Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիներ շարունակ դրամաշնորհներն ու վարկերը տրվել են ինչ-որ մեկի պատկերացումների հիման վրա». Արտակ Քյուրումյան

Մարտ 31,2023 14:19

Մեդիա կենտրոնի խնդրանքով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է վերջին 20 տարիներին նախարարության ստացած դրամաշնորհների, ֆինանսական ներդրումների մասին տեղեկատվություն: Մեդիա կենտրոնը փորձել է պարզել, թե ի՞նչ նպատակով, ոլորտի կոնկրետ ո՞ր խնդիրների լուծմանն են ծառայել այդ միջոցները՝այդ տվյալները համադրելով 2022թ. Կրթության տեսչական մարմնի հաշվետվության հետ:

Ըստ այդմ՝ 40 դպրոցներում իրականացված ստուգումները պարզել են՝ «Հայոց լեզու» առարկայից թելադրությանը մասնակցած 3624 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 479-ը (13.2%), «Լավ»՝ 1058-ը (29.2%), «Բավարար»՝ 1081-ը (29.8%), «Անբավարար»՝ 1006-ը (27.8%): Մաթեմատիկայի գրավոր աշխատանքին մասնակցած 3543 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 165-ը (4.7%), «Լավ»՝ 418-ը (11.8%), «Բավարար»՝ 1383-ը (39%), «Անբավարար»՝ 1577-ը (44.5%):

Արտակ Քյուրումյան

Ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը Մեդիա կենտրոնում կայացած «Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը՝ կրթության բարեփոխումների համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց. «Խնդիրը,հավանաբար, մեկ գործոնով չի պայմանավորված, բազմաթիվ գործոններ կան, որոնք ազդում են կրթության որակի վրա: 20 տարվա երկարաժամկետ հատվածը նայելով՝ կարելի է ընդհանուր եզրակացություն անել, որ այդ ռեֆորմներն իրենց ցանկալի արդյունքին չեն հասել, թեեւ բոլոր ռեֆորմների նպատակը ինչ-որ դրական ազդեցություն ունենալն է, կրթության որակը բարելավելը, նոր գիտելիքներ, կարողություններ, հմտություններ տալը: Սակայն, ինչպես նշեցի, վերջին շրջանում բոլոր հետազոտությունները վկայում են, որ այդ արդյունքներին կառավարությունը չի հասել: Հիմա թե ինչո՞ւ են միջոցները վատ օգտագործվում, ամենայն հավանականությամբ պետք է փնտրել ամբողջ քաղաքականության, պլանավորման գործընթացում»:

Նրա խոսքով. «Վերջին տարիներին չի եղել իրավիճակի ուսումնասիրություն, միգուցե տարիներ առաջ միջազգային գործընկերները, քաղաքացիական հասարակության կառույցները ինչ-որ բան անում էին, բայց նախ պետական մարմիններից այդպիսի հետազոտություն, ուսումնասիրություն չենք տեսել: Վերջին տարիներին վակուում է առաջացել, մինչդեռ նման ուսումնասիրության հիման վրա պետք է սահմանվեին այն նպատակները, որոնց ձգտելու էինք, ու այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին:

Փաստորեն, տարիներ շարունակ դրամաշնորհներն ու վարկերը տրվել են ինչ-որ մեկի պատկերացումների հիման վրա եւ ոչ թե փաստացի ստեղծված իրավիճակից ելնելով՝ սահմանված նպատակների հիման վրա: Այդ պրակտիկան շարունակվում է նաեւ այսօր, եւ այս պայմաններում դժվար է արդյունք ակնկալելը: Նաեւ վստահ եմ, որ փաստաթղթերով ամեն ինչ ճիշտ է եղել»:

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Լարիսա Մինասյանը հարց հնչեցրեց. «Որտեղի՞ց եզրակացրինք, որ արդյունքի չեն հասել, հատկապես որ այդ արդյունքը ոչ քննարկվել է, ոչ երբեւէ դրված է եղել սեղանին, ոչ էլ համազգային համերաշխության, համազգային գնահատականի է արժանացել: Կրթությունը առողջապահությունից էլ ավելի՝ հիմքն է ամեն ինչի եւ ամեն տուն է մտնում…

Կրթության համակարգի աջակցությունը սկսվել է շատ ավելի վաղ եւ ունեցել է փորձագիտական եւ գումարային բավականին մեծ կշիռ: Բայց եթե բոլոր բնագավառները եղել են զավթված, աշխատեցվել, ուղղորդվել են այդ նպատակով, ինչո՞ւ եք կարծում, որ կրթությունը պետք է դուրս մնար այդ քաղաքականությունից»:

Հավելենք, որ քննարկմանը մասնակցելու համար Մեդիա կենտրոնը դիմել էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որտեղից արձագանքել են, թե հետաքրքրող տվյալները տրամադրել են եւ այդ թեմայով լրացուցիչ ասելիք չունեն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031