Մայիսի 28-ին, ժամը 19-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում մենահամերգով հանդես կգա Sony Classical-ի բացառիկ արտիստ, լեգենդար նվագախմբերի հետ ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող հույն ջութակահար եւ դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը:
Համերգը կկայանա Երեւանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Ծրագրում` Բախի ստեղծագործություններն են: Փառատոնը՝ հավատարիմ իր փիլիսոփայությանն ու գործելաոճին՝ Հայաստան է հրավիրում բարձր դասի երաժիշտների ու նվագախմբերի: Լեոնիդաս Կավակոսի մենահամերգը հերթական անգամ փաստում է դա:
Ընդհանրապես Կավակոսի երկացանկում են Սիբելիուսի, Շուբերտի, Չայկովսկու, Պագանինիի, Դեբյուսիի ստեղծագործությունները: 2007 թվականից նա ղեկավարում է Զլցբուրգի կամերային նվագախումբը՝ Camerata Salzburgը: Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իր բախտը բերել է, քանի որ ծնվել է երաժշտական ընտանիքում, ոչ միայն պապիկը, այլեւ ծնողները երաժիշտներ են եղել, եւ նրանց ընտանիքում ընդունված է եղել աշակերտներ պահելը:
Լեոնիդաս Կավակոսը պատմել է, որ իր կյանքում շրջադարձային է եղել երեխա ժամանակ փոքրիկ ջութակ նվեր ստանալը: Իսկ 6 տարեկանից սկսել է լրջորեն պարապել:
Կավակոսը, ի թիվս այլ նվագախմբերի, տարբեր տարիների հանդես է եկել Բեռլինի Ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբերի, Թագավորական Կոնսերգեբաու նվագախմբի, Վիեննայի Ֆիլհարմոնիկի, Չիկագոյի սիմֆոնիկի հետ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2023