Ո՞րն է Ալցհայմերի հիվանդության ու դեմենցիայի տարբերությունը․ այս հարցը դիտարկվում է Միչիգանի համալսարանի Ալցհայմերի հիվանդության կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում։
Դա լավ հարց է, ասում է հոդվածի հեղինակը, քանի որ այդ տերմինները հաճախ են մեկը մյուսի փոխարեն գործածվում, թեև իրականում տարբեր իմաստ ունեն։ Կարճ ասած՝ դեմենցիան (թուլամտություն, տկարամտություն՝ խմբ․) լայն եզրույթ է, որն օգտագործվում է մի խումբ ախտանշաններ նկարագրելու համար։
Ինչպես հայտնի է, գլխուղեղում կատարվող փոփոխություններն ախտանշաններ են առաջացնում, որոնք բավականին լուրջ ազդեցություն են ունենում մարդու առօրյա կենսագործունեության վրա։
Կան մի շարք պատճառներ, որոնք կարող են դեմենցիա առաջացնել, և դեմենցիայի դեպքերի մոտ 75 տոկոսն էլ բաժին է ընկնում Ալցհայմերի հիվանդությանը, ահա թե ինչու են երբեմն այդ տերմինները որպես հոմանիշ օգտագործվում։
Կարդացեք նաև
Դիտարկենք դեմենցիայի և Ալցհայմերի հիվանդության տարբերությունը պատկերավոր կերպով
Պատկերացնենք, որ խոհանոցի սեղանին դրված է «մրգերով լի սկուտեղ», որը կանվանենք դեմենցիա։ Թեև սկուտեղում տարբեր տեսակի մրգեր կան, բայց իր քանակով գերակշռող միրգը, ասենք «բանանն» է առաջացնում Ալցհայմերի հիվանդություն։ Սկուտեղի մյուս «մրգերը» դեմենցիայի այլ տարատեսակներն ու պատճառներն են, որոնք այնքան էլ տարածված չեն, օրինակ՝ անոթային դեմենցիա, Լևիի մարմնի դեմենցիա, ճակատաքունքային դեմենցիա, կամ էլ շրջելի դեմենցիա, որի առաջացման պատճառները կարող են լինել միզուղիների ծանր ինֆեկցիաները կամ որոշ վիտամինների անբավարարությունը։
Ինչպես և քթից հոսքը ոչ թե կոնկրետ հիվանդություն կամ վիճակ է, այլ ախտանշան, որը կարող է առաջանալ շնչուղիների ինֆեկցիաների կամ երկար ժամանակ ցուրտ միջավայրում գտնվելու պատճառով, այնպես էլ դեմենցիան հատուկ հիվանդություն չէ, և կան բազմաթիվ պատճառներ, որոնք կարող են մարդու մոտ դեմենցիա զարգացնել, և դրանցից ամենատարածվածն էլ Ալցհայմերի հիվանդությունն է։
Ալցհայմերի հիվանդություն
Ալցհայմերի հիվանդությունն ախտահարում է մարդու գլխուղեղը, և այդ գործընթացը սկսվում է ախտանշանների ի հայտ գալուց մի քանի տարի առաջ։ Հիվանդության առաջին ախտանշանները թույլ են արտահայտվում՝ չխանգարելով մարդու առօրյա գործունեությանը, սակայն ի վերջո Ալցհայմերն այնպիսի հարված է հասցնում, որի պատճառով մարդու մոտ՝ դեմենցիա՝ թուլամտություն է զարգանում։
Չնայած Ալցհայմերի հիվանդության պատճառները լիովին հայտնի չեն, փորձագետները հիվանդությունը կապում են գեների մուտացիաների, մարդկանց գլխուղեղում բետա-ամիլոիդ կոչվող սպիտակուցի կուտակումների և տաու սպիտակուցից կազմված թելավոր կծիկների առկայության հետ: Ենթադրվում է, որ այդ կուտակումները վնասում են առողջ նեյրոնները և դրանք կապող նյարդաթելերը: Ներկա պահին Ալցհայմերի հիվանդության դեմ դեղամիջոց չկա, սակայն բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումն ու թեթևացնել ախտանշանները։
Դեմենցիա․ ախտանշանները
Դեմենցիայի տարատեսակները տարբերվում են նախնական ախտանշաններով։ Սակայն կան որոշ ընդհանուր նախանշաններ։
- Մոռացկոտություն (կարճաժամկետ հիշողության կորուստ),
- ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ,
- մոտիվացիայի, նախաձեռնողականության բացակայություն,
- տրամաբանության կամ վերացական մտածողության հետ կապված դժվարություններ,
- ապակողմնորոշվածություն և/կամ տարածական գիտակցության նվազում,
- անհրաժեշտ բառերը գտնելու հետ կապված դժվարություններ,
- տրամադրության փոփոխություններ (դեպրեսիա, անհանգստություն)
- վարքագծային խանգարումներ և այլն։
Հարաճուն դեմենցիա
Դեմենցայի տարբեր տեսակների դեպքում հիվանդությունը սովորաբար սկսվում է աննկատ՝ աստիճանաբար զարգանալով և առաջացնելով՝
- Լուրջ դժվարություններ նախաձեռնողականության, կենտրոնացման, հետևողականության ու բազմաբնույթ առաջադրանքների կատարման ունակությունների հետ կապված։
- Կարճաժամկետ հիշողության կորուստ, օրինակ՝ պացիենտը կարող է մոռանալ առօրյայում լայնորեն գործածվող բառերը, իր ծանոթների անուններն ու իրեն ծանոթ վայրերը, չտարբերակել սովորական առարկաները։
- Հիվանդության զարգացման ավելի ուշ փուլերում, սովորաբար, անգամ առօրյա գործունեությունը՝ ինքնուրույն լողանալը, հագնվելը կամ սնվելը, դառնում է շատ բարդ, երբեմն՝ անհնարին, դեմենցիայի ծանր դեպքերը ներառում են նաև խոսքի կորուստը, սեփական անձը նույնականացնելու անկարողությունը։
Իհարկե, կան նաև այլ ախտանշաններ, որոնք բժշկին թույլ են տալիս տարբերակել պացիենտի դեմենցիայի տեսակը։ Օրինակ՝ Լևիի մարմնի դեմենցիա ունեցող պացիենտը կարող է ունենալ հալյուցինացիաներ, շարժումների կաշկանդվածություն ու դանդաղկոտություն, դող, վատ երազներ և այլն։ Ճակատաքունքային դեմենցիայի դեպքում կարող է առաջանալ սոցիալական ու սեքսուալ անընդունելի վարքագիծ և ավելի շատ խնդիրներ անհատականության, վարքագծի ու խոսքի հետ կապված, քան Ալցհայմեր ունեցող մարդու մոտ։
Դեմենցիայի և դրա տեսակի ախտորոշումը բավականին բարդ է, կարող է ներառել մի շարք թեստեր ու հետազոտություններ, այդ թվում՝
- բժշկի կողմից հիվանդության պատմության և ախտանիշների գնահատում,
- ֆիզիկական բուժզննում,
- կոգնիտիվ ու նյարդաբանական սքրինինգ, դեպրեսիայի գնահատում,
- լաբորատոր անալիզներ (արյան),
- գլխուղեղի պատկերային հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ),
- նեյրոհոգեբանական թեստավորում և այլն։
Շատ կարևոր է դեմենցիայի առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես դիմել բժշկին և հետազոտվել։ Քանի որ այդ ախտանշանների առաջացման պատճառը կարող է շրջելի լինել, օրինակ՝ ինֆեկցիան, վիտամինային անբավարարությունը կամ դեպրեսիան։ Իսկ եթե մարդու մոտ բացահայտվի նեյրոդեգեներատիվ հիվանդություն, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է, հիվանդության վաղ ախտորոշումը կօգնի ընտրել ամենաարդյունավետ բուժումն ու միջամտությունը՝ թույլ տալով նաև պլանավորել նրա ապագան, սոցիալական խնամքը։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պարունակում է տեղեկություններ նաև այս աղբյուրից՝ Alzheimer’s Society