Հայաստանը մասնակցել է ԱՄՆ նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ համաժողովին: Որպես ներքին կյանքը կարգավորող պետաքաղաքական վարչաձեւ (ռեժիմ)` ժողովրդավարությունը Հայաստանի դեպքում, իհարկե, այլընտրանք չունի: Բայց նման համաժողովների պարագայում ժողովրդավարությունը, կարծում եմ, աղանդի նման մի բան է, որն օգնում է ԱՄՆ-ին տարբերակել «յուրայիններին» եւ «ոչ յուրայիններին»: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ արտաքին քաղաքականության մեջ այնքան էլ կարեւոր չէ, թե ով է իրականում ժողովրդավար, ով՝ ավտորիտար: Ի դեպ, միջոցառումը «համահյուրընկալող» Զամբիային դժվար թե կարելի է ժողովրդավարության ջահակիր անվանել:
Ելույթ ունենալով համաժողովի լիագումար նիստում՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ այլ գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք «հետագա ներխուժումը»: Բավականին վիճելի «շնորհակալություն» էր՝ նախ այն պատճառով, որ դրանում կարծես թաքնված կշտամբանք կա՝ ուղղված Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, որոնք այս հարցում մեզ օգտակար չեղան: Երկրորդ՝ շնորհակալություն են հայտնում այն դեպքում, երբ վտանգն արդեն վերացել է: Իսկ մեր դեպքում որեւէ երաշխիք չկա, որ վաղը կամ մեկ շաբաթից կամ մեկ ամսից «հետագա ներխուժումը» չի շարունակվի, ու որեւէ մեկը, բացի հայկական բանակից, կկարողանա դա կանգնեցնել:
Այս ամենը տեղի է ունենում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը Հայաստանի ԱԺ-ի կողմից վավերացնելու մասին խոսակցությունների ֆոնին, որոնք աշխուժացան այն բանից հետո, երբ ՍԴ-ն այդ ստատուտը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Այն երկրները, որոնք վավերացրել են այդ կանոնադրությունը, ձեւական հիմքեր ունեն Պուտինին ձերբակալելու համար, եթե նա հայտնվի իրենց պետության սահմաններում, որովհետեւ հիշյալ դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու հրաման է արձակել:
Պարզ է, որ ոչ ոք չի պատրաստվում Պուտինին ձերբակալել: Թե՛ հրամանը, թե՛ որեւէ երկրի կողմից ստատուտի վավերացումը կրում է զուտ խորհրդանշական բնույթ: Բայց քաղաքականության մեջ խորհրդանիշները խիստ կարեւոր են, եւ այդ է պատճառը, որ Հայաստանի վավերացնելու դեպքում Ռուսաստանը մեզ սպառնացել է սարսափելի հետեւանքներով:
Կարդացեք նաև
Հռոմի կանոնագրին միանալը, որը արել ենք տարիներ առաջ, մեզ պետք է ոչ թե Ռուսաստանի կամ Պուտինի համար, այլ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին աշխարհում բարձրաձայնելու նպատակով: Ստատուտը վաղուց պետք էր վավերացնել (առնվազն 2016 թվականից հետո): Բայց այս պահին դա անելը մաքուր արկածախնդրություն կլինի, որին, հուսով եմ, մեր իշխանությունը չի գնա:
Որոշակի լավատեսություն է ներշնչում այն հանգամանքը, որ «Հանուն ժողովրդավարության» համաժողովի հռչակագրի հարցում Հայաստանը ձեռնպահ է մնացել միանալու Ռուսաստանի ագրեսիան դատապարտող պարբերությանը: Այդ պարբերության բովանդակությունն, իհարկե, արտացոլում է իրականությունը, բայց մեր կողմից դրան չմիանալը ճիշտ էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պէտք է ընդունիլ որ այդ պարբերութեան ձեռնպահ մնալը բացատրող, տրուած պաշտօնական պատճառը, վարպետութիւն է… Մինչեւ իսկ, կարելի է ասել, քննադատութիւն մըն է՝ ԱՄՆի նկատմամբ:
«… ժողովրդավարությունը Հայաստանի դեպքում, իհարկե, այլընտրանք չունի:»
Այս հայտարարությունը՝ որպեսզի ուտոպիստական չհնչի, բացատրություն է պահանջում: Ժողովրդավարության ինչպիսի՞ մոդել նկատի ունեք: Եթե Իսրայելի օրինակը նկատի ունեք, ապա ժողովրդավարական վարչաձևն է՞ այնտեղ որոշիչը, թե՞ արևմուտքի օժանդակությունն ու կապիտալը: Կարո՞ղ էր առաջինը կայանալ առանց երկրորդի: Մենք այդ հնարավորությունն ունե՞նք: Մեզ մոտ ժողովրդավարություն հաստատելու համար անցման շրջան պիտի լինի՞, թե՞ ոչ: Եթե այո, ինչպիսի՞ն… Բազմաթիվ նման հարցեր են առաջ գալիս, նաև այն պատճառով, որ հետագա մտքերն են հակասության մեջ մտնում այդ հայտարարության հետ: Օրինակ, եթե «իրականությունն արտացոլող փաստաթուղթը» վավերացնելը մեր աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրություն է լինելու, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Խնդրեմ, երեկ արևմտյան ժողովրդավարության հայաստանյան ներկայացուցիցիչները (Եվրամիության արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը) հորդորել են մեր իշխանություններին գնալ այդ արկածախնդրությանը: Սրանք են ժողովրդավարության ժամանակակից մոդելը կրողները: Ի՞նչ, մենք նոր մոդե՞լ պիտի հնարենք:
Երկու մեծ մարդիկ դիպուկ (հատկապես մեր դեպքի համար) նկարագրել են ժողովրդավարությունը. Պլատոնն ասել է, որ ժողովրդավարության բնական շարունակությունը բռնապետությունն է: Անգլիացի փիլիսոփա Բերթրան Ռասելն էլ ասել է, որ ժողովրդավարությունը հիմարներին ընտրելու իրավունք է տալիս, իսկ դիկտատուրան՝ իշխելու:
Մենք անցման փուլում ենք: Մենք՝ ընտրող հիմարներս ժողովրդավարության պատրանքով ընտրյալ հիմարներին կարգեցինք մեզ իշխելու:
Վերևի հարցերս հռետորական են. ես չեմ հավատում ժողովրդավարությանը, համենայնդեպս՝ դրա ներկա դրսևորումներով: Բերնարդ Շոուն էլ լավ է նկարագրել այն. «Ժողովրդավարությունը գեղեցիկ օդապարիկ է քո գլխավերևում, ու մինչ դու հիացած նայում ես դրա վրա, ուրիշները մաքրազարդում են գրպաններդ:»