Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի ստեղծումից 155 տարի անց Հայաստանում առաջին անգամ օպերան ներկայացվեց բնագրով՝ իտալերեն

Մարտ 31,2023 12:30

Նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես տեղեկացրել էինք, 78 տարի անց ներկայացվեց ճիշտ «Արշակ Բ»-ն՝ համերգային կատարմամբ։ Առաջին անգամ հնչեց Տիգրան Չուխաճյանի օպերայի բնագիրը՝ իտալերեն։ «Առավոտի» մարտի 28-ի համարում ասվածի առիթով մանրամասներ էր ներկայացրել կանադաբնակ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը։ Նշենք, որ հիշյալ օպերան առաջին անգամ մեր թատրոնում բեմադրվել է 1945թ. (ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան, դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան), 1956-ին չուխաճյանական գլուխգործոցին անդրադարձել են ռեժիսոր Վավիկ Վարդանյանն ու դիրիժոր Սուրեն Չարեքյանը, 1986թ.՝ Տիգրան Լեւոնյանն ու Յուրի Դավթյանը եւ 2007-ին՝ Գեղամ Գրիգորյանն ու Կարեն Դուրգարյանը։

«Արշակ Բ»-ի համերգային կատարմանը ընդգրկված էին թատրոնի մեներգիչները՝ Առնոլդ Քոչարյանը (Արշակ), Լուսինե Մակարյանը (Օլիմպիա), Նարինե Անանիկյանը (Փառանձեմ), ֆրանսաբնակ Արտավազդ Սարգսյանը (Վաղինակ), Հայկ Տիգրանյանը (Ներսես), Հովհաննես Անդրեասյանը (Գնել), Թամարա Դադոյանը (Պոլիսենա), Սերգեյ Ստեփանյանը (Վարդան), իհարկե՝ թատրոնի նվագախումբն ու երգչախումբը (գլխավոր  խմբավար՝ Հրաչ Բորյան)։ Դիրիժորական վահանակի մոտ էր Հարություն Արզումանյանը։
«Արշակ Բ» օպերայի Թերզյանի երկլեզու՝ հայերեն եւ իտալերեն լիբրետոն ստեղծվել է հայոց արքա Արշակի, թագուհի Օլիմպիայի, իշխանուհի Փառանձեմի եւ իշխաններ Գնելի ու Տիրիթի, ինչպես նաեւ Հայաստանի, Պարսկաստանի եւ Բյուզանդիայի փոխհարաբերությունների մասին՝ Փավստոս Բուզանդի եւ Մովսես Խորենացու ստեղծագործությունների հիման վրա։ Օպերայի համերգային կատարման ժամանակ ականատեսը եղանք, որ, ինչպես կոմպոզիտոր Ջոն Սարգսյանն էր հավաստիացրել, Տիրիթին «փոխարինում» էր Վաղինակը… Դատելով հանդիսատեսի արձագանքից, օպերայի համերգային կատարումը ջերմությամբ ընդունվեց։ Բացի բարձրարվեստ կատարումից, հատկապես նշվում էր երաժշտության ու իտալերենի այնքան համահունչ ու միաձույլ լինելը։ Հանդիսատեսը միանշանակ գոհ հեռացավ դահլիճից, բայց ակնկալիքով, որ «Արշակ Բ»-ի բեմադրությունը երկար սպասել չի տա։

Համերգի ավարտին խոսք խնդրեցինք երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանից։ Տիկինը նախ նշեց այն կարեւոր գործունեության մասին, որ վերջին շրջանում օպերային թատրոնում իրականացնում է մաեստրո Դուրգարյանը՝ նոր շունչ հաղորդելով 90-ամյա թատրոնին։ «Թատրոնի տարեգրության մեջ կարեւոր նշանակություն ունեցող մաեստրոյի նախաձեռնություններին ավելացավ եւս մեկը՝ հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի ստեղծումից 155 տարի անց, փաստորեն  2023թ. մարտի 29-ին նրա երաժշտական ղեկավարությամբ կայացավ օպերայի համերգային կատարումը, որի ընթացքում առաջին անգամ հնչեց օպերայի բնագիրը՝ իտալերեն լեզվով,- ասաց երաժշտագետը, մանրամասնելով,- իսկ ամեն ինչ սկսվել էր դեռեւս տարիներ առաջ։ Ականջալուր լինելով մեր խնդրանքին՝ Չուխաճյանի ծննդյան 175-ամյա հոբելյանի շրջանակներում, «Արամ Խաչատրյան» համերգասրահում 2012թ. նոյեմբերի 21-ին կայացած համերգի ընթացքում Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ օպերային թատրոնի նվագախումբը կատարեց «Արշակ Բ» օպերայի նախերգանքը, որն ըստ էության «Արշակի» նախերգանքի հայաստանյան պրեմիերան էր։ Արվեց առաջին քայլը, որին պիտի հաջորդեր օպերայի բեմադրությունը. թվում էր, թե շուտով հեղինակային «Արշակը» կվերադառնա Հայաստան, սակայն «Արշակի» ճակատագիրն այլ կերպ դասավորվեց։ Կարեն Դուրգարյանը ստիպված էր հեռանալ օպերային թատրոնից։ Մարեց «Արշակի» բեմադրության հույսը։ Տարիներ անցան։ Եվ ահավասիկ, Կարեն Դուրգարյանի վերադարձն օպերային թատրոն հնարավոր դարձրեց «Արշակ Բ»-ի մուտքը օպերային բեմ»։ Միանշանակ ողջունելի է «Արշակ Բ»-ի մուտքը՝ ռեպլիկին Աննա Ասատրյանը արձագանքեց. «Բնականաբար, ողջունում եմ օպերային թատրոնի այս նախաձեռնությունը, որը հիրավի ստացել է համահայկական բնույթ։ «Արշակ Բ»-ի համերգային կատարման երաժշտական ղեկավար մաեստրո Դուրգարյանի խորհրդատուներն են չուխաճյանասերներ Ջոն Սարգսյանը եւ Փարիզի Չուխաճյանի անվան ինստիտուտի տնօրեն Ժիրայր Բաբազյանը, իսկ գլխավոր հերոսներից մեկի՝ սպարապետ Վաղինակի դերերգով, ինչպես ականատեսը եղանք, հանդես եկավ Ֆրանսիայից հրավիրված տենոր Արտավազդ Սարգսյանը»։ Երաժշտագետը խոսքը եզրափակեց ճիշտ եւ ճիշտ հանդիսատեսի ցանկությամբ. «Վստահ եմ, որ այս համերգային կատարմամբ կտրվի, գուցե արդեն տրվեց, «Արշակի» վերադարձի մեկնարկը եւ շուտով հեղինակային «Արշակը» իր հաստատուն տեղը կգտնի օպերային թատրոնի խաղացանկում»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031