Արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում` Տավուշի մարզում մարտի 31-ի առավոտյան ծաղկած ծառերը ծածկվել են ձյան առատ շերտով, ինչը կարող է վնասներ հասցնել մարզի գյուղատնտեսությանը:
Դիտավան բնակավայրի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ջերմաստիճանի նվազման դեպքում գյուղացիների վնասը մեծ կլինի:
«Այս պահին վաղ է խոսել վնասի մասին, քանի որ բոլորս հույսով սպասում ենք, որ գիշերը ջերմաստիճանը 0-ից չիջնի: Անգամ ձմռանը նման առատ ձյուն չի եղել: Դիտավանում 10-12 սմ ձյուն է այս պահին, հավանաբար ամենաշատ ձյունը մարզում հենց Իջևան համայնքում է տեղացել: Արդեն ծաղկել էին հոնը, նշենին, դեղձի և տանձի ծառերը: Այս պահին գյուղացիները ծաղկած ճյուղերն են մաքրում ձյան շերտից: Գյուղում ունենք 3 հա հոնի ինտենսիվ այգի: Գյուղացիների մեծ մասն էլ անտառի հոնից են օգտվում, այն հավաքելով և վաճառելով: Ջերմաստիճանի նվազման դեպքում գյուղում ամենամեծ վնասը հենց հոնի ծառերը կկրեն»,-նշեց Սարիբեկյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ