Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսությունը ռազմական սպառնալիքի տակ չի կարող ընթանալ. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 31,2023 12:04

Բաքուն չի կարողանում ընկալել, որ իր գործողություններով արցախցուն ավելի վճռական է դարձնում իր իրավունքների համար պայքարում եւ հերթական փաստարկներն է ներկայացնում աշխարհին, որոնք ապացուցում են, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի հետ մեկ պետությունում: Մյուս կողմից էլ պարզ է, որ Բաքվում հանդիպումն ակնհայտ ոչ հավասար պայմաններ է ստեղծելու, եւ այն օգտագործվելու է Արցախի ժողովրդի ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու նպատակով: Բաքվի այդ պարզունակ քայլին արձագանքեցին Արցախի իշխանությունները տարածած հայտարարության միջոցով: Նրանք ընդգծել են, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմից ստացված առաջարկը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկում է հետապնդում, այլ երկխոսության խաթարում կամ սեփական օրակարգի պարտադրում: Արցախից պատրաստակամություն են հայտնել շարունակել շրջափակման հետ կապված տեխնիկական եւ հումանիտար հարցերի քննարկումը, բայց նախկին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ եւ հիմնական տեղակայման վայրում:

Անթույլատրելի համարելով Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումների օրակարգի քաղաքականացումը՝ պաշտոնական Ստեփանակերտը շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված եւ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձեւաչափերում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա եւ նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում:

Այլ կերպ ասած՝ այս արձագանքով Արցախի ժողովուրդը ի լուր աշխարհի փաստում է, որ շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ամենեւին չի խաթարել սեփական իրավունքների համար պայքարող արցախցու ոգին, իսկ ադրբեջանական կողմին բաց տեքստով ասում է, որ չի պատրաստվում ընկրկել ապակառուցողական, նենգ քայլերի առաջ եւ հորդորում է երկխոսությունը վարել կառուցողական հարթության վրա, քաղաքական բանակցություններն էլ՝ միջազգային ձեւաչափով: Այսինքն, երկխոսությունը ռազմական սպառնալիքի տակ չի կարող ընթանալ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031