Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որ քիչ առաջ խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում հարձակվել եւ մարմնական վնասվածքներ է հասցրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին:
«Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա և հոնքի հատվածում հասցրել մարմնական վնասվածք, կարիք կա կարեր դնելու։ Ընդդիմադիր պատգամավորն անմիջապես փախել է հարվածելուց հետո և թաքնվել ԱԺ անկյուններից մեկում»,- հայտարարել է Արթուր Հովհաննիսյանը:
Ավելի ուշ, Արթուր Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Վլադիմիր Վարդանյանին տեղափոխել են հիվանդանոց:
Զուգահեռ, տեղի ունեցածի վերաբերյալ, հայտարարություն է տարածել նաեւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, որում ասված է. «Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, ՔՊ-ում սովորություն դարձած գործելաոճին համաձայն, ձայնը բարձրացրել, իսկ այնուհետև ոտքի ցատկելով փորձել է հարձակվել իրեն սաստած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի վրա: Տեղի է ունեցել քաշքշուկ, որից հետո զարմանալիորեն օպերատիվ կերպով գործին միջամտել են իրավապահները և ԱԺ-ից բերման ենթարկել պատգամավոր Մհեր Սահակյանին»
Կարդացեք նաև
Մհեր Սահակյանին իրավապահները տարել են խմբակցության աշխատասենյակից։ Այնտեղ է եղել նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանում գտնվող լրագրողները փոխանցում են, որ պատգամավորի աշխատասենյակից գոռգոռոցներ են լսվել, Ալեն Սիմոնյանը հրահանգել է լրագրողներին հեռացնել տարածքից:
Aravot.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ