«Հայկական ժամանակը» գրել է, որ ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով որոշում է կայացվել 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի և «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը. «Որոշումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով և ծախսարդյունավետության նվազ մակարդակով, ու դրանցով պայմանավորված էլ՝ առաջացել է թերթերի տպագրության դադարեցման անհրաժեշտությունը։ Նշված տպագրությունների ֆինանսական ռեսուրսները հետ չեն վերցվում, այլ ուղղվելու են նոր ծրագրերի և նախագծերի իրականացմանը»։
Aravot.am-ը «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի խմբագիր Արարատ Պետրոսյանից մեկնաբանություն խնդրեց որոշման վերաբերյալ: Նա ասաց, որ այս պահին ձեռնպահ կմնա մեկնաբանություններ անելուց:
Մեր տեղեկություններով, նա անձնապես այդ մասին ծանուցում դեռ չի ստացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ