Վերջերս անդրադարձա ԱԺ աշխատակիցների դատական գործերին, ուր զարմանքով տեղեկացա, որ «ԱԺ աշխատակիցներն ընդդեմ ԱԺ-ի գործերով ԱԺ «պաշտպանությունը» ստանձնել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2012թ.-ին հիմնադրել են ներկայիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ գործող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը: Սա ինձ համար բացահայտում էր այն իմաստով, որ ԱԺ-ն ունի իրավաբանական վարչություն, որը դատական գործընթացներին, ՍԴ-ում, օրինակ, ներկայացնում է ԱԺ-ն» (25 մարտի. «Առավոտ», «ԱԺ աշխատակցին հասկանալի չէր, թե հրամանն ինչի կապակցությամբ է տրվել իրեն»): Ավելի զարմացա, երբ տեղեկացա, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչ Կարինե Հարությունյանն ընդդեմ Ազգային ժողովի նախագահի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի դատական գործընթացների մեջ է, ավելին՝ անցյալ տարվա օգոստոսի 5-ից օրինական ուժի մեջ է մտել վճիռը, որը մինչեւ օրս ԱԺ-ն չի կատարել:
Երեկ Կարինե Հարությունյանը «Առավոտում» էր: Նա ասաց, որ վարչական դատարան, քաղաքացիական դատարան է դիմել մի քանի հայցապահանջներով:
Կ. Հարությունյանը տեղեկացրեց, որ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է անվավեր ճանաչել 29.11.2018 թվականի 1370 հրամանը, ինչպես նաեւ պարտավորեցնել պատասխանող՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին վերականգնել իր պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց: 2019 թվականի մարտի 4-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ, իսկ մայիսի 2-ին նշանակվել էր նախնական դատական նիստը:
Ի դեպ, նա աշխատում է ԱԺ-ում այն ժամանակվանից, երբ իրավաբանական վարչության հիմքերը դրեցին երջանկահիշատակ իրավաբաններ Հենրիկ Խաչատրյանը, Վլադիմիր Նազարյանը: Աշխատել է 1990թ.-ից նախ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, ապա` 2006-ից՝ ԱԺ իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչ: 2018-ից՝ «Տեղեկատվական եւ վերլուծական վարչության վերլուծության եւ հետազոտության բաժնում», որպես «ավագ վերլուծաբան»:
Կարդացեք նաև
Ըստ Կ.Հարությունյանի, իրեն հանիրավի են ազատել աշխատանքից, իբր ատեստավորումից խուսափելու համար, այն դեպքում, երբ օրինակ, 29.06.2018 թվականին նախատեսված ատեստավորման մասին ծանուցվել է առանց համապատասխան հրամանի, հետաձգվել է։ Իսկ 27.09.2018 թվականին ատեստավորման անցկացման մասին նա ծանուցվել է մեկ շաբաթ առաջ՝ առանց համապատասխան հրամանի եւ վերապատրաստման, որով ըստ վերջինիս՝ խախտվել է ատեստավորման անցկացման մասին առնվազն մեկ ամիս առաջ ծանուցելու օրենսդրական պահանջը: Այդ ժամանակ, երբ ընդվզել է, նրան պատասխանել են՝ «լավ ենք անում», ինչի հետեւանքով վատացել է, կանչել են շտապօգնություն:
Ըստ նրա, բոլոր այն անձինք, ովքեր որոշակի պետական ծառայության պաշտոն չեն զբաղեցրել երեք տարուց ավելի ժամկետով, ենթակա չեն ատեստավորման։ Մինչդեռ, պատասխանող ԱԺ-ի գործողություններում նշված սկզբունքը եւս ուղղակիորեն խախտվել է։ Հայցվոր Հարությունյանին որոշվել է ատեստավորել այն պաշտոնին իր համապատասխանությունը որոշելու նպատակով, որը ենթադրում է այլ գործառույթների ու լիազորությունների շրջանակ։
Կ.Հարությունյանը դիմում է ներկայացրել նույն այս 27.09.2018 թվականին անցկացված ատեստավորման ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ, որը մնացել է անպատասխան։ Նկատենք, որ Կարինեին ազատել են աշխատանքից այն ժամանակ, երբ նա գտնվել է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, ինչը հաստատվում է դատարան ներկայացրած ժամանակավոր անաշխատունակության թերթիկով:
Բազմաթիվ խախտումներին հետեւել են այլ խախտումները, մասնավորապես, 22.11.2018 թվականի չվճարվող արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դիմումը մերժվել է, իսկ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու նպատակով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դիմումները մնացել են անպատասխան: Նա ԱԺ աշխատակազմի ղեկավարի 2018 թվականի 1370 հրամանով ազատվել է ԱԺ աշխատակազմի տեղեկատվական եւ վերլուծական վարչության հետազոտական եւ վերլուծական բաժնի ավագ վերլուծաբանի պաշտոնից:
Զրուցակիցս մեջ է բերում «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, համաձայն որի՝ պետական ծառայողի ատեստավորումը բնորոշում է որպես զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում։ Միաժամանակ, նույն օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով։ Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Այսինքն՝ «ատեստավորումը սերտ եւ անխզելի փոխկապակցվածության մեջ է գտնվում բացառապես պետական ծառայողի զբաղեցրած պաշտոնի, դրանից բխող հմտությունների եւ ունակությունների հետ։ Հետեւապես, ողջամտորեն անհնար է արտամրցութային կարգով նշանակվել բնույթով բոլորովին այլ գործառույթներ, իրավասություն եւ լիազորությունների շրջանակ ենթադրող պաշտոնում եւ ենթարկվել ատեստավորման նշանակումից կարճ ժամանակ անց»:
Ըստ Կ.Հարությունյանի, իր նկատմամբ խտրական եւ անարդար, օրենսդրական կարգավորմանն ուղղակիորեն հակասող գործելակերպի հետեւանքով ինքը զրկվել է սեփական մասնագիտական գործառույթները պատշաճ իրականացնելու լիազորությունից: Նա 2018 թվականի նոյեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 24-ը գտնվել է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, իսկ համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի 2-րդ պարբերության՝ պետական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը պետական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Պատասխանողը դատարան ներկայացված գրավոր դիրքորոշմամբ առարկել է հայցի դեմ՝ հայտնելով, որ պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի) մեկշաբաթյա ժամկետում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակելու աշխատակազմի այն պետական ծառայողին, որը բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները, համարվում է պետական ծառայության միեւնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է պետական ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն եւ այդ մասին տվել է գրավոր համաձայնություն։
Դատարանը Կարինե Հարությունյանի հայցը բավարարել էր մասնակի:
Անվավեր է ճանաչել ԱԺ 29.11.2018 թվականի 1370 հրամանը, վճռել է հօգուտ Կարինե Հարությունյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովից հօգուտ Կարինե Հարությունյանի բռնագանձել աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում Կարինե Հարությունյանի միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:
Կարինե Հարությունյանի հայցը՝ նախկին աշխատանքում վերականգնելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժել է: Ֆինանսների նխարարությունը ներգրավվել էր որպես երրորդ անձ:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր ժամը 16.00-ին նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմն ընդդեմ Կ.Հարությունյանի գործով դատական նիստ՝ «Իրավունքի չարաշահման հետեւանքով իրավունքը խախտող եւ իրավունքի խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջի մասին» հայցապահանջով: Սա այն կանխման գործողության մասին է, որը պիտի կատարի ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ ԱԺ-ից հատուցման գումարները գանձելու մասով:
Ըստ այս գործով պատասխանող Կ.Հարությունյանի դատարան ներկայացրած առարկությունների. «Հայցվորի կողմից վկայակոչված ենթադրյալ չարաշահումները տեղի են ունեցել 2018-ին, եւ քանի որ այն հնարավոր չէ որակել որպես տեւական գործողություն կամ տեւական անգործություն, ուստի գտնում եմ, որ մենք գործ ունենք հայցային վաղեմության հետ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.03.2023