Նախորդ շաբաթ իրազեկել էինք արդեն, որ Հայաստանի մասին գերմանալեզու լրահոսն այս օրերին նկատելի աշխույժ է, եւ որ սակավ է պատահում, թղթակիցները գրում են նաեւ մեր երկրում լինելով: Հայաստանյան ԶԼՄ-ներում ծանուցում եղավ, որ գերմանացի լրագրողների Հայաստան այցին աջակցել է գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը, ինչպես նաեւ մի հավելյալ տեղեկություն՝ ի շարս տարբեր հանդիպումների, նրանց ընդունել են «Թաթոյան» հիմնադրամում: Այսինքն՝ լրագրողներին տրամադրվել են հստակ, ստույգ, մանրամասն փաստեր: Տեղի սղության պատճառով հակիրճ արձանագրենք հրապարակումներում նկատելի շեշտադրումները:
t-online կայքում Թոբիաս Էսերի (Tobias Eßer) հոդվածներին անդրադարձել էինք, նա իր հայաստանյան շարքը շարունակեց Սոթքի եւ Ջերմուկի, Շուռնուխի մասին պատմելով: Մարտի 27-ին հրատարակված նրա հոդվածի վերնագիրը՝ «Եթե ռուսներն այստեղ չլինեին, իրադրությունն ավելի վատ կլիներ», թեեւ ուղղակի մեջբերում է Շուռնուխի մի բնակչի խոսքից, սակայն այլ լրատվամիջոցներում էլ կարծես նշմարվում է ռուսներին ուղղված քննադատության մեղմացում:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» մարտի 25-ի տեղեկատվությունն այսպես է վերնագրել՝ «Սահմանամերձ շրջանի շուրջ վեճ. Ռուսաստան. Ադրբեջանը խախտել է Հայաստանի հետ հրադադարի համաձայնագիրը»: «ՖԱՑ»-ը փոխանցում է «Ֆրանսպրեսի» լուրը՝ հղում անելով «ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներին՝ ադրբեջանական զինուժը հատել է սահմանազատման գիծը: Ռուս զինվորներն այժմ էսկալացիան նվազեցնելու միջոցներ կձեռնարկեն»:
«Նոյե ցյուրխեր ցայթունգը» մարտի 27-ին անդրադառնում է Արցախում տիրող մտահոգիչ իրավիճակին, ընդգծելով նաեւ այն հանգամանքը, որ Բաքուն չի կատարում Հաագայի պահանջը: Շվեյցարական SRF-ի աշխատակից Յուդիթ Հուբերը (Judith Huber) նույնպես մարտի 23-ի հրապարակմամբ անդրադառնում է Ջերմուկին: Գերմանալեզու հոդվածներում ակնարկ կա նաեւ, թե Ռուսաստանը Հայաստանի հանդեպ լուրջ հետեւանքներ ենթադրող սպառնալիք կկիրառի, եթե Միջազգային քրեական դատարանի վավերացումը լինի:
Կարդացեք նաև
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա