Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Հայաստանում իրեն գնահատված չի համարում

Մարտ 30,2023 23:47

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը, որ դժգոհ է իր նվաճումների դիմաց ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերմունքից, ՖԲ իր էջում գրառում էր կատարել, որ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից։

Սակայն բռնցքամարտիկն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժարվում, չի հրաժարվում իր անունից, ազգանունից, չի հրաժարվում իր անձնագրից։ Այլ հրաժարվում է բռնցքամարտի քաղաքականությունից։ Իսկ գրառումը արել է նրա համար, որ 2022-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, սակայն Հայաստանում ԿԳՄՍ-ն եւ բռնցքամարտի ֆեդերացիան իրեն իր պատկերացմամբ պատշաճ չեն դիմավորել, չեն հրավիրել իրենց մոտ շնորհավորելու։ Եվ դա այն պարագայում, որ 13 տարի նման արդյունք չի եղել։ Նա այդ մասին գրառում կատարել է դեռեւս դեկտեմբերին։  «Քանի որ ես գնում եմ ուրիշ երկիր, Հայաստանի դրոշը բարձրացնում եմ օտար երկրում, ոտքի կանգնեցնում թուրքին, ադրբեջանցուն ու մարդկանց, որոնք Հայաստանի Հանրապետության տեղը չգիտեն, անունը չգիտեն, քանի որ ես հաղթում եմ նոկաուտներով ու նոկդաուններով ու  դրանով իմանում են Հայաստանի տեղը։ Մի խոսքով, ուզում եմ ասել, որ քանի որ ես եկա Հայաստանի Հանրապետություն, ինձ պատշաճ ձեւով չդիմավորեցին, իմ գրառումը դրա հետ էր կապված»,-ասել է մարզիկը։ Նրա պատմելով՝ իր այդ գրառումից հետո իրեն ընդունել են նախարարությունում, շնորհավորել, խոստումներ տվել, սակայն երբ եկել է խոստումները կատարելու օրը, ոչինչ էլ չեն արել՝ իրեն գցելով անհարմար իրավիճակների մեջ։

Բռնցքամարտիկը հաստատում է, որ Հայաստանում բարձր աշխատավարձ ստացել է, բայց հերքում է, որ ԿԳՄՍ-ից միանվագ մեծ պարգեւավճար է ստացել։ Նրա խոսքով, իրեն տված գումարի չափը, որ նշվում է նախարարության տարածած տեղեկատվություն, ներառում է նաեւ իր աշխատավարձը։

Էրիկ Իսրայելյանը առայժմ չի ցանկանում նշել, թե որ երկիր է պատրաստվում տեղափոխվել։ Միայն ասում է, անգամ մրցավայրից են ցանկացել իրեն տանել, սակայն մերժել է։ Հիմա արդեն Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու որոշումը վերջնական է։ Իսկ թե որ երկիրը կներկայացնի, կհայտարարի մոտ ժամանակներս։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․ Գ․ Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան քայլերը որակել էր շանտաժի միջոցով փող մուրալու միջոց:

«Ցավում եմ, որ Էրիկ Իսրայելյանը մանիպուլյացիոն գործողություններով փող մուրալու գործընթաց է իրականացնում: Անձամբ ես և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Էրիկի համար շատ բան ենք արել, այդ թվում և Եվրոպայի առաջնությունում նրա չեմպիոն դառնալու համար, ու եթե ինքն ու իր անձնական մարզիչը դրա մասին չեն բարձրաձայնում ու իրենց չեմպիոն դառնալը դրոշակ դարձրած միայն պահանջներ են ներկայացնում, դա ստորություն է:

Ընդ որում, Էրիկ Իսրայելյանը չեմպիոն դառնալուց հետո ինձ դիմել է ընտանեկան հարցերով օգնության համար, և ես տվել եմ այդ օգնությունը, հետո պարզել եմ, որ նա նման խնդրանքներով դիմել է նաև իմ ընկերներին ու մեր որոշ տիտղոսակիր մարզիկներին:

Նա իբր վատ ապրելու իր կարգավիճակը ուզվորություն անելու շարժառիթ է դարձրել ու անընդհատ փող է ուզում: Ես Եվրոպայի առաջնությունից հետո ցանկանում էի նրա հետ խոսել, բայց իմացա, որ նա ամոթը կորցրել ու իր կարիքները հոգալու համար փող է ուզել նույնիսկ Հունաստանի հավաքականի ներկայացուցչից, մինչդեռ Բուլղարիայում Եվրոպայի առաջնության ժամանակ, մեր թիմը ոչնչի կարիք չի ունեցել, այդ թվում՝ հավելյալ սննդի, անգամ՝ դեղորայքի: («Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է»,– ֆբ էջում գրել է Էրիկ Իսրայելյանը․–խմբ․):Այս և այլ բացասական երևույթներն իմանալով՝ ես չցանկացա խոսել ՝ համարելով դա անիմաստ:

Նա պարզապես անուղղելի կերպար է, և փորձում է շանտաժ ու մանիպուլյացիա անելով փող մուրալ և անհեթեթ պահանջներ ներկայացնել: Նա նշում է, որ կհրաժարվի Հայաստանը ներկայացնել, եթե իրեն փող չտան: Կարծում եմ՝ ոչ մի արժանապատիվ ու իր հայրենիքը իսկապես սիրող հայ նման հայտարարություն չէր անի: Էրիկը թող չմոռանա, որ ինքը դեռևս երիտասարդների չեմպիոն է, մինչդեռ շատ ավելի տիտղոսակիր մարզիկներ երբևէ իրենց թույլ չեն տվել նման պահանջատիրական հայտարարություններ անել: Փոխարենը նրանք աչքի են ընկել համեստությամբ, որը գնահատվել է, և նրանք իրենց արժանի պարգևները ստացել են: Վստահեցնում եմ, որ, անկախ ամեն ինչից, ֆեդերացիան Էրիկ Իսրայելյանի համար ավելին է արել, քան պետք էր: Դրա մասին գիտեն նաև բռնցքամարտի աշխարհի շատ այլ ներկայացուցիչներ»:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնավորապես ասել էր. «Պետության կողմից հասանելիք գումարներն ինքը ստացել է, քանի որ փոխանցումները կատարվել են բանկով և կտրոնները կան: Այդ գումարներն առձեռն չեն տրվել, այլ բանկի միջոցով: Արվել է ամեն ինչ: Արվել է ամենը, նույնիսկ շատ ավելին: Որպես մարդ էլ եմ օգնել` իմ անձնական կապերն օգտագործելով: Նա ուզում է գնալ երկրից և հավանական է, որ առաջարկ ունի: Հիմա փորձում է տուժածի կարգավիճակ ստանալ: Ուզում է կեղծիքի միջոցով տուժողի կարգավիճակ և ելքի վիզա ստանալ ու գնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031