Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի պարագայում մշակույթը ձեր ԴՆԹ-ի մեջ է». ԵՄ դեսպան

Մարտ 31,2023 10:33

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի կողմից մարտի 31-ից ապրիլի 30-ը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի եւ «ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնի հետ համատեղ իրականացվում է «Կատապուլտ տաղավար» ստեղծարար արդյունաբերության էքսպոն: Այն «Կատապուլտի» ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսն է, որտեղ կներկայացվեն ցուցանմուշներ եւ նախագծեր՝ ընդգրկելով տեսողական արվեստի, ստեղծագործական տեխնոլոգիաների, դիզայնի, ճարտարապետության, նորաձևության, տպագրության եւ կատարողական արվեստների ոլորտները: Ինչպես կազմակերպիչներն են նշում, միջոցառման նպատակը Հայաստանի մշակութային եւ ստեղծարար ոլորտը ներկայացնելն ու հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է:

«Կատապուլտ տաղավարն» իր մեջ ներառում է 10 թիմերի խմբային նախագծերը, ինչպես նաեւ «ԱՐԷ» կատարողական արվեստների փառատոնի եւ «Ուրվական» փառատոնի համատեղ մշակութային ծրագիրը։ Տաղավարի մաս կազմող «Կատապուլտ բեմի» շրջանակներում նախատեսվում են նաեւ աշխատարաններ, զրույցներ եւ ներկայացումներ։


«Կատապուլտ տաղավար. ստեղծագործական արդյունաբերության ցուցահանդեսի» փակ նախադիտմանը եւ մեկնարկին ներկա ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ասաց, որ ուրախ է ներկա գտնվել միջոցառմանը: «Որոշ մարդիկ ասում են, թե ես խենթ եմ, որ այս բարդ օրերին մշակույթին եմ նայում, բայց, իմ համոզմամբ, նույնիսկ այս բարդ օրերին անհրաժեշտ է նայել առաջ… Հայաստանի պարագայում մշակույթը ձեր ԴՆԹ-ի մեջ է»,-ասաց ԵՄ դեսպանը՝ ընդգծելով հատկապես մշակութային երկխոսության անհրաժեշտությունը:

«Մեր մշակութային կյանքը ներկայումս առանձնանում է ոչ միայն մշակութային միջոցառումների հաճախակիութամբ եւ բազմազանությամբ, այլ նաեւ կարեւոր նշանակության ծրագրերով»,-ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ՀԲԸՄ- Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով, տաղավարի բացումը կարեւորագույն փուլերից միայն մեկն է, քանի որ դեռ շատ ծրագրեր կան, որ պետք է կյանքի կոչվեն. «Ինչ վերաբերվում է տաղավարին, այն իրականացվել է ՀԲԸՄ-ի, Ստեղծարար Հայաստանի եւ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի համագործակցության շնորհիվ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Ստեղծարար արդյունաբերությունն, անշուշտ, շատ կարեւոր մաս է եւ լուրջ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության համար: Իսկ այս ցուցահանդեսն ընդամենը բուրգի գագաթն է, մի փոքր մասնիկը, որ փաստում է, թե ինչ կարող են ստեղծել Հայաստանի արվեստագետները, դիզայներները, ընդհանրապես ստեղծարար մարդիկ: Չափազանց ուրախ եմ, որ «Կատապուլտ» ծրագիրը կարողացավ ժամանակ հատկացնել այս անհատների հմտությունների զարգացմանը, որպեսզի իրականություն դառնա այս գեղեցիկ ցուցահանդեսը: Ուրախ ենք նաեւ, որ ԵՄ-ն աջակցում է ծրագրին, որը մարմնավորում է ՀԲԸՄ 4 սյուներից 3-ը: Սա մեկն է ՀԲԸՄ բոլոր ծրագրերից, որ ունենք Հայաստանում եւ Արցախում»,- նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը: Նա նկատի ունի, որ ՀԲԸՄ-ն իր 100-ամյա առաքելությունն իրականացնելիս՝ Հայաստանում ընտրել է 4 ուղղություն՝ կրթական, մշակութային, մարդասիրական եւ տնտեսական զարգացման։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031