Հայաստանի չորրորդ նախագահ, Wordtris խաղի համահեղինակ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է 361Firm գլոբալ հարթակի կազմակերպած քննարկմանը, որին մասնակցել են նաև The Tetris Company ընկերության համահիմնադիր Հենք Ռոջերսը և «Tetris» հանրահայտ խաղի ստեղծող Ալեքսեյ Պաժիտնովը:
361Firm գլոբալ հարթակը քննարկումը կազմակերպել է Apple TV-ի կողմից «Տետրիս» («Tetris») գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ։
Քննարկումը յուրահատուկ ու պատմական զրույց է երկու զուգահեռ իրականությունների ու հիշողությունների մասին, հետահայաց այցելություն Խորհրդային Միություն՝ առերեսում խորհրդային իրականության հետ, այնուհետև Միացյալ Նահանգներ:
Քննարկմանը Հայաստանի չորրորդ նախագահը պատմել է Ալեքսեյ Պաժիտնովի հետ ծանոթության, իր կողմից «Վորդտրիս» խաղի ստեղծման ու դրա համաշխարհային հաջողության պատմությունը։
Կարդացեք նաև
Քննարկման մասնակից Հենք Ռոջերսը խոսել է այն մասին, թե ինչպես է առաջին անգամ այցելել Խորհրդային Միություն՝ խաղի հեղինակային իրավունքները ստանալու նպատակով, և ինչպես է կարողացել խորհրդային կարգերի ու իրողությունների պայմաններում հանդիպել Ալեքսեյ Պաժիտնովի հետ ու կազմակերպել խաղի արտահանումը։ Որպես Պաժիտնովի հետ անցկացրած օրերի հիշարժան դրվագներից մեկը՝ նա մասնավորապես նշել է հայկական կոնյակի ըմբոշխնումը՝ անմոռանալի համարելով այդ օրը։
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ