասցեին զրպարտությամբ և այլն։ Ուզում են լրատվամիջոցների ռեսուրսները մսխել, անընդհատ քաշքշուկների մեջ ներգրավել և այլն։ Բոլոր ոչ իշխանական հայացքներ ունեցող ԶԼՄ-ները կարող են ասել, թե ինչքան դատական գործեր ունեն իրենց ուսերին։ Այնպես որ, խնդիր չեմ տեսնում․ դատարանում կհանդիպենք, գուցե նաև այլ հայցեր էլ լինեն իրենց հետ կապված։ Սա նույն տրամաբանության մեջ է տեղավորվում՝ մամուլի ռեսուրսները հնարավորինս մսխել, թիրախավորել, ազատ խոսքը սահմանափակել, վախեցնել։ Բազմաթիվ բաներ տեսել ենք․ սա դրա շարունակությունն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031