Եթե ԱԱԾ-ն հաստատում է, նշանակում է՝ դեպքը տեղի է ունեցել, իրենք դա տեղում տեսել են. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի տարածած հայտարարությանը, որ ՀՀ տարածքում, առնվազն հինգ ուղղությամբ, ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, կառավարության նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դիրքային փոփոխություն չի եղել:
«Սա նոր բան չէ, Հայաստանի իշխանությունների հայտարարություններում միշտ էլ եղել են հակասություններ, հակասական գործողություններ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը հիշեցնում է, որ Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական իրավիճակում ենք գտնվում, չնայած խաղաղության դարաշրջան հայտարարած երկու կողմերի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարություններին, ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից բազմաթիվ սադրանքների եւ Ադրբեջանը հետեւողականորեն սեղմում է օղակը թե ՀՀ-ի, թե Արցախի շուրջ: Ադրբեջանն, ըստ բանախոսի, երկու նպատակ ունի. «Ստանալ այն «միջանցքը», որին ձգտում է եւ Սյունիքի հատվածով կապել Ադրբեջանը Նախիջեւանին: Երկրորդ՝ Արցախը հայաթափել: Հիմա, նրանք կարող են ամեն բան ասել, որ պատրաստ են ապահովել Արցախի բնակչության իրավունքները եւ այլն, բայց մենք դա տեսել ենք՝ եւ խորհրդային միության ժամանակ եւ երկրորդ պատերազմի ժամանակ, եւ հիմա էլ այդ ամենը տեսնում ենք»:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախկին նախարարը գտնում է, որ այս պատերազմական իրավիճակում, մենք պետք է ուսումնասիրենք մեր սահմանների յուրաքանչյուր սանտիմետրը եւ պաշտպանություն կազմակերպենք ու դա նախ բանակի խնդիրն է:
«ՀՀ իշխանությունն այսօր ասում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է փոխարինեն ԱԱԾ ստորաբաժանումներով, բայց դա կարող են անել միայն այն դեպքում, երբ երկու հակառակորդ, թշնամի պետությունները դարձել են բարեկամներ եւ ցանկանում են ապրել միմյանց հետ՝ խաղաղ համակեցությամբ: Բայց եթե դու մի կողմից խաղաղություն ես հայտարարում եւ ասում ես, որ պատրաստ են գնալ դրան, մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի վարքագիծը, հռետորաբանությունը, սադրանքները, կարելի է ասել՝ մարտական գործողությունները, հոգեբանական ճնշումները Հայաստանի վրա, կարելի է ասել, որ մենք դեռեւս գտնվում ենք պատերազմական իրավիճակում: ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ սահմաններում»:
Իր բնութագրմամբ, ՀՀ իշխանությունը շարունակում է ապրել այնպես, կարծես ՀՀ-ի եւ Արցախի հետ ոչինչ չի պատահել, մինչդեռ Բերձորի միջանցքի շրջափակումը մտորելու տեղիք պետք է տար ՀՀ իշխանությանը: Սեյրան Օհանյանը տպավորություն ունի, որ ՀՀ իշխանությունները կարող չեն կամ չեն ցանկանում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը ու որոշել առաջնահերթությունները: Ինքը կարծում է, որ մեր առաջնահերթությունն անվտանգությունն է, բայց այդ պարագայում հարց ունի. «Ինչպե՞ս է ստացվել, որ Ադրբեջանը, Բաքվից, եկել՝ հասել է Տեղ գյուղ, իրենց ետեւում չունենալով բնակեցված որեւէ ադրբեջանական բնակավայր, ամրապնդվում են, առաջ են գալիս, իսկ մենք՝ մեր ետեւում ունենալով բնակավայրեր, սահմանային գյուղացիներին մեն-մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ: Առաջին հերթին մենք պետք է պաշտպանություն կազմակերպեինք»:
Բացթողումն ո՞ւմն է՝ հարցին, Սեյրան Օհանյանը մի ողջ շղթա նշեց՝ հետախուզական ծառայությունից մինչեւ հակառակորդին խոցող ծառայություն եւ միջազգային համագործակցություններ ու բանակցողներ՝ ընդհանրացնելով, որ բացթողումը ՀՀ իշխանություններինն է՝ պետական եւ ռազմական կառավարման ոլորտներում: Նա ընդգծում է, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, ի հակադրություն ՀՀ իշխանության կեցվածքի, երբ տարբեր հատվածներում զորքերի հետքաշման հրաման տրվեց, ադրբեջանական իշխանությունները սանտիմետր-սանտիմետր առաջ գալու հրաման են տալիս՝ սահմանագծման-սահմանազատման հիմք ստեղծելով իրենց համար, որպեսզի իրենց շահերն առաջ տանեն:
«Պայմանավորվածությունների շրջանակներում պետք է նոր ճանապարհ նախագծվեր կառուցվեր, ընդ որում միջանցքի գաղափարն առաջ տանելով, որովհետեւ միջանցքի մեջ ոչ միայն ճանապարհներն են, այլ գազատար, էլեկտրագծեր, կապի միջոցներ: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն արագ իր ճանապարհը կառուցել է, իսկ հայկական կողմը այլընտրանքային ճանապարհը չի կառուցել լիարժեք: Իրենք ասում են, որ ապրիլի 1-ին պետք է ճանապարհը բացվեր, այդ դեպքում ինչո՞ւ է թույլ տվել կամ ի՞նչ պայմանավորվածություններ կան Ալիեւի հետ: Հերթական անգամ Ալիեւը խախտում է պայմանավորվածությունները»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նաեւ հավելեց, որ ոչ մի հույս չունի, որ բանակցություններով Հայաստանը կարող է վերադարձնել այդ տարածքները. «Երբ դու տեսնում ես, որ քո իշխանություններն անընդհատ սխալվում են, անընդհատ թույլ են տալիս հակառակորդին առաջ գալ, սա խոսում է այն մասին, որ կամ չեն գիտակցում, կամ նման պայմանավորվածություններ ունեն: Հույս կապել թուրքադրբեջանական տանդեմի հետ, որ կարող են նրանք բանակցություններով հետ քաշվել, չի ստացվի»: Նա կարծում է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է համախմբվեն, ոտքի կանգնեն եւ իշխանությունից պահանջեն՝ սահմանների ապահովություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ