«Պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ կոնֆլիկտ էր տեղի ունեցել մեր եւ ՔՊ-ի պատգամավորի միջեւ: Կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր եւ ոստիկանությունը եկավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տալ գործընթացին: Այնինչ, եթե այդպիսի որոշում է ընդունվել, այն երկուստեք պետք է լինի, որովհետեւ իմ իմացությամբ, նշված միջադեպի հրահրումը, ի սկզբանե տեղի է ունեցել պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես ներկայացրեց ԱԺ ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ տեղի ունեցածը, ԱԺ Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, պատգամավորների միջեւ ծեծկռտուք էր եղել, որից հետո իշխանական խմբակցությունը ներկայացնող Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել էր հիվանդանոց, ընդդիմադիր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը՝ ոստիկանություն:
Սեյրան Օհանյանը մանրամասնեց՝ ինչպես պատգամավորները փոխանցել են, բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել, այնուհետեւ տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է, սակայն ոստիկանությունը եւ ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել է. «Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշի՝ վեր կենալ եւ կոնֆլիկտ հրահրի: Ոստիկանության հետ արդեն պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը, եւ իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթը կազմակերպեց: Դեպքի պահին այստեղ չեմ եղել, երբ եկա՝ Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, եւ ես հանգստացրի ու հարթեցրինք, եւ կարող էր այդ իրավական գործընթացը շատ հանգիստ տեղի ունենալ: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, ոստիկանության պետի տեղակալը սկսեցին Մհեր Սահակյանին բրթբրթել, ինչի իրավունքը չունեին։ Մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում եւ միջանցքում, ինչն անընդունելի է»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի: Նա ոստիկաններին մեկ այլ միջադեպ է հիշեցրել. «Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին եւ Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն, իհարկե՝ ոչ: Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաեւ ոստիկանական գործողություններին»:
Կարդացեք նաև
Լրագրողի դիտարկմանը՝ իշխանական պատգամավորները գուցե նման միջադեպով փորձում են ստվերե՞լ սահմանային լարվածությունը, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես ինչ-որ նոր հնարքներ են մտածել մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Կարող է կոնֆլիկտ լինել, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են կոնֆլիկտներ, բախումներ պատգամավորների միջեւ, երկու պատգամավորի միջեւ է եղել, իրավապահները կարող էին զբաղվել»:
Թե ինչի՞ց է վիճաբանությունը սկսվել, Սեյրան Օհանյանը չգիտի:
Պետաիրավական հանձնաժողովում տեղի ունեցած դեպքի մասին Hayastan.news-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նրա խոսքով՝ թեև ինքը ականատես չէ, բայց ականատեսի վկայությամբ՝ միջադեպը սկսել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանից․
«Եղել է փակ քննարկում Պետաիրավական հանձնաժողովում, ինչ-որ մի պահի՝ արդեն նիստի վերջում, ինչ-որ լարվածություն է առաջացել, կուլտուրական մարդ պարոն Վարդանյան Վովան սկսել է գոռգոռալ, պատգամավոր Մհեր Սահակյանն ասել է՝ մի գոռացեք, նա մի պահ՝ իբրև կուլտուրական մարդ, պաուզա է տվել, կարկամել է, բայց հետո կուլտուրական մարդուց վերածվել է ՔՊ-ականի, սկսել է ասել է, թե «լավ եմ անում՝ գոռում եմ, ում վրա ուզենամ՝ կգոռամ», Մհերն էլ ասել է՝ չես կարա գոռաս։ Ըստ Մհերի՝ նա տեղից վեր է կացել, փորձել է քայլ անել դեպի Մհերը, Մհերն էլ մտածել է, որ իր վրա է գալիս խփելու՝ ինքն է խփել, ու կուլտուրական մարդը վնասվածք է ստացել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ