«Ակունք» քաղաքական-վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումներին ու տարածաշրջանում մարտահրավերներին՝ նշեց, որ իսկապես կարեւորագույն գործընթացներ են տեղի ունենում աշխարհում ու մեր տարածաշրջանում, որոնք էական ազդեցություն ունեն քաղաքական զարգացումների վրա: Եվ առանձնացրեց հատկապես մի քանի օր առաջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցելությունը Մոսկվա եւ ռուս-չինական երկարաժամկետ բազմակողմանի սերտ հարաբերությունների հաստատումը: «Չի բացառվում հնարավոր նոր դաշինքի ձեւավորումը հենց մեր տարածաշրջանում, որում կարող են լինել Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը: Եվ եթե մենք ունենանք նորմալ ղեկավարություն, կարող ենք այդ դաշինքի մաս կազմել»,-ասաց նա:
Մյուս շատ կարեւոր իրադարձությունը, որը Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ուղղակիորեն վերաբերում է մեր տարածաշրջանին, վերջերս Իսրայելում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության բացումն էր, որի առիթով երկու երկրների արտգործնախարարների մամուլի ասուլիսում Իսրայելի ԱԳ նախարարը, որը բավականին պրոֆեսիոնալ դիվանագետ է, հայտարարեց, թե իրենց հարաբերությունները Ադրբեջանի հետ ռազմավարական են, որ իրենք Իրանը դիտարկում են որպես ահաբեկչական պետություն եւ որ իրենց ալյանսն ուղղված է նրան, որ կարողանան պայքարել այդ ահաբեկչական պետության դեմ, որը բավականին վտանգավոր դեր է խաղում տարածաշրջանում:
«Սովորաբար, դիվանագիտական արարողակարգում հանդիպումների մասին շատ կարճ ձեւակերպումներ են տրվում, առավել եւս այնպիսի թեմաների մասին, որոնք շատ կարեւոր նշանակություն ունեն պետությունների համար: Բայց Իսրայելի ԱԳ նախարարը հասկանում էր, թե ինչ է ասում՝ դրանով իսկ հայտարարելով, որ իրենք տարածաշրջանում ունեն ռազմավարական դաշնակից, որը Թուրքիայի ներկայությամբ բավականին լուրջ դերակատար է այսօր, եւ իրենք նաեւ դրա միջոցով են պայքարելու Իրանի դեմ»,-ասաց պարոն Հակոբյանը եւ ավելացրեց, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, որ Իսրայելն ու Ադրբեջանը ավելի շուտվանից են ռազմավարական դաշնակից եւ իրադարձությունների ցանկացած զարգացումների դեպքում Ադրբեջանն իր տարածքով, քաղաքական, ռազմական հնարավորություններով օգնելու է Իսրայելին:
Ռուբեն Հակոբյանը զարգացումների այս ֆոնի վրա անդրադարձավ վերջերս Հայաստանի ՍԴ-ի կողմից Հռոմի ստատուտը սահմանադրական ճանաչելու մասին հայտնի որոշմանը: Նա դրա մեջ միտումնավորություն եւ ուղղակի քաղաքական ուղղվածություն է տեսնում: «Ես չգիտեմ, խորհրդարանն այն կհաստատի, թե ոչ, բայց, գուցե, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի մտավոր կարողությունները, սա ինչ-որ ձեւով վաճառի ռուսներին: Բոլոր դեպքերում սա ինձ համար անհասկանալի է: Ես կարծում եմ, որ այստեղ ոչ այնքան կարեւոր է Հայաստանի սահմանադրությանը այդ կանոնակարգի հակասելը կամ չհակասելը, ինչը սահմանադրագետները կասեն, որքան ժամանակի գործոնը: Այս պահին նման որոշում ընդունելը նշանակում է սադրանքի գնալ: Եվ պատահական չէ, որ ռուսական կողմը շատ բարձր մակարդակով բավականին լուրջ բացասական գնահատական է տվել նման հարցին ՀՀ ՍԴ նման մոտեցմանը:
Կարդացեք նաև
Կարծում եմ, այս ամենը պատահական չէ: Սա ինչ-որ տեղից ուղղորդվող, ինչ-որ սցենարի մաս կազմող բան է»,-ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ